III. ՀՈՄԵՐՈՍԻ ՈԴԻՍԵՎՍԸ` ԽՈՍՔԻ ՎԱՐՊԵՏ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
 
Խոսքի նշանակությանն առաջին անդրադարձողներից է Հոմերոսը: Նա մարդկային շփումն անվանել է ‹‹գերագույն հաճույք››: ‹‹Իլիականում›› հատուկ տեղ է հատկացված Ոդիսևսի հռետորական և դիվանագիտական արվեստին: 

Հիշենք դեպքերի զարգացումը: Աքիլլեսի ծնողների հարսանիքի ժամանակ տեղի է ունենում արարողակարգի կոպիտ խախտում. հրավիրվածների մեջ չկար ծիածանի աստվածուհի Իրիսը: Վիրավորված կնոջ վրեժխնդրությունը դաժան է, մանավանդ` անտիկ աշխարհի կնոջ վրեժը: Նա դիմում է սադրիչ քայլի. հարսանքավորների մեջ նետում է ոսկե խնձոր` ‹‹Ամենագեղեցիկին›› մակագրությամբ: Երեք գեղեցկուհի աստվածուհիներ` իմացության աստվածուհի Աթենաս Պալլասը, ‹‹շեֆի››` Զևսի կինը` Հերան, և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն գրեթե իրար մազ են փետում: 
 
Այստեղից էլ` ‹‹կռվախնձոր›› թևավոր խոսքը: 

Այնժամ Զևսը վերցնում և նրանց գործուղում է Տրոյայի թագաժառանգ Պարիսի մոտ, որպեսզի նա որոշի, թե ում է պատկանում տիտղոսը: Ուղեկցող էլ նշանակում է Հերմեսին: Գայլը պահապան` գառներին: Աֆրոդիտեի հինգ երեխաներից մեկը այդ ճամփորդության արդյունքն է: 

Հերան Պարիսին առաջարկում է հարստություն և իշխանություն, Աթենաս Պալլասը` իմաստություն և ռազմական փառք, իսկ խորամանկ Աֆրոդիտեն Պարիսին խոստանում է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը: Նրանք գալիս են Սպարտա, որտեղ էլ տեղի է ունենում անտիկ աշխարհի կնոջ ամենասկանդալային փախուստը: Մենելավոս թագավորի կինը` Հեղինեն փախչում է Տրոյա: (Պատմահայր Հերոդոտոսն այդ և այլ օրինակներով այն եզրակացության է հանգում, որ ոչ մի կնոջ էլ չեն փախցնում, այլ իրենք են փախչում սրա-նրա հետ): 

Հելլադան պատերազմ է հայտարարում Տրոյային: Սակայն պատերազմական գործողություններին նախորդում են դիվանագիտական դեմարշներ: Մենելավոսի խոսքը տեղի պատգամավորների վրա առանձին տպավորություն չի թողնում: Իսկ Ոդիսևսի ելույթը Հոմերոսը ներկայացնում է որպես հռետորական-դիվանագիտական արվեստի փայլուն օրինակ: Ոդիսևսը նախ օգտվում է խոսքի ‹‹ինքնանվաստացման››, ‹‹ինքնափոքրացման›› մեթոդից, հետո ներկաների աչքի առաջ տեղի է ունենում զարմանալի փոփոխություն: Ոդիսևսը կարծես կերպարանափոխվում է. մեջքը շտկվում է, դեմքը` պայծառանում, ձայնը հնչում է ինչպես երկնային որոտ, խոսքերը փայլում են որպես կայծակ: 

Ճիշտ է, Ոդիսևին չի հաջողվում համոզել Պարիսին` վերադարձնել Հեղինեին, հետևաբար` խուսափել 10-ամյա արյունալի պատերազմից, սակայն նրա` բանակցային արվեստի ‹‹ինքնանվաստացումից›› միանգամայն այլ որակի անցնելու հնարքը` տրյուկը, հետագայում օգտագործում են շատ անվանի հռետորներ ու դիվանագետներ: 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
3841 reads | 17.06.2014
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com