ՀԻՆԳ ԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՏԻՄ ՏԱՐԱԾՔԸ ԿՈՐՑՐԱԾՆԵՐԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() 1. Չխոսել ոչ ոքի, անգամ ծանոթի հետ: 2. Խուսափել տեսողական կոնտակտից: 3. Չցուցադրել որևէ էմոցիա, դեմքին հաղորդել անտարբեր-անկենդան արտահայտություն: 4. Ձևացնել, որ խորասուզված է ընթերցանության մեջ: (Այս սցենարը բացառվում է հայկական իրականությունում` տրանսպորտում չկարդալու պատճառով): 5. Ուշադիր հետևել, թե ինչպես են փոխվում հարկերի համարները: Սահմանափակ տարածքի վրա ուղևորների գերխտությունը հատկապես ֆրուստրացնում է հասարակական տրանսպորտից օգտվողներին: Համոզվելու համար խոսեցրեք երթուղային տաքսիից իջնող երևանցուն, որի փչացած տրամադրությունն ապահովված է ամբողջ օրվա ընթացքում: Մարդիկ անձնական գոտու համար պայքարում են ենթագիտակցական մակարդակով: Հետևեք, թե կինոցուցադրման կամ թատերական ներկայացման ժամանակ մարդն ինչ ջանասիրությամբ է աշխատեցնում արմուկները կողքի նստած անծանոթներից` բազկաթոռի արմնկակալի մի քանի սանտիմետր խլելու համար: Հավանաբար դուք նկատած կլինեք, որ երբ մարդը մտնում է ընդունարան, որտեղ ընդամենը մեկ այցելու կա, նրա կողքը չի նստում, այլ տեղ է գրավում դատարկ շարքի վերջին աթոռին: Հաջորդ այցելուն դիրքեր է գրավում, ոչ թե նրանցից մեկնումեկի կողքին, այլ նստում է նրանց մեջտեղը: Բոլոր ներս մտնողները վարվում են նույն կերպ. նրանք նստում են տարածության ճիշտ «մեջտեղում», միայն թե չհայտնվեն որևէ մեկի կողքին: Մինչև որ վերջին այցելուն` չգտնելով երկու կողմից ազատ աթոռ, նստում է երկու անձանց միջև: Նույն կերպ մարդիկ վարվում են կինոթատրոնում, տղամարդկանց հասարակական զուգարանում, ինքնաթիռում, ավտոբուսում: Գործողության այս ձևը խոսում է այն մասին, որ մենք ուր էլ որ գնալու լինենք, մեզ հետ «տանում ենք» մեր ինտիմ կամ անձնական տարածքը: Գոտու սահմանների բացակայությունը բացասական է ազդում նյարդային համակարգի վրա, բարոյալքում է մարդուն: Սա քաջ գիտեն քննիչները, որոնք հարցաքննության ժամանակ կասկածյալին նստեցնում են սենյակի մեջտեղում, առանց որևէ պատնեշի, ասես «ափի մեջ»: Եվ ընդհակառակը, դատապարտվածին լրիվ զրկում են և անձնական գոտուց և «օդային ծածկույթից»` տեղավորելով նրան ընդհանուր բանտախցում, ինչը շատ արագ քայքայում է մարդուն բարոյապես և ֆիզիկապես (դեգրադացիա): Անձնական գոտու նրբությունների իմացությունը հնարավորություն է ընձեռում որոշել մարդու «խարակտերը» և հասկանալ նրա հոգեկան վիճակը` անգամ հետևելով վերջինիս վարքագծին ճաշի սեղանի շուրջը: Ագրեսիվ, նյարդային, էգոիստ և նարցիսատիպ անձնավորությունը ձգտում է որքան հնարավոր է շատ տարածք զավթել իրեն հատկացված տեղում. արմուկներով տարածվում է սեղանին, աղի և պղպեղի սպասքը հրում է զուգընկերոջ կողմը, անձնական իրերը` հեռախոս, ակնոց, սիգարեթի տուփ, կրակվառիչ, հնարավորինս հեռացնում է իրենից, մտնելով զրուցակցի գոտին: Դիմացինը՝ նեղվելով նման ճնշումից աստիճանաբար զիջում է իր տարածքը, իսկ վատագույն դեպքում ընդհատում է հաղորդակցությունը: Բոլորովին այլ է պատկերը, երբ գոտին խախտվում է ավտովարորդների միջև: Նախ` մեքենան մեծացնում է մարդու անձնական տարածքը 10 անգամ և վարորդը հաշվում է, որ իր գոտին ևս ավելացել է 8-10 մետրով` ավտոմեքենայի առջևում և հետևում: Իսկ երբ մի այլ ավտոմեքենա հայտնվում է նրա առջևում, ապա մեր վարորդի հետ կատարվում է հոգեբանական կտրուկ փոփոխություն: Նա խիստ բարկանում է, անգամ կարող է անցնել ագրեսիվ գործողությունների: Սա կոչվում է «ճանապարհային կատաղություն», որի պատճառը կրկին անձնական գոտու, այս դեպքում կարծեցյալ գոտու, կորուստն է: «Կատաղության» նման դրսևորումների ամեն օր կարող եք ականատես լինել Երևանի փողոցներում: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
4030 reads | 27.02.2013
|