
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
Մարդու տարածքը, որը մենք կանվանենք անձնական գոտի, հայտնագործել է ամերիկյան հայտնի մարդաբան Էդուարդ Հոլը, անցյալ դարի 50-ական թվականների վերջին: Նա գիտական շրջանառության մեջ է դրել նաև անձի‹‹օդային ծածկույթ››եզրույթը: Սա անձնական գոտուց ավելի փոքր է: Է. Հոլլի տեսությունը, որը կոչվում է ‹‹պրոքսիմիկա›› (անգլերեն ‹‹proximity››-‹‹մոտիկություն››) նոր լույս է սփռում ոչ վերբալ հաղորդակցության վրա:
Հոլի պրոքսիմիկան մարդու տարածքը բաժանում է չորս գոտու:
- Ինտիմ գոտի-15-45 սանտիմետր: Այս գոտուց ներս մտնում են ծնողները, արյունակից ազգականները և ընտանեկան կենդանիները: Ինտիմ գոտին ունի 15 սանտիմետրանոց ենթագոտի, որն անցնում են միայն ամուսիններն ու սիրեցյալները ինտիմ ֆիզիկական հարաբերությունների ժամանակ:
- Անձնական գոտի-46-122 սանտիմետր: Այս տարածությունը պահում են պաշտոնական հանդիպումների, բանակցությունների, երեկոների ժամանակ:
- Սոցիալական գոտի-122-360 սանտիմետր: Տարածություն անծանոթ մարդկանց հետ շփվելու համար:
- Հասարակական գոտի-360 սանտիմետր և ավելի: Կիրառվում է ելույթների, դասախոսությունների, ժողովների ժամանակ: Մոտավորապես այս հեռավորությունն էսահմանված բանախոսի ևունկնդիրների միջև:
Ազգությունից` ազգություն մարդկանց անձնական գոտիների չափերը տարբերվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկադինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար ընդունելի է, որ դրանք առնվազն կես մետրից պակաս չլինեն: Այդ երկրների բնակիչները չեն սիրում ‹‹մոտիկ խոսողներին›› (‹‹close talker››): Իսկ իտալացիների, իսպանացիների, լատինամերիկացիների, ասիացիների և ճապոնացիների անձնական գոտին հասնում է մինչև 25 սանտիմետրի: Երբեմն ավելի պակաս: Խոսելիս վիետնամացին, ինչպես ասում են, ‹‹մտնում է մարդու քիթը››: Ուշադիր դիտողը միջազգային հանդիպումների ժամանակ կարող է ականատես լինել զավեշտական տեսարանների: Ասիացի և եվրոպացի դիվանագետների զրույցի ընթացքում առաջինն անընդհատ ‹‹գրոհում է››, իսկ երկրորդը` ‹‹նահանջում››: Պարում են տանգո: Ընդ որում, առաջատարն ասիացին է: Թերևս, սա է պատճառը, որ ամերիկացիները և եվրոպացիները ասիացիներին համարում են կպչուն և անտակտ, իսկ վերջիններս առաջիններին`
անբարտավան և սնապարծ (Նկար գ/):
Մարդու գոտու չափերը որոշակի առումով կախված են երկիրը բնակեցնողների թվից և մշակութային միջավայրից: Ճապոնիայի նման երկրում, օրինակ, որտեղ բնակչության խտությունը խիստ բարձր է, անձնական գոտին փոքր է: Իսկ այն երկրներում, որոնց հսկայական տարածքներ բնակեցված են նոսր, այդ գոտու չափերը մեծ են, իսկ մարդիկ չեն սիրում մոտիկ շփվել: Գյուղական վայրի բնակիչը կարող է
ընդհանրապես չմոտենալ զրուցակցին, ձեռքով բարևել և զրուցել դժվար լսելի հեռավորությունից: Սուր դիտողականություն ունեցող մարդը`տեսնելով միջազգային խորհրդաժողովի երկու մասնակիցների ձեռքսեղմումը, կարող է ասել, թե ով` որտեղից է: Խիտ բնակեցված երկրի ներկայացուցիչը հավանաբար ընդհուպ կմոտենա դիմացինին և կսեղմի ձեռքը, իսկ ընդարձակ տարածքներ ունեցող երկրից ժամանածը` կպահի անբնական հեռավորություն:
|