ՄԵԿ ՇՈՒՆՉ, ՄԵԿ ՄԱՐՄԻՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՆՄԱՆՎՈՒՄ ԻՐԱՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Մարդաբանների, ֆիզիոլոգների, սոցիոլոգների և հոգեբանների ուշադրության կենտրոնում է ամուսինների հարաբերություններում հայելու արտացոլման և նմանակման երևույթը: 

Այս խնդրին անդրադառնում է Աստվածաշունչը` համարելով, որ այր ու կին մի մարմին են: «Դրա համար տղամարդն իր հորն ու մորը պիտի թողնի և կնոջ հետևից գնա, և երկուսը մեկ մարմին պետք է լինեն»: 

Անժխտելի փաստ է, որ երկար տարիներ միասին ապրող ամուսիններն սկսում են արտաքնապես նմանվել իրար, եթե անգամ ֆիզիկապես տարբեր են: Սա հետևանք է այն բանի, որ նրանք մշտապես նմանակում են իրար, եթե կուզեք, անգամ կապկում են մեկմեկու: Հատկապես դա նկատելի է նրանց դիմախաղում: Ժամանակի ընթացքում ամուսինների դեմքի մկաններն ընդօրինակում են սովորություն դարձած դիմախաղը և ամուր մտապահում այն: Արդյունքում արտաքնապես նմանվում են նրանց դիմագծերը:

(Բայց ինձ համար հանելուկ է, թե ինչի հետ է կապված այն, որ կենդանիներն են նմանվում տերերին, հատկապես` շները: Թերևս, սա միմիկրիայի (mimicry) տարատեսակներից մեկն է, երբ կենդանիներն ընդունում են բուսական ու կենդանական աշխարհների ձևերը, գույները, անգամ հոտը` պաշտպանվելու և գոյատևելու համար):

Ամուսինների նմանությունը դիմագծերով և դիմախաղով չի սահմանափակվում: Նույնանում են նրանց ժեստերը, քայլվածքը, կեցվածքը և ոչ վերբալ հաղորդակցության մյուս բոլոր բաղադրիչները:

Նրանք դառնում են «մեկ շունչ, մեկ մարմին»: Տարիների ընթացքում նմանակումը կարող է հանգեցնել ինցեստի` արյունապղծության սինդրոմի, երբ ամուսիններն սկսում են իրար վերաբերվել ինչպես արյունակից հարազատների (հայր-դուստր, մայր-տղա, քույր-եղբայր):

Ամուսինների արտաքնապես նմանությունը հաճախ տարածվում է նրանց մտածելակերպի, հայացքների, սկզբունքների և աշխարհայացքի վրա: Նրանք կարող են մտածել, ապրել և գործել նույնկերպ, լրացնել մեկմեկու: Այդպիսին էր, օրինակ, Չեխովի հանրահայտ Դուշեչկայի հերոսուհի Օլենկան, որը դառնում էր իր հերթական ամուսնու գործերի և գաղափարների նվիրյալն ու արտահայտիչը:

Իսկ երբ զույգերի բնավորությունը մնում է ասիմետրիկ, այսինքն բնավորությունների համահարթեցում տեղի չի ունենում, նրանցից մեկը «գլուխ է բարձրացնում», և ընտանիքում սկսում է գերակայել ուժեղ անհատականությունը:

Եթե ամուսինն ունի ուժեղ բարոյակամային հատկություններ, կարծես թե նորմալ է դիտվում: Իսկ երբ հակառակն է, նա, ինչպես ժողովուրդն է ասում, «ընկնում է կնոջ կրունկի տակ»: Վերջին հաշվով` սա ընտանիքի գործն է:

Սակայն եթե խնդրին մոտենալու լինենք հասարակական և պետական չափանիշներով, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում, երբ ղեկավար ամուսնինն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է կողակցի հետ:

Ամերիկացի հայտնի գրող Բիրսն ասում է. «Թագուհին այն կինն է, որը կառավարում է թագավորի ներկայությամբ, 
Թագուհին այն կինն է, որը կառավարում է, երբ նաև բացակայում է թագավորը»:

Բիրսը հավանաբար նկատի է ունեցել մադամ Պոմպադուրին, որը, չլինելով անգամ Լյուդովիկոս XV-ի օրինական կինը, 18 տարի փաստացի կառավարեց Ֆրանսիան:

Ժամանակները փոխվել են, կինը` ոչ: Այսօր էլ իրենց ամուսիններից ուժեղ կանայք միշտ էլ առաջին ջութակի դեր են խաղում ամուսինների ղեկավարած կառույցներում` շատ հաճախ ստեղծելով լուրջ դժվարություններ այնտեղ աշխատող տարբեր մարդկանց, երբեմն` նաև ողջ կոլեկտիվի համար:

Անդրեյ Գրոմիկոն` XX դարի խոշորագույն դիվանագետներից մեկը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության գրեթե 30 տարվա միահեծան ղեկավարը, կնոջ` Լիդիա Դմիտրևնայի հետ հարաբերություններում դառնում էր հլու պատանի: Սմոլենսկայա հրապարակի բարձրահարկում կադրային շատ հարցեր լուծվում էին այդ կնոջ քմահաճույքով` այստեղից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:

Ընդհանրապես, դիվանագիտության մեջ ղեկավարի կնոջ տիրակալական նկրտումները դառնում են լուրջ խանգարիչ հանգամանք հատկապես արտասահմանյան գործուղումների ժամանակ, երբ դիվանագետները ապրում և աշխատում են փակ տարածքում (դեսպանություն, հյուպատոսություն, ներկայացուցչություն):

Հայաստանը բացառություն չէ:

Դիվանագիտական աշխարհում կնոջ գերակայությունն ամուսնու վրա ոչինչ է այն բանի համեմատությամբ, երբ երկրի ղեկավարն է դառնում կնոջ կամքի հլու կամակատարի:

Այսպես, կանգնելով հզորագույն Խորհրդային կայսրության ղեկին, Միխաիլ Գորբաչովը ոչ մի որոշում չէր կայացնում առանց կնոջ` Ռաիսա Մաքսիմովնայի խորհրդի: Նրա օրոք երկրում փաստորեն գործում էր երկու Պոլիտբյուրո, մեկը` Կրեմլում, մյուսը՝ տանը: Սկսած բարդ միջազգային խնդիրներից մինչև դիվանագիտական արարողակարգային միջոցառումները չէին լուծվում առանց առաջին լեդիի որոշման: Օրինակ, նա պահանջում էր, որ ի խախտումն ընդունված ցերեմոնիալի, նստի ամուսնու կողքին, խոսի ամուսնու փոխարեն, պատասխանի հարցերին և այլն: Ռաիսայի խորհրդով նա առանցքային պաշտոններում նշանակեց մարդկանց, որոնք էլ 1991 թվականին կազմակերպեցին օգոստոսյան պուտչը, ինչը ազդարարեց ԽՍՀՄ շուտափույթ կործանումը:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
3941 reads | 28.10.2013
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com