ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր
![]() Հայ, թուրք շահագրգիռ շրջանակները ծրագրեր ու ուղիներ էին մշակում Օսմանյան պետությունն անկումից փրկելու համար: -Ջանում էին հաստատել անձի և գույքի ոտնահարված իրավունքները, որը կլիներ ժողովրդի վիճակի բարելավման առաջին կարևոր պայմանը: Այն կնպաստեր կյանքի զարգացմանը, երբ վախ չէր լինի, որ վաղը կգան, կթալանեն, կսպանեն: -Դեմ էին օտար առևտրի այդչափ ազատությանը, որը վնասակար ու կործանիչ էր տեղի վաճառականների, արդյունաբերողների համար և արգելակում էր տեղական արտադրությունները: -Որպես երկրի զարգացման չափանիշ համարում էին քաղաքակրթության աստիճանը: Վոլտերյան 18-րդ դարի իդեալիստական գաղափարներին մոտ տեսակետներ արտահայտելը ակամա հանգում էր վաճառականի ու գիտունի դաշինքին: -Հայ ամիրայական ու վաճառականական խավը, որոնք դրամ էին տրամադրում ազգային մշակույթի զարգացմանը, նոր սերնդի ամենատաբեր բնագավառներում եվրոպական կրթության ու առաջադիմության կրողներ դառնալուն՝ միաժամանակ նպաստում էին լուսավորական շարժմանը, կյանքի և մթնոլորտի եվրոպականացմանը: -Հայ մասնագետներին էր հիմնականում վստահվել տարբեր ասպարեզների իրավական ու մասնագիտական օրինագծերի մշակումը: Այս դատողություններն ապացույց էին այն բանի, որ հայ մտածողները ծանոթ էին նաև ժամանակի առաջավոր տնտեսագիտական մտքին՝ Ադամ Սմիթի, Սեյի և այլոց ուսմունքներին: -Առևտրի զարգացման համար առաջարկում էին թղթադրամի ստեղծման անհրաժեշտությունը: Բնականաբար, երկրի զարգացման ու նրա ապագայի մասին այս առաջադեմ մտածողները թիրախ էին հանդիսանում հետադիմական շրջանակների, մամուլի համար, մեղադրվում հերետիկոսության մեջ: Այս առաջադիմական շարժմանը արևմտահայ իրականությունում իրենց ավանդն են ունեցել նաև հայ հոգևորականները: Հետագայում, 18-19դդ. Օսմանյան կայսրության տիրակալների ու երևելիների կողքին ավելի հաճախ ենք հանդիպում հայ խորհրդականների, վեզիրների, արքունի թարգմանիչների, հայտնի դիվանագետների : Քրիստոնյաների քաղաքական ու ծառայողական բարձր մակարդակի վրա հայտնվելը կապվում է Օսմանյան կայսրության նկատմամբ եվրոպական տերությունների, իսկ ավելի ուշ՝ նաև Ամերիկայի հետաքրքրությանն ու գաղութատիրական ձգտումների, նրանց միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման, միջազգային ասպարեզում նրա նոր դերի ստանձնման հետ: Մինչ օսմանյան տիրապետող տարրի մակարդակն անհարիր էր միջազգային նման բարձր կարգի հարաբերությունների, հարկ էր օգտագործել երկրում եղած քրիստոնյա ներուժը, որն ի դեմս հայերի մեծագույն նպաստ ունեցավ այս ասպարեզում՝ գրավելով ամենատարբեր պաշտոններ, ծառայելով որպես Օսմանյան կայսրության դիվանագիտական ներկայացուցչություններում թարգմանչից մինչև հյուպատոս, խորհրդական ու դեսպան : Թանզիմաթի (բարենորոգումների) շրջանում, համաձայն նոր իրավակարգի, Օսմանյան կայսրություն բոլոր հպատակները, առանց ցեղի և կրոնի խտրության կարող էին պետական պաշտոններ վարել: 1840թ. օրենքով քրիստոնյաներն իրավունք ունեին կառավարական պաշտոններ վարելու, իսկ 1845թ.՝ քրիստոնյա հարուստները կարող էին Մեջլիսի պատգամավորներ ընտրվել: Հայազգի նախարարները, պալատական բարձրաստիճան պաշտոնյաները, դիվանագիտական անձնակազմը ներկայացնող դեսպանները, հյուպատոսները, ավագ թարգմանիչները, խորհրդականներն ու քարտուղարության պատասխանատուները լծվեցին Օսմանյան կայսրությունը վերափոխելով փրկելու առաքելությանը, ծառայելով որպես հիմնական ծանրությունն ապահովող ուժ: Չնայած այն բանին, որ Օսմանյան կայսրության կառավարման ամենատարբեր բնագավառներում հայերն ունեցել են իրենց նպաստը, այնուամենայնիվ բուն առաջին դեմքերի աթոռները (նկատի ունենք նախարարները) հիմնականում գրավել են թուրքերը: Սակայն պետք է պատշաճը մատուցել թուրքական դիվանագիտությանը: Մենք նկատի ունենք եվրոպական երկրների հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները զարգացնելու տեսակետից, աշխարհում գիտության նվաճումներից օգտվելու, իրենց նկատմամբ նոր վերաբերմունք ակնկալելու համար լուրջ դիվանագիտական գործունեություն ծավալելու կայսրության ունեցած մղումները: Այս նպատակի համար գործադրված բոլոր արտաքին ու ներքին հարաբերություններում, արտասահմանյան առաքելություններում տեսնում ենք հայ մասնագետների, ժամանակի լավագույն կրթություն ստացած անձանց, որոնք եթե նախարարի պաշտոնում չեն եղել, ապա անպայման նրանց առաջին օգնականների, խորհրդականների, գրասենյակի պատասխանատուների, գլխավոր թարգմանների դերում ենք տեսնում: Նրանք՝ ոչ առաջին պլանի, բայց որպես կանոն՝ տվյալ գործում հիմնական պատասխանատվությունը, գործի ողջ ծանրաբեռնվածությունն իրենց ուսերի վրա կրողներն են եղել: Օրինակներն անչափ շատ են: Մահմուդ Բ-ի և Աբդուլմեջիդ սուլթանների օրոք է լավագույնս արտահայտվել հայերի մասնակցությունը երկրի տարբեր կարևորագույն օղակերում, քանզի պետականորեն արդեն թույլատրվում էր քրիստոնյաների պաշտոնյա լինելը: Օսմանյան կայսրության Թանզիմաթի շրջանի վարչականության և դիվանագիտության պատմության մեջ փայլուն էջեր գրեցին հայեր, որոնք բոլորովին էլ այս ասպարեզը չէին ներկայացնում: Այս բոլոր գործիչները ոչ միայն բարձրացին միջազգային ասպարեզում Օսմանյան կառավարության հեղինակությունն, այլև իրենց գործունեությամբ պատիվ ու բարի համբավ բերեցին իրենց ազգին քաղաքական ամենաբարձր մակարդակներում: 19-րդ դարում Օսմանյան կայսրության հետևյալ պետական կառույցներում կարևոր շատ պաշտոններ եղել են հայազգի մասնագետների մենաշնորհները՝ Առևտրական ատյան, Հաշվակալ դիվան , վերատեսուչներ Հաշվակալական դիվանի, Առևտրական սենյակ, Մեջլիսի (Ծերակույտի) և Պետական խորհրդի անդամներ, ՙԷմնիյեթ սանտըղը՚ (անվտանգության խորհուրդ)-դրամատուն, մի քանի կարևոր նախարարություններում՝ վերատեսուչներ և քննիչներ, դատական համակարգի տարբեր օղակների ու վճռաբեկ ատյանի անդամներ, դատական բժիշկներ, նախարարությունների ու վարչությունների իրավագիտական խորհրդի անդամներ, քննիչներ ու վերաքննիչ-ստուգողներ, քաղաքապետարանների, գյուղական ու նահանգային, զանազան վարչությունների ու տարբեր հանձնաժողովների ու օղակների պատասխանատուներ և այլն, և այլն: Այս մասնագետները հիմնադրում են մի շարք մասնագիտական բարձր որակ ենթադրող միություններ, ընկերություններ (կայսրության և նեղ՝ հայկական մակարդակով), որոնց շուրջն են համախմբվում տվյալ մասնագիտության ճանաչված անունները: 1908թ. օգոստոսին հիմնադրված Օսմանյան ինժեներների ու ճարտարապետների միության անդամ են դառնում Սերվիչեն էֆենդին, Արամ Մարկոսյանը, Հեքիմյան և ճարտարապետ Իքիդունյա էֆենդիները: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
2496 reads | 26.02.2014
| |