ԶՐՈՒՅՑԸ` ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԹԱԳԱԿԻՐ
![]() Այժմ մենք կփորձենք ներկայացնել հաղորդակցության, թերևս, ամենակարևոր միջոցը` զրույցը, որը կարող է լինել ամուսինների, սիրեցյալների և ընկերների միջև, պաշտոնական անձանց հանդիպումների ժամանակ կամ պետության ղեկավարների գագաթնաժողովում: Ինչ ձևի և բովանդակության էլ լինի զրույցը` մտերիմ, թե սառը, բարեկամական, թե թշնամական, այն հանդիսանում է շփումների և հանդիպումների անփոխարինելի, առանցքային գործիքը: Չկա զրույց` չկա դիվանագիտություն: Սա անվերապահ` աքսիոմատիկ ճշմարտություն է: Եթե չլինի կենդանի հաղորդակցություն, չի լինի նաև ինֆորմացիայի ձեռքբերում, որը դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկն է: Զրույցը բանակցային դիվանագիտության նախերգանքն է, դրա հաջողության առաջին գրավականը: Ես սա ասում եմ այն կապակցությամբ, որ տեխնիկայի և տեխնոլոգիաների բուռն զարգացման, համացանցի ու էլեկտրոնիկայի առկայության պայմաններում, հատկապես երիտասարդ դիվանագետների շրջանում ձևավորվում է մտայնություն, թե դիվանագիտական զրույցը կորցնում է իր նշանակությունը, դառնում ժամանակավրեպ: Սա հիմքում սխալ մտայնություն է, որը բազմիցս է ապացուցվել: ![]() Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին, երբ Մոսկվայի վրա մահացու վտանգ էր կախված, խորհրդային լեգենդար հետախույզ Ռիխարդ Զորգեն Տոկիոյից հաղորդեց, որ Գերմանիայի դաշնակից Ճապոնիան չի հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա, որը հնարավորություն ընձեռեց խորհրդային կողմին «թարմ» դիվիզիաներ Սիբիրից տեղափոխել Արևմուտք և կասեցնել գերմանական հարձակումը Մոսկվայի վրա: Մեկ ուրիշ` մեզ ավելի մոտ օրինակ: Նույն պատերազմի վճռական պահին, երբ որոշվում էր Ստալինգրադի ճակատագիրը, Ստալինն իր մոտ է հրավիրում Անկարայում դեսպան Սերգեյ Վինոգրադովին և շեշտակի հարց տալիս. «Թուրքիան Գերմանիայի կողմից կմտնի՞ պատերազմի մեջ, թե՞ ոչ»: Թուրքական զորքերը, որոնք տեղակայված էին Երևանից մի քանի տասնյակ կիլոմետրի վրա, սպասում էին Ստալինգրադյան ճակատամարտի ելքին` Հայաստանի տարածքով Խորհրդային Միության վրա հարձակվելու համար: Կարելի է պատկերացնել, թե ինչ ահռելի պատասխանատվություն է իր վրա վերցրել դեսպանը, երբ միանշանակ պատասխանել է, որ թուրքերի կողմից հարձակում չի լինի: Նման պատասխանը հնարավոր էր միայն ստույգ ինֆորմացիա ունենալու դեպքում: ![]() Իսկ 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմի օրերին, Բաքուն ծրագրում էր ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ: Թուրքիայի ռազմական հետախուզությունն զգուշացնում է Ադրբեջանին հրաժարվել նման ձեռնարկից, քանի որ, ըստ իր տեղեկությունների, դեպքերի նման զարգացման պարագայում Ադրբեջանը «գործ կունենա Ռուսաստանի հետ»:
Հարկ կա՞ արդյոք նշելու, որ նշված բոլոր դեպքերում ինֆորմացիայի աղբյուրներ եղել են ոչ թե լրատվական կամ էլեկտրոնային միջոցները, այլ` գաղտնապահական` կոնֆիդենցիալ կենդանի զրույցները: Նման օրինակները բազմաթիվ են: Շարունակելի… | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
5301 reads | 15.05.2014
| |