Նկատի ունենք այն, որ հայկական արտաքին նահանգը պարսկական ներքին գավառ դառնալուց որոշ ժամանակ անց թեև մեր մատենագրության մեջ, այնուամենայնիվ, ի հայտ եկավ <<Պարսկահայք>> տեղանունը , բայց արդեն իբրև նահանգ, ոչ <<Հայաստան>> երկիր իմաստով և փոխարինեց <<Նոշիրականին>>: Այնուհետև <<Պարսկահայքն>> էլ անհետացավ` ընդմիշտ <<բուն պարսկական հող>> դարձնելով ստորին Արաքսի աջ ափը` հայկական Հեր, Զարևանդ և մյուս գավառները: Ի դեպ, պետք չէ շփոթվել այն մտքից, թե` ինչպես է, որ հայ մատենագիրները ավելի վաղ դարերի համար էլ են <<Հայաստան>> անունը գործածում: Նման դեպքերում եթե նկատի ունենանք, որ մեսրոպյան տառերով հայ դպրությունն ստեղծվել է V դարում, այսինքն 387-ի բաժանումից հետո, ապա կպարզենք մեզ համար, որ նրանք, ակամայից կամ գուցե մտածված, նոր իրողությամբ թելադրված են նոր երկրանունը որպես եզր (տերմին) տարածել անցյալի վրա: Ընդ որում, նույն բանը նաև մենք ենք կատարում, երբ Երվանդյանների կամ Արտաշեսյանների ժամանակաշրջանի Հայոց աշխարհի մասին ասում ենք <<Հայաստան>>, ոչ թե <<Հայք>>, կամ հայ մատենագիրների երկերը աշխարհաբարի վերածելիս նրանց գրած <<Հայոց աշխարհը>>, չգիտես ինչու, հաճախ թարգմանում ենք <<Հայաստան աշխարհ>>: Սա միայն անախրոնիզմ չէ պատմագիտական առումով: Նման դեպքերում Տիգրան Մեծը, որը մեզ ժառանգություն է թողել <<Մեծ Հայք>> երկիրն ու երկրանունը, վերջնականապես օտարվում է մեզանից ու դառնում անրջանք, հաճախ նաև ազգային սնապարծության հոմանիշ: Տարածքների նմանօրինակ կրճատումն անվերապահորեն կարելի է եղեռն համարել, քանզի ազգի բնական արեալից դուրս մնացած հատվածներում ժամանակի ընթացքում վերացավ հայախոս ժողովուրդը` որպես իր երկրից դուրս ապրող օտար զանգված, ապա նաև հենց հայ մարդու գիտակցության մեջ այն ավեր գործեց ու մոռացնել տվեց դրանց հայկական լինելը: Ուրեմն` առաջին 1915-ը եղավ 387-ին, և դա չի կարելի պատճառաբանել հանգամանքների բերումով կամ, ինչպես ընդունված է` մեր թույլ, իսկ հարևանների ուժեղ լինելով: Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես է որևէ ծրագիր կամ դավադրություն ի չիք դառնում մինչև անգամ մեկ անհատի ջանքերի շնորհիվ: Հետևաբար, հնարավոր է, որ աշխարհակալների մտադրությունները չիրականանային կամ թե այդքան ծանր հետևանքներ չունենային, եթե Մանուելի համաձայնությունը չլիներ, քանի որ այդ ժամանակ նրանք չափազանց թույլ էին և ի զորու չէին ռազմական գործողություններով վեճ լուծելու: Նշանակում է` վարագույրի հետևում Սահակ Պարթևի, իսկ պատմաբեմում երևացող Մանուել Մամիկոնյանի մեղքը մեծ է այստեղ: Առաջին անգամ նրանք վաճառքի հանեցին հայրենիքը, որից հետո բազմիցս պիտի կրկնվեր <<Տարածքներ` կաթողիկոսական իշխանության դիմաց>> ոճրագործությունը…
| |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
5610 reads | 28.03.2014
| |