ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ


Մամիկոնյաններն ամբողջ տոհմով էին Բյուզանդիայում: Նրանք նորից նոր հայրենիքի փնտրտուքի մեջ էին, և այդ տեսանկյունից Բյուզանդիան էր գնալով քաղցր ու գրավիչ դառնում: Ըստ այդմ, նկատի ունենալով, որ հայրենափոխությունն իսկապես նրանց նախաստեղծ ոգին էր, հասկանալի է դառնում նաև նրանց Բյուզանդիա կատարած հաջորդ բոլոր անցումների դրդապատճառները: Առաջին անգամ, ուրեմն, նրանք Բյուզանդիա մտան Մեծ Հայքի բաժանման նախաշեմին: Այդ ընթացքում նրանց մեջ երևելին դարձել էր Սամուելը, որովհետև Մանուելն արդեն վախճանվել էր: Սակայն հայ նախարարության մեջ Սամուելը հարգանք չէր վայելում, որովհետև հայրասպան էր : Ի դեպ, IV դարի վրա անկանխակալ հայացք նետելիս պարզորոշ երևում է, որ Մամիկոնյաններն ամենևին էլ այն պատիվը չունեին Հայքում, որը նրանց է վերագրում հայ եկեղեցականությունը: Առ ի ապացույց` փոքր անց կտեսնենք հայ նախարարների դժգոհությունը Մանուելի կողմից երկիրը կայսրին կտակելու կապակցությամբ: Ոչ մի հիմք չկա Մանուելին բարձրացնել այնքան, որքան Լեոն է Բուզանդի պատմազրույցների ազդեցության տակ առաջարկում, գրելով. <<Մամիկոնյան մեծ սպարապետների մեջ Մանվելն է, որին ամենից շատ սիրել է ազգային վեպը: Այդ խոշոր անձնավորությունը միացնում էր իր մեջ հերոս կռվողի, անձնազոհ հայրենասերի և բարի քրիստոնյայի առաքինությունները>>:

Հերո՞ս… Բայց ի՞նչ հերոս, եթե նրա պատճառով ամբողջովին կազմաքանդվեց Հայոց պետությունը: Մանուելը բոլոր առումներով տիպիկ հակահերոս է: Նա ծանրագույն հետևանքներ ունեցած երկու խոշոր հարված հասցրեց հայությանը: Նախ նրա պատճառով էր, որ Հայոց գահը երկրորդ անգամ դարձավ նշանակովի: Առաջին անգամ հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը ընդհատվել էր դավադիր գործակալ Անակի կողմից Խոսրով-Տրդատ Բ. Մեծին սպանելուց հետո: Եվ 32 տարի` 261-293 թթ. , որը Խորենացին անվանում է <<Անիշխանության տարիներ>> , Հայոց աշխարհում <<Հայքի մեծ թագավոր>> տիտղոսով թագավորում էին Պարսից թագաժառանգները` Շապուհ Ա.-ի ավագ որդի Որմիզդ-Արտաշիրը (261-272 թթ.), նրա որդի Որմիզդակը (273-276 թթ.), ապա եղբայրը` Ներսեհը (276-293 թթ.):

Այս անգամ Անակի փոխարեն Մանուելն արեց այնպես, որ Հայոց երկրի կառավարումն իր առանցքից շեղվի: Նա Թեոդոս կայսեր ծրագիրն իրականացնողների ձեռքին կամավոր գործիք դարձավ և հող ստեղծեց Հայքի մասնատման համար: Պարսկա-հռոմեական բանակցություններից հետո դեպքերն այսպես զարգացան. <<Մանուել զորավարի մահից հետո` Արշակի թագավորությունը չկարողացավ կարգին հաստատվել աշխարհում. այլ Հայոց նախարարներից շատերը զատվեցին գնացին Պարսից թագավորի մոտ, Հայոց աշխարհը նրան մատնեցին և նրանից խնդրեցին Արշակունի թագավոր: Նա մեծ ուրախությամբ հանձն առավ` իր կողմից իր խոսքով [թագավոր նշանակել] Հայոց նույն Արշակունի թագավորների տոհմից և և նրա միջոցով Հայոց աշխարհը իրեն գրավել: Ապա նա գտավ նույն տոհմից մի մանուկ Խոսրով անունով, նրա գլխին թագ կապեց և նրան կին տվեց իր Զրվանդուխտ քույրը, իր բոլոր զորքերը նրա հետ. դրեց և Զիկ նվիրակին դաստիարակ նշանակեց Խոսրով թագավորին: Այսպես նրանք ելան եկան Հայոց աշխարհը: Արշակ թագավորը երբ նրանց տեսավ` տեղի տվեց, քաշվեց գնաց Հունաց սահմանները: Եվ թիկունք եղան` Արշակ թագավորին Հունաց թագավորը, իսկ Խոսրովին` Պարսից թագավորը>>: Դրանից հետո, քանի որ Խոսրովը նշանակվել էր, նշանակվեցին նաև հաջորդ գահակալները` Վռամշապուհը և Արտաշես (Արտաշիր) Գ.-ն: Այսպիսով, Մանուելը նպաստեց, որպեսզի Հայքում վերացվի ժառանգական թագավորության ինստիտուտը և փաստացի այն դառնա նշանակովի պաշտոն` պետական ծառայություն: Ընդսմին, Պարսից թագավորին էր վերապահվում նաև ցանկացած պահի ու ցանկացած պատրվակով այդ պաշտոնը զբաղեցնողին հեռացնելու իրավունքը: Ուրեմն` 428-ի Մեծ Հայքի գահազրկումը Մանուելը նախապատրաստեց:

Նրա պատճառով երկրին հասած մյուս անդառնալի վնասն այն է, որ Հայոց երկու թագավորների ժառանգության բաշխում անվան տակ տարածքային բաժանում կատարվեց: Ս. Երեմյանը գրում է. <<387 թ. բաժանման համաձայն, դեռևս 363 թ. <<ամոթալի դաշնագրից>> մի քանի տարի անց անջատված Մեծ Հայքի ծայրամասերը, որոնք այնուհետև վերամիավորվել էին Պապի թագավորության տարիներին, կրկին անջատվեցին: Դրանք էին` Ուտիք, Բաղասական (Փայտակարան քաղաքի նահանգը) աշխարհները, ինչպես և <<Մարաց ամուր աշխարհը>> և Գուգարքի հյուսիսային գավառները: 387 թ. դաշնագրի համաձայն սրանց գումարվեցին բդեշխությունները` Աղձնիքը, Կորդուքը, Նոր-Շիրականը, Գուգարք նահանգը ամբողջովին, ապա Արցախ նահանգը: Սրանք ծայրամասային` <<եզրային>> նահանգներ էին` 103.359 քառ. կմ ընդհանուր տարածությամբ:
Այդպիսով, Մեծ Հայքն ընդմիշտ մասնատվում էր, մնում էր Միջնաշխարհը` Բարձր Հայք, Ծոփք, Ծոփք Մեծ, Տուրուբերան, Մոկք, Վասպուրական, Սյունիք, Տայք, Այրարատ նահանգները` 184.916 քառ. կմ ընդհանուր տարածությամբ: Միջնաշխարհն իր հերթին բաժանվում էր երկու մասի` նրա արևելյան մեծագույն մասը` 73 %-ը (երեք քառորդից ավելին)` 134. 341 քառ. կմ տարածությամբ, ենթարկվում էր Սասանյան Իրանին (Պարսկաստանին), իսկ 27 %-ը (գրեթե մեկ երրորդը), այն է` 50.575 քառ. կմ անցնում էր Հռոմեական կայսրությանը:

Սասանյան Իրանին անցնող Հայաստանի տարածքն ընդգրկում էր Մեծ Հայքի Տուրուբերան, Մոկք, Վասպուրական, Սյունիք, Տայք և Այրարատ նահանգները: Մեծ Հայքը, այնուհետև, որպես մեկ միասնական պետություն այլևս գոյություն չուներ:

Այս բաժանումից հետո Մեծ Հայքի կենտրոնացված պետության միասնական տարածքը, որ գոյություն էր ունեցել գրեթե վեց հարյուրամյակ, հետագայում չվերականգնվեց: Հայաստանի Սասանյաններին անցած մասը հայերը շարունակում էին նախկինի պես անվանել <<Մեծ Հայք>>, իսկ հռոմեացիներն անվանում էին <<Պարսկահայաստան>>:

Փաստորեն այս բաժանումը փոխեց մեր երկրի անունը` Հայքը դարձրեց Հայաստան: Նոր երկիր` նոր անուն: Դրանից առաջ և դրանից հետո Հայկական լեռնաշխարհում ոչ մի տեղանուն, նահանգի կամ գավառի անուն <<ստան>> վերջածանցով չենք ունեցել և չունեցանք (ի հաստատումն տե՛ս <<Աշխարհացոյցը>>, որն ստեղծվել է VII դարում): Այս բաժանումից հետո հռոմեացիներն սկսեցին իրենց ոչ պատկան երկրամասն անվանել <<Պերսարմենիա>>, որպեսզի կոնկրետ նշեն, թե որ Հայքը նկատի ունեն: Հայ մատենագիրներն էլ որպեսզի նույնի թարգմանությամբ կամ նմանությամբ <<Պարսկահայք>> չասեն, ինչպես նաև իբրև թե երկրի անվան ինքնուրույնությունը պահպանեն, հորինեցին <<Հայաստան>> անունը, որն իրականում <<Պերսարմենիան>> է կամ <<Պարսկահայքը>>, և որի մեջ երկրի պարսկական պատկանելությունը արտահայտված է <<ստան>> վերջածանցի ձևով: Սա երկրանվան սովորական փոփոխություն չէր, այլ երկիրը փոքրացնող փոփոխություն էր: Դրա հետևանքով ունեցանք Հայաստան` Մեծ Հայքի փոխարեն, որը միշտ մնալու էր պարսկական ազդեցության տակ, և Փոքր Հայք` բաժանված Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ Հայքերի, որոնք միշտ մնալու էին հռոմեական, այնուհետև բյուզանդական ազդեցության տակ: Հայերին, որպես շագրենի կաշի, պիտի մնար միայն Հայաստանը, որը լոկ նրանց միջնաշխարհն էր:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
5372 reads | 24.03.2014
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com