ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
Ալեքսանդր Աբգարը (1862, Կալկաթա-1914, Բենգալոր) դաստիարակվել է Անգլիայում, ապա տեղափոխվել Հնդկաստան և մեծ հանբավ ձեռք բերել առևտրի ու սպորտի բնագավառներում: Եղել է Կալկաթայի շերիֆը (դատավոր) և Առևտրական պալատի նախագահը: Անգլիայի թագավորի կողմից արժանացել է “սըր” տիտղոսի:
Ալ. Աբգարյանը Կալկաթայում Սիամի հյուպատոսն էր:
Ներսես խան Ներսեսյանը ծնվել է 1863թ., Թեհրանում և նախնական կրթությունն ստացել տեղի հայկական վարժարանում: Ապա ուսումնառությունը շարունակել է եվրոպական բուհերում, վերադարձել Թեհրան և զբաղվել վաճառականությամբ: 1888թ. տեղփոխվել է Լոնդոն և ընդլայնել առևտրական գործունեությունը: 1897թ. ընտրվել է Լոնդոնի “Ալյանս արմինըն” ընկերության նախագահ, 1900 թվականից բնակություն է հաստատել Փարիզում և երեք տարի ղեկավարել “Հայկական ընկերությունը” :
Ներսես խանը երկար տարիներ եղել է Պարսկաստանի հյուպատոսը Լոնդոնում ու Փարիզում:
Հայկազուն Թոփաքյանը (1864, Կեսարիա-1926, Նյու Յորք) բոլոր ժամանակների խոշորագույն հայ գորգավաճառներից էր, Ազատ որմնադիրների օթյակի անդամ:
Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Ավետիս Երիցյանի վարժարանում և Պարտիզակի բարձրագույն վարժարանում: Որոշ ժամանակ օգնել է վաճառական հորը, ապա տեղափոխվել ԱՄՆ, ուր 1888-ից զբաղվել է թուրքական, պարսկական ու հնդկական գորգերի առևտրով: Միացյալ Նահանգներում ճանաչվել է որպես թանկարժեք, ընտիր գորգերի ամենանշանավոր վաճառական: 1892-ին սեփական ծախքով կառուցել է Չիկագոյի միջազգային ցուցահանդեսի պարսկական ու թուրքական տաղավարները, որտեղ իր ներկայացրած բարձրարվեստ իրերի հավաքածուի համար արժանացել է 48 դիպլոմի ու մեդալի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Սթիվեն Քլիվլենդի պատվոգրին: 1907թ. Սպիտակ տանն է նվիրել 50 հազար դոլար արժողությամբ մի շքեղ գորգ, ինչի համար արժանացել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի անձնական շնորհակալանքին: 1910-ին, նախագահ Թաֆթի օրոք, Սպիտակ տանն է նվիրել ևս մի շքեղ գորգ, մեկն էլ՝ Չիկագոյի թանգարանին:
Նյու Յորքի արվարձանում ուներ մարմարաշեն մի վեհատեսիլ առանձնատուն, որ կոչում էին Պարսկական պալատ:
Հ. Թոփաքյանը պարսից կառավարության կողմից պարգևատրվել է “Շիր ի խուրշիդ”, թուրքական կառավարության կողմից՝ “Մեջիդիյե”, Վենեսուելայի կառավարության կողմից՝ “Պոստ դել Լիզուետոր” շքանշաններով:
Ադանայի ջարդից հետո ստանձնել է 28 հայ որբերի խնամքը:
1909-1923թթ. Նյու Յորքում եղել է Պարսկաստանի հյուպատոսը:
|