ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՄԱՆՈՒԿ ՄԻՐԶԱՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ








Պարսիկ հարստահարիչների շարունակական թալանից ու ճնշումներից խույս տալով` Արարատյան նահանգի Կարբի գյուղից ստիպված արտագաղթում է վաճառական Մարտիրոս Միրզայանը: Բուրգաս քաղաքում նա ամուսնանում է մի ունևոր հայ վաճառականի աղջկա հետ, զբաղվում առևտրով, ապա բնակություն է հաստատում Ռուսչուկում: Կինն անզավակ մահանում է, և Մարտիրոսը նորից է ամուսնանում, այս անգամ՝ Ռուսչուկի հայ վաճառական Հանըմ օղլուի դուստր Մամիկի հետ, և 1769թ. ծնվում է Մանուկը: Մանուկ Մարտիրոսը Միրզայանը, որին վիճակված էր դառնալ խոշոր վաճառական, կալվածատեր, դիվանագետ, արժանանալ բեյի տիտղոսի, պարգևատրվել է շքանշաններով և անգնահատելի ծառայություններ մատուցել Ռուսաստանին:

Մինչև 12 տարեկանը Մանուկը հաճախում է ծննդավայրի դպրոց, ապա հայրը նրան ուղարկում է Յաշ՝ մի հայ վաճառականի մոտ առևտուր սովորելու: Չորս տարի անց՝ 1785-ին, հայրը նրան հետ է բերում և մի քանի տարի անց ամուսնացնում Ավետ անունով երևելի վաճառականի աղջկա հետ: Ճակատագրի հեգնանքով այս կինն իննամյա հիվանդությունից հետո անզավակ մահանում է, Մանուկը հոր նման երկրորդ անգամ է ամուսնանում և ունենում երկու տղա ու չորս աղջիկ:

Մանուկ Միրզայանը նշանավոր վաճառական էր, առևտրական գործերով այցելում էր բազմաթիվ քաղաքներ, այդ թվում և՝ Կ. Պոլիս, զբաղվում էր բամբակի առևտրով, Դռնովոյի մետաքսի առևտրի մենատերն էր, բազմաթիվ կալվածքներ ուներ Ռուսչուկում ու շրջակայքում, Վալաքիայում: Բացի այդ, ջերմ հարաբերություններ էր պահպանում Ռուսչուկի թուրք փաշաների հետ և հանդիսանում էր թուրքական զորաբանակի մատակարարը:

1802թ. Մ. Միրզայանը Վալաքիայի իշխանից ստացավ ազնվականի տիտղոս, 1806-ին նշանակվեց Ռուսչուկի գավառապետ Մուստաֆա փաշայի խորհրդական, իսկ 1808թ. թուրքական սուլթանի կողմից արժանացավ Մոլդովայի իշխանի կոչման և բեյի տիտղոսի: Այնպես որ, երբ 1806թ, սկսվեց ռուս-թուրքական պատերազմը՝ 27-ամյա Մ. Միրզայանն արդեն ազդեցիկ մարդ էր:

Պատերազմը հիմնովին փոխեց նրա ներաշխարհը. նա գիտակցում էր, որ հայերը և սլավոնական մյուս ժողովուրդները ապագա չունեն թուրքական գերիշխանության ներքո, այդ իսկ պատճառով որդեգրեց ռուսական կողմնորոշում և սկսեց գաղտնաբար նպաստել ռուսներին, ընդ որում՝ հենց ռազմական գործողությունները ծրագրելու և իրականացնելու հարցում:

Պատահական չէ, որ դեռևս պատերազմի թեժ ժամանակ Ալեքսանդր I կայսրը նրան այսպիսի բովանդակությամբ մի նամակ ուղարկեց. «Պարոն Մանուկ բեյ: Նվիրվածության և ջանադրության ձեր բազմաթիվ դրսևորումները, որոնց մասին Դունայի ափերին գտնվող իմ բանակի գլխավոր հրամանատարները զեկուցել են ինձ, իմ առանձնակի ուշադրությունն են սևեռել Ձեր հանդեպ: Դրանց ի գնահատումն, որպես պարգև և ձեր նկատմամբ բարեհաճության նշան, ողորմածաբար ձեզ շնորհում եմ սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշանի ասպետի տիտղոս, սույնով ուղարկում եմ շքանշանը, հրամայում այն ընդունել և կրել ըստ կարգի: Սանկտ-Պետերբուրգ, 20 մայիսի 1810 թվականի: Ալեքսանդր»:

Երբ 1812թ. մայիսին Բուխարեստում սկսվեցին ռուս-թուրքական հաշտության բանակցությունները, երկու կողմերի համաձայնությամբ Մանուկ բեյը դարձավ պաշտոնական միջնորդ: Եվ ամեն ջանք թափեց, որպեսզի… Ռուսաստանին անցներ Բեսարաբիան, ուր կվերաբնակվեին հայերն ու բուլղարացիները: Եթե ռուսական զենքի հաղթանակը իրավամբ վերապահվում է Մ. Ի. Կուտուզովին, ապա պատերազմական հաջողությունները խաղաղության դաշնագրով ամրագրելու դափնեպսակը պատկանում է Մանուկ Միրզայանին:

Վախենալով թուրքերի վրեժխնդրությունից` 1813թ. Մանուկ բեյն ընտանյոք տեղափոխվեց Տրանսիլվանիա և մեկ տարի ապրեց Հերմանշտադտ քաղաքում: 1814թ. հաստատվել է Քիշնևում, ընդունել ռուսահպատակություն, արժանացել գեներալի կոչման: Գնահատելով Մ. Միրզայանի ծառայությունները՝ Ալեքսանդր I-ը 1814թ. հոկտեմբերի 3-ին նրան շնորհել է իսկական պետական խորհրդականի աստիճան:

Մանուկ բեյը գաղափար հղացավ Բեսարաբիայում հիմնել նոր քաղաք, ուր բնակություն կհաստատեին ազգակից հայերը, ինչպես նաև իր ծանոթներն ու բարեկամները: Այդ խնդրանքով նա դիմեց ցարին և թույլտվություն ստացավ 1816-ին: Ընտրեց Հնչեշտ գյուղաքաղաքը (որն, ի դեպ, խորհրդային տարիներին վերանվանվեց Կոտովսկ՝ ի պատիվ ռուս ահաբեկչի):

… 1817թ. հունիսի 20-ին Մանուկ բեյը ձի հեծած սլանում էր Հնչեշտի իր կալվածքի դաշտերով: Նա գոհ էր, ուրախ ու երջանիկ, նա նպաստել էր Ռուսաստանին, նախնյաց վրեժը յուրովի լուծել և հիմք էր դրել մի քաղաքի, ուր կապրեին ազատ ու երջանիկ մարդիկ: Քիչ անց ձին ծառս եղավ ու կանգնեց, իսկ հեծյալն անշնչացած ընկավ կանաչ մարգագետնին: Մանուկ բեյը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից: Սիրտը չդիմացավ երջանկությանը…

Երկու օր անց նրա դին տեղափոխեցին Քիշնև, և կարբեցու 48-ամյա զավակ Մանուկ Մարտիրոսի Միրզայանի աճյունը հողին հանձնեցին հայոց եկեղեցու գավթում:
Մ. Միրզայանն այցելել է Հայաստան, ֆինանսական օժանդակություն ցույց տվել ինչպես Սբ. Էջմիածնին, այնպես էլ Մուշի, Երուսաղեմի և այլ վայրերի վանքերին: Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում հիմնել է Ռումինիայի առաջին հայկական դպրոցը (1817թ.):
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
3288 reads | 10.03.2014
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com