ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր






Օսմանյան կայսրությունում սկսվել էր Բարեփոխումների (Թանզիմաթի) դարաշրջանը, որը պիտի թուրքական ռազմաֆեոդալական տերությունը մոտեցներ զարգացած Եվրոպային: Ակնկալվում էր թուրքերի ու հպատակ ժողովուրդների (մահմեդականների ու քրիստոնյաների) միջև հավասար իրավունքների, կյանքի ապահովության ու դեմոկրատացման խնդիրների լուծումներ, կայսրության կյանքի ու կենցաղի եվրոպականացում, պետական հիմնական կառույցների անկումային վիճակից դուրս գալը: 1839թ. սուլթան Աբդուլ Մեջիդի գահակալության ժամանակ ՙԳյուլհանե՚ պալատում հռչակվեց հատուկ հրովարտակ, ՙՀաաթը Շերիֆ՚, որը հետագայում ընդհանուր անվամբ կոչվեց ՙԹանզիմաթ՚: Բարեփոխումներ ակնկալող այս հրովարտակով կառավարությունը հպատակ բոլոր ժողովուրդներին խոստանում էր կյանքի, պատվի և ունեցվածքի ապահովում, հարկերի արդարացի բաշխում և գանձում, կապալային սիստեմի վերացում, զինվորական ժամկետի կանոնավորում: Դատական գործերը, ժառանգական խնդիրները ևս պետք է օրինական լուծում գտնեին: Կաշառակերությունն ու չարաշահումները պիտի վերանային... 

Բարենորոգումների հովի այս շրջանը նոր շունչ բերեց արևմտահայ կյանքում: Հայերը դարձան եվրոպականացման, մշակույթի տարբեր ոլորտների ծաղկման, մշակութային զարթոնքի, երկրի կապիտալիստականացման ուղին բռնելու մունետիկները: Սակայն տիրապետող դասը չէր կարող դյուրությամբ ընդունել կամ համակերպվել հպատակների հետ նույն գծի վրա լինելու փաստի հետ: Բարեփոխումների հիմնական դրույթները չէին հարգվելու ու դրանց իրականցմանը դեռ տարիների աշխատանք էր անհրաժեշտ լինելու: Սկսենք նրանից, որ Գյուլհանեի ՙՀաաթը Շերիֆ՚-ը կայսերական հրովարտակ էր, ոչ օրենք, որը սկիզբ էր դնում կայսրության եվրոպականացման շարժմանը: Այս հրովարտակի հիմնական դրույթների շուրջ պատրաստվելու էին օրենքներ: Այս գործին անմիջապես ձեռնամուխ եղավ Ռեշիդ փաշան: Պատրաստված օրենքները վավերացվելուց հետո միայն, ՙՀաաթը Շերիֆ՚-ից 11 տարի անց՝ 1850-51թթ. դրանք հրատարակվեցին փոքր տպաքանակով: Եվրոպական տերությունները, մասնավորապես Անգլիան, Ֆրանսիան, Ավստրիան զգուշանալով Թուրքիայի հպատակ քրիստոնյաների իրավունքների պաշտպանության ռուսական ձգտումներից, ստիպեցին, որպեսզի 1856թ. փետրվարի 18-ին, Սուլթան Աբդուլմեջիդը ստորագրի հպատակ քրիստոնյաների վիճակի բարելավման մասին իր համբավավոր հրովարտակը, որը մահմեդական տիրող դասակարգի հերթական դժգոհությանն էր բախվելու: Դրա խմբագրման գործում մեծ դեր էին խաղացել շահագրգիռ երկրների դեսպանները: Հետագայում այդ հրովարտակը պաշտոնապես հաստատվեց Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով: Շահագրգիռ երկրներին ոչ թե զբաղեցնում էր հպատակ ժողովուրդների անելանելի ծանր վիճակը, այլ Ռուսաստանին այդ տարածաշրջանում մեկուսացնելու և փոխարենն իրենց ազդեցությունը հաստատելու խնդիրը: Գալով արևմտահայությանը, ապա այն սոցիալ-տնտեսական նկատելի առաջընթաց արձանագրեց: Բարենորոգումների ծնունդ իդեալիստական ազատատենչ գաղափարները սկսել էին ամփոփ ձևավորվել հայ ազգի ինքնուրույն լինելու գաղափարի շուրջը, որի մեխը ՙԱզգի ամեն մեկ անհատը առ ազգը պարտավորություն ունի: Ազգն ալ իր կողմեն առ ազգային ամեն մեկ անհատ պարտավորություններ ունի՚ կարգախոսն էր: Ազգի ու նրա անդամների միաձույլ լինելու գաղափարը հեռահար ազատության նպատակների իրականացման եզակի ճիշտ ուղիներից էր: 1846թ. հայ առաջադեմ մտավորականների կողմից ստեղծվել է ՙՀամազգային՚ միությունը, որը հակակաթոլիկական ու հակաբողոքական խիստ ուղղվածություն ուներ, կոչված էր դիմագրավելու հայ ազգը պառակող օտար միսիոներական գործունեությանը: Այս միության կազմակերպիչ-ջատագովները հայտնի մտավորականներ էին:

Պատրիարքարանի հովանու ներքո, 1855թ. հոգևոր 9 և 12 աշխարհականներից կազմված ժողովի պարտականությունն էր կանոնադրություն մշակել, ՙԱզգային Սահմանադրություն՚, որի 1863թ. հաստատված ու վերաքննված օրինակը տպագրվել է հայերեն ու հայատառ թուրքերեն : Սա նշանակալից թվական է արևմտահայության համար, իսկ ՙԱզգային երեսփոխանական ժողովը՚ այդ շրջանում դարձավ նրա ցավերի ու պահանջների արտահայտության բարձրախոսը:

1882թ. ըստ Պատրիարքարանի մարդահամարի՝ 2մլն. 875 հազ. հայ (եվրոպական մասում՝ 210 հազ. և Անատոլիայում՝ 2մլն. 665 հազ.) ազգաբնակչություն կար: Ըստ 1885թ. մարդահամարի Պոլսի 873.565 բնակիչներից 150 000ը հայեր են եղել:

Ըստ թուրք տաղանդավոր մտավորական Շամսեդդին Սամիի ՙՔամուս ալ Ալամ՚ (Քաղաքների բառարան, 1889-1898թթ.) գրքի, 19-րդ դ. վերջում Վանում և շրջական գյուղերում ապրել են 66 հազ. հայ, իսկ Հաքքարիի և շրջակայքի հայերի թիվը եղել է 79 հազ: 1915թ. այն կազմել է 197 հազ:

Սպասվում էր, որ քրիստոնյաների վկայություններն այլևս չէին արհամարվելու դատարաններում, որ նվազագույն արդարություն պիտի թագավորեր գավառներում: Այս ասպարեզում բազմաթիվ հայեր կարևորագույն պաշտոններ սկսեցին զբաղեցնել : Հայերի կյանքը, մասնավորապես մեծ քաղաքներում, ի տարբերություն նախկին անկայուն, հալածված վիճակի, նշանակալիորեն բարելավվեց: Պոլսո հայ գաղութի համար, իր հոգևոր ու աշխարհիկ հարցերը տնօրինող պատրիարքական Աթոռով, սկիզբ առան ազատության շունչը զգացնել տվող զարթոնքի տարիները, որոնք միաձուլվելու էին կայսրությունում ընդհանուր զարթոնքի շրջանի հետ:

Այս դարաշրջանում ամիրայական իշխանություններն արևմտահայ իրականությունում հնարավորություն էին ունենալու լավագույնս օգտվելու բարեփոխումների ընձեռնած հնարավորություններից ու առավելագույնն անելու իրենց ազգի համար, անգամ եթե այս ամիրայական գերդաստանների մի մասը կաթոլիկություն էին սկսել դավանել: Պալատական ու կառավարական կարևորագույն պաշտոններ ունենալով հանդերձ ամիրաներն ու պալատական երևելիներն անձնազոհ կերպով (բացահայտ և գաղտնի) ի սպաս էին դնում իրենց անձը, ունեցվածքը, հեղինակությունն ու կապերը, հովանավորում արևմտահայ գաղութի, մասնավորապես պոլսահայության բազմաբնույթ կյանքը, մասնավորապես շինարարական, արհեստների(էսնաֆների), արվեստների, առողջապահության, կրթական կյանքի զարգացման պատասխանատվությունը դիտելով որպես սեփական, կարևորագույն հարց: Նրանք հովանավորում էին ազգի տաղանդավոր երիտասարդների ուսումնառությունն ու մասնագիտական վերապատրաստումը եվրոպական կրթական կենտրոններում: Պոլսահայ բարձրաշխարհիկ խավը որոշիչ դեր է ունեցել պատրիարքական ընտրություններում: Միշտ չէ, որ այս հանգամանքը դրական ազդեցություն է ունեցել պոլսահայ համայնքի կյանքում: Ազգի ապագան ամիրաներն ու ազգային մյուս այրերը նախընտրում էին տեսնել լավագույն կրթության, առաջադիմության ու համերաշխության մթնոլորտում ու դրա համար պատրաստ էին անձնական բարեկեցության հաշվին մեծ զոհողությունների գնալ:

Բարեբախտաբար (բացառություններ իհարկե եղել են) ազգի ապագայի համար բախտորոշ այս պայքարում անփոխարինելի դեր են խաղացել Կ.Պոլսո հայ պատրիարքները, որոնց առաքելությունը դուրս էր գալիս հոգևոր կյանքը վերահսկելու խնդրից: Նրանք ճակատագրական դեր են ունեցել արևմտահայ իրականությունում: Առանց պատրիարքական Աթոռի արևմտահայության վիճակն անկանխատեսելի կլիներ: Պատրիարքական Աթոռը հիմնականում կարևորագույն դեր է խաղացել արևմտահայության կյանքում ու ամեն մի պատրիարք գիտակցել է իր ուսերին եղած մի ողջ ժողովրդի նկատմամբ իր պատասխանատվության խորը զգացումը : Նրանց ենք պարտական կենսական շատ ու շատ խնդիրների լուծման համար: Եգիպտոսի փոխարքաների մոտ տարբեր ասպարեզներում ծառայող հայերը որպես կանոն մեծ վստահություն են վայելել ու լավագույնս գնահատվել այս երկրում: 1826թ. Մուհամեդ Ալի փաշայի կողմից Փարիզ ուղարկված պատվիրակության մեջ եղել են մի քանի հայեր, այդ թվում երկրագործ Հովսեփ (Յուսուֆ) էֆենդին, որի անունով մանդարին է կոչվել՝ ՙՅուսուֆէֆենտի՚: Եգիպտոսի հայտնի դեմքերից են եղել Արթին բեյ Չրաքյանը (1800-1859)՝ Եգիպտոսի արտգործնախարար Նուպար փաշան (1825-1899), որ երեք անգամ Եգիպտոսի վարչապետ է եղել, Արիստակես Ալթուն Տիւրրին (1804-1868) , Տիգրան փաշա դ՜Ապրոն (1846-1902)՝ Եգիպտոսի արտգործնախարար , Հակոբ Եղիազարյանը՝ մեկը արքունի սեղանավորներից և շատ ուրիշներ :

Դեռևս 1910թ. երիտթուրքերի Սալոնիկում կայացած համագումարում որոշում էր կայացվել օսմանյան բանակի քրիստոնյա զինվորականության ոչնչացման մասին։ Քրիստոնյաներից կազմված 120 բանվորական վաշտերը բոլորովին անզեն են եղել և անգթաբար ջարդվել են։ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա (տղամարդկանց) ջարդերի սկիզբը հենց այս չարքաշ բանակայինների ստորաբար ոչնչացումն է համարվում 1914թ. օգոստոսին։ Թիկունքի ավելի քան 200 հազ. հայ զինվորականություն զինաթափ է արվել ու վայրագորեն սպանվել։ Անվանի բանաստեղծ, զինվորական բժիշկ Ռուբեն Սևակը եղել է Մեծ եղեռնի օրերին գազանաբար սպանված մեր բազմաթիվ երևելի մտավորականների թվում։ Այսպիսի ճակատագիր են ունեցել օսմանյան բանակին մեծագույն ծառայություններ մատուցած հայազգի հպատակները, որոնք իրենց գործի լավագույն մասնագետներն են եղել՝ զինվորական բժիշկներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդական-թարգմաններ, զինագործ և այլ արհեստավորներ, բանակի մատակարարներ, զորավարներ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
2937 reads | 19.02.2014
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com