ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՇԱՐՔԻՑ` ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
Հաղորդակցության ձևերը շատ են` ժողովրդական շարժումներ, գաղթեր, հեղափոխություններ, պատերազմներ, բանակցություններ, հեռախոսային խոսակցություններ, զրույցներ և այլն: 

Յուրաքանչյուր հաղորդակցություն իր նպատակն ունի, իր ձևն ու բովանդակությունը: Հաղորդակցության ամենատարածված ձևերից մեկը բանակցություն է: 

Մինչև XVII դարը դիվանագիտությունը հաճախ կոչվում էր բանակցություն: 

Բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը, կարդինալ Արման Ռեշիլյեն ‹‹բանակցություններ›› բառին («negotiations»), ավելացնում էր ‹‹մշտական›› ածականը (‹‹permanents››): ‹‹Մշտական բանակցություններ›› (‹‹Les negotiations permanentes››):  
Կարդինալը գտնում էր, որ բանակցել` այսինքն հաղորդակցվել պետք է անգամ եթե պետությունները պատերազմական վիճակում են: Ռիշելյեի այս կարևոր հայտնությունն այսօր էլ չի կորցրել իր կարևորությունը: 

Եվ միայն, 1648 թվականին, 30-այա պատերազմից հետո, երբ ստորագրվեց Վեստֆալյան պայմանագիրը, և պետությունները ճանաչվեցին անկախ, միջազգային իրավունքի սուբյեկտ, բանակցություններն անվանվեցին դիվանագիտություն: 

Բանակցության դրույթներն ամրագրվեցին Վիեննայի ռեգլամենտում 1815 թվականին և վերջնական օրենքի ուժ ստացան 1961 թվականին ընդունված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում: 

Պատմության էջերից.
Բանակցությունը նույնքան հին է, որքան մարդկությունը: Նրանք երկվորյակներ են: Երբ առաջին անգամ նախամարդն ընդունեց հարևան ցեղի նախամարդին և ազդանշան տվեց նրան չուտել և շփվել հետը` սկիզբ դրվեց բանակցային գործընթացին: 

Նախամարդիկ սկսեցին բանակցել որսատեղերի, գերիների փոխանակման և զինադադարի շուրջ: Դա բանակցությունների պարզունակ, վուլգար տարբերակն էր, սակայն պարունակում էր բանակցության ամենակարևոր պայմանի սաղմնային ձևը: 

Ես նկատի ունեմ անձեռնամխելիության կարգավիճակը, որը հետագայում կոչվելու էր դիվանագիտական իմունիտետ: 

Սա մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկն էր: Եթե այն չլիներ, դժվար է ասել, թե մենք այստեղ հասած կլինեի՞նք, թե՞ ոչ:

Դիվանագիտական բանակցությունը հելլենների գյուտն է:

Բանակցային գործընթացը նոր որակ և բովանդակություն ստացավ Հին Հունաստանում: Նախ` նախամարդու հայտնաբերած իմունիտետը դարձավ ինստիտուցիոնալ, բանակցության անկաքտելի բաղադրիչ:

Հետո բանակցային արվեստն ապրեց վերելք: V դարում Հելլադան հասավ իր ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային փառքի գագաթնակետին: Հելլադայի կայսրության մեջ հաշվվում էին 500-ից ավելի պոլիս-քաղաքներ, որոնց միջև աշխույժ բանակցություններ էին ընթանում բոլոր հարցերի շուրջ` դեմոկրատական ոգով և բովանդակությամբ, մասնավորապես, դեմոկրատիայի հայր Պերիկլեսի օրոք: Աթենքը բանակցում էր մեծամասամբ հավասարը հավասարի սկզբունքներով:

Հերոդոտոսի, Պլուտարքոսի, Արիստոտելի, Պլատոնի և մյուս մեծերի երկերում մենք գտնում ենք բանակցային արվեստի նմուշներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: Դրանցում մասնավորապես նշվում են բանակցային փուլերը:

Այսօր էլ բանակցությունների կառուցվածքը նույն է, ինչն անտիկ ժամանակներում էր. 
ա/ բանակցային կողմի մասին ինֆորմացիայի նախնական հայթայթում, 
բ/ բանակցությունների նախնական խաղարկում, 
գ/բուն բանակցություններ, 
դ/հետբանակցային վերլուծություն:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
5187 reads | 14.02.2014
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com