Նախորդ հոդվածում դուք տեսաք, թե ինչպես մատի մեկ ազդանշանն ունի տարբեր նշանակություններ: Մինչդեռ տարբեր ազդանշաններ տարբեր էթնոսներում կարող են արտահայտել նույն միտքը, որը հասկանալի է աշխարհի բոլոր երկրներում, ամենքի համար: Խոսենք կոնկրետ փաստերով: Դուք դժվար թե գտնեք նորմալ մի տղամարդու, որը չհիանա կնոջ գեղեցկությամբ` ինչ ազգի ներկայացուցիչ էլ լինի:
Հիմա պատկերացրեք հետևյալը: Փողոցում շարել են տարբեր ազգություններ ներկայացնող 12 տղամարդու և զգուշացրել, որ նրանց առջևով անցնելու է գեղեցիկ ու երիտասարդ կին: Փորձարկվողներին արգելված է բարձրաձայն կարծիք հայտնել նրա մասին կամ հաճոյախոսել: Իրենց զգացմունքները նրանք պետք է արտահայտեն միայն մարմնի ժեստերի ու ազդանշանների օգնությամբ:
Կնոջ գեղեցկությամբ զմայլված տղամարդկանց տեսարանը ներկայացնում է ոչ վերբալ հաղորդակցության խոշորագույն մասնագետ, բրիտանացի Դեսմոնդ Մորիսը: Մենք էլ մեր հերթին այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
1. Մատներով շոյում է դեմքը: Մի ձեռքի ցուցամատով և բութ մատով դիպչելով այտոսկրներին` տղամարդը մատներն իջեցնում է մինչև ծնոտը: Դա խորհրդանշում է գեղեցիկ կնոջ հարթ ու ձվաձև երեսը: Այս նշանն առաջին անգամ երևան է եկել Հին Հունաստանում, որտեղ այդ տիպի դեմքը համարվել է կնոջ գեղեցկության իդեալ: Այսօր էլ այդ դեմքով կանայք շատ հարգի են Հունաստանում, ինչպես նաև Իտալիայում և Իսպանիայում:
2. Մատը` այտին: Ցուցամատը սեղմված է այտին, կարծես փորձում է ծակել այտը: Գոյություն ունի այդ ժեստի մեկնաբանության երկու վարկած: Առաջին` կինը շատ «քաղցր է», և տղամարդն ուզում է ծակել այտն ու համտեսել մատի օգնությամբ: Երկրորդ` ակնարկում է կնոջ այտի հմայիչ փոսիկը: Ժեստը տարածված է Իտալիայում` ներառյալ Սիցիլիան և Սարդինան, այլ երկրներում հազվադեպ է հանդիպում:
3. Կրծքերի ուրվագծում: Ձեռքերն ասես ուրվագծում են կնոջ կրծքի ձևը: Այս ժեստի իմաստը բացատրության կարիք չունի. այն տարածված է ամենուրեք:
4. Կոնքերի ուրվագծում: Ձեռքերը շարժվում են կորագծով` ուրվագծելով կնոջ իրանը` չափազանցելով գոտկատեղի բարակությունը և կոնքերի լայնությունը: Հատկապես տարածված է անգլիախոս երկրներում:
5. Ձեռքը հպվում է աչքին: Տղամարդը ցուցամատը մոտեցնում է ներքին կոպին և մի փոքր ձգում վար: Այս ժեստը հանդիպում է շատ երկրներում և ունի մի քանի նշանակություն: Սակայն որոշ տարածաշրջաններում, օրինակ, Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում և Իտալիայի մի շարք մարզերում այն պարզ ազդանշան է` անցնող կինը զմայլանքի առարկա է:
6. Հեռադիտակ երկու բռունցքով: Տղամարդը նայում է կնոջը ոչ ամուր փակված բռունցքների միջով: Տարածված ժեստ է, արժե այդ կնոջը նայել մոտիկից:
7. Մատները ոլորում են բեղերը: Դեմքի մոտ տղամարդը բթամատով և ցուցամատով ոլորում է երևակայական բեղի ծայրը: Այս ժեստն ընդգծում է գեղեցկանալու ցանկությունը` հմայիչ կնոջ հետ ծանոթանալուց առաջ: Հնագույն իտալական ազդանշան է, որը պահպանվել է, չնայած մեր օրերում տղամարդիկ հազվադեպ են պահում փարթամ բեղեր:
8. Ձեռքը` սրտին: Տղամարդն աջ ձեռքի ափը դնում է սրտին: Մոտիկ քայլող կնոջը շշնջում է. «Ախր այնքան գեղեցիկ ես, որ սիրտս սկսեց արագ բաբախել»: Տարածված է անգլիախոս երկրներում և Լատինական Ամերիկայում:
9. Մատների ծայրերը դիպչում են շրթունքներին: Տղամարդը համբուրում է մատների ծայրերը, հետո դրանք հեռացնում է իրարից և համբույրն ուղղում կնոջը: Հիմնականում տարածված է Ֆրանսիայում և այլ երկրներում
10. Օդային համբույր: Տղամարդը համբուրում է օդը և ձգում շրթունքները կնոջ կողմը: Հատուկ է անգլիացիներին: Օդային համբույրը գոյություն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդության միջավայրում: Պարզապես ժեստերն են տարբեր. տղան համբուրում է օդը կամ մատների ծայրերը և փչում աղջկա կողմը ձեռքի ափի վրայով:
11.Մատները քաշում են այտը: Տղամարդը թեթևակի քաշում է այտը` երևակայելով, թե դա իր դեմից անցնող գեղեցիկ կնոջ այտն է: Ժեստը հատուկ է սիցիլիացիներին: Հանդիպում է նաև այլ վայրերում:
12. «Պահում է կրծքերը»: Տղամարդու ձեռքերը կարծես տակից բռնում են կնոջ կրծքերը և սեղմում: Սա պարզորոշ, բայց վուլգար ժեստ է: Ունի եվրոպական ծագում:
Կան նաև այլ ժեստեր և ազդանշաններ, որոնք ազդարարում են. «Տե'ս, ի՜նչ գեղեցկուհի է»: Սակայն բերված օրինակները բավական են ցույց տալու համար, որ կնոջ հմայքը տարածվում է բոլոր էթնոսների արական սեռի ներկայացուցիչների վրա: Պարզապես ապշել կարելի է, թե ինչպես մի երևույթը (այս դեպքում կնոջ գեղեցկությունը) կարող է ծնել մարմնի լեզվի այսպիսի բազմազանություն: