«ՁԵՌՔԵՐԴ ՎԵ՛Ր» ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան Ոչ վերբալ հաղորդակցության վերջին ուսումնասիրությունների արդյունքում ձեռքերի ակտիվ ժեստերը հիմնականում դասակարգվում են վերին, միջին և ցածր մակարդակների:
Վերին մակարդակի ժեստերը կատարվում են ձեռքերը վեր բարձրացնելու և անութները ցուցադրելու միջոցով, որոնք մարմնի խոցելի զոնա են համարվում: Նման ժեստը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդը համոզված է՝ դիմացինն իր նկատմամբ թշնամական մտադրություն չունի, վստահում է նրան: Երբ մարդը չի վախենում դիմացինից, տարածում է ձեռքերը, «բացվում է», կարծես ասում է. «Վստահիր ինձ, քանի որ ես էլ քեզ եմ վստահում»: ![]() Քաղտեխնոլոգները լավ գիտեն մարմնի լեզվի այս գաղտնիքները և խորհուրդ են տալիս նախագահական ընտրարշավի մասնակիցներին ձեռքերը բացառապես «աշխատեցնել» վերին մակարդակի վրա: Որպեսզի մարդը ձեռքերը վեր բարձրացնի, հարկ չկա դեմ տալ ատրճանակ ու հրամայել. «Ձեռքերդ վե՛ր»: Օգնեք նրան իրեն զգալ երջանիկ, և նա այդ ժեստը կանի հոժարակամ, ինքնաբերաբար: Հիշեք, թե հաղթանակած մարզիկներն ինչպես են ափերը զարնում իրար գլխից վեր: Իսկ երբ սիրած թիմը գոլ է խփում, երկրպագուները ձեռքերը վեր են բարձրացնում` ի նշան հաղթանակի: Բրազիլիայում, Բելիզում, Բելգիայում, Բոտսվանայում և շատ այլ երկրներում, այդ թվում Հայաստանում, սա ունիվերսալ ժեստ է, որն արտահայտում է ուրախություն և բարձր տրամադրություն: Հիշենք Երևանի Ազատության հրապարակը արցախյան շարժման տարիներին, երբ հարյուրհազարավոր մարդկանց ազգային զգացումների և հույզերի պերճախոս վկայություն առաջին հերթին նրանց վեր պարզած ձեռքերն էին: Այժմ տեսնենք մեդալի հակառակ երեսը: Նախորդ զրույցներում, երբ խոսում էինք մարդկանց պոզայի մասին, տեսանք, որ որոշ հանգամանքներում չնկատվելու և աչքի չընկնելու համար նրանք կծկվում են, փոքրանում, ասես փորձում են դառնալ անտեսանելի և անէանալ շրջապատի աչքի առաջ: Նրանց ձեռքերն ունեն «թաքնվելու հատկություն», երբ նրանք չեն շարժվում, պասիվ են, գրավում են փոքր տարածություն: Սուպերմարկետների անվտանգության ծառայողներն անմիջապես նկատում են նման գնորդներին, հետևում և բռնում են գողության անելիս: Միջին մակարդակի ժեստերը համարվում են չեզոք: Դրանց մասնակցում են միայն ձեռքերը` մինչև նախաբազուկը, իսկ ուսերը մնում են անշարժ` կատարելով պաշտպանական գործառույթ: ![]() Երբ մարդիկ վիճում են, նրանք շարժում են ցուցամատը: Իսկ եթե դրան ավելանում է ինչ-որ մեկին մատնացույց անելը` ցածր, ազդրի կամ ծնկի մակարդակով, համարվում է վիրավորական, անգամ` ստորացնող ժեստ: Հրապարակային ելույթների ժամանակ փորձված հռետորները խուսափում են ցածր մակարդակի ժեստերից: Ապացուցված է, որ երբ երկրի ղեկավարը խոսում է հարկերի բարձրացման մասին և միաժամանակ շարժում է ձախ ձեռքը ծնկի մակարդակով, նա կորցնում է իր համակիրների 10%-ից ավելին: Եթե ձեր բարեկամներից մեկը հայտնում է, որ ամուսնանում է և այդ միջոցին տրտում հայացքով նայում է գետնին ու միաժամանակ ձեռքը շարժում է ցածր մակարդակի վրա, դուք մտածում եք` «սեփական կամքո՞վ է ամուսնանում, թե՞ ստիպված: Հարցը միայն ցածր մակարդակի ժեստիկուլյացիան չէ: Ընդհանրապես, հռետորը կամ զրուցակիցը շատ բան են կորցնում, երբ նրանց խոսքը և ժեստը չեն համապատասխանում իրար, կամ բացակայում է ոչ վերբալ հաղորդակցության այդ հիմնական բաղադրիչներից մեկնումեկը: Եթե մարդը խոսում է առանց ժեստիկուլյացիայի կամ ընդունում է քարե դեմք` զուրկ որևէ դիմախաղից, նրա հաղորդակցությունը դատապարտված է ձախողման: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2265 reads | 21.05.2013
| |