ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
![]() պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ ԵՐՐՈՐԴ ![]() Վերջը խորհրդի մեջ այս միտքն ընդունվեց. <<Մենք չենք կարող հեթանոս պարսիկների ծառայության տակ մտնել և Հունաց թագավորին թշնամացնել, ոչ էլ երկուսին ևս թշնամացնել, որովհետև առանց որևէ մեկի թիկունքի չենք կարող ապրել>>: Ապա խորհրդում այսպես որոշվեց. <<Ինչ որ եղավ` եղավ, թող էլի Հունաց թագավորին ծառայենք, Հունաց թագավորի իշխանությանը հնազանդենք, թող Հունաց թագավորները մեզ հետ վարվեն` ինչպես ուզում են>>: Այլևս չմտածեցին վրեժ խնդրել կամ ուրիշ մի բան անել, այլ լուռ տեղերումը նստեցին>> : Բուզանդի մատյանի այս գլուխն ամբողջությամբ բերեցինք, որպեսզի ցույց տանք, թե հետագա դարերում հաճախ վախից կամ անճարությունից հայերի <<լուռ տեղերումը նստելու>> սովորույթը որտեղից է գալիս: Այնինչ` իր թագավորի համար հայը նույնպես վրեժ լուծող է եղել: Արտաշես Բ.-ն, Արտավազդ Բ.-ի որդին, հոր սպանության վրեժը լուծելու համար մինչև վերջինը կոտորում է Հայքում տեղակայված հռոմեական կայազորների զինվորներին ու քաղաքացիական անձանց , իսկ Տիրանին կուրացնելու համար Շապուհից վրեժ առնելու նպատակով նախարարներն ու աշխարհականները գնդեր են կազմում, մտնում Պարսից աշխարհ: Եվ սրանք եզակի օրինակներ չեն: Պարզապես, ինչպես Հ. Մանանդյանն է նկատել, <<Փավստոսի այս վկայությունից երևում է, որ Մուշեղ Մամիկոնյանը և մեծամեծ հայ իշխանները, որոնք լքել էին և չէին պաշտպանել Պապ թագավորին, այլևս չէին կարող հաստատուն նեցուկ համարվել Արշակունյաց թագավորության>> : Մուշեղը, ուրեմն, Մամիկոնյաններից առաջինն էր, որ համարձակվում էր ամբողջությամբ տնօրինել թագավորի ու թագավորության Ճակատագիրը. ինքը Բյուզանդիայից բերել էր Պապին, ինքն էլ Պապին հանձնում էր Բյուզանդիային: Այդ դեպքում` Վարազդատն արդյո՞ք արժանին չհատուցեց նրան. արքայասպան Մուշեղին ճիշտ չէ՞ր նույնկերպ պատժելը: Այսպիսով, Ձիրավը նախադեպ էր, Մուշեղ Մամիկոնյանը նախադեպ էր, և Մանուելն արդեն կարող էր գալ ու Վարազդատ թագավորին ասել` <<Հեռացիր այս աշխարհից և իմ ձեռքից մի մեռնիր>>, և դա պիտի համարվեր հայրենասիրություն, որովհետև համարողը եկեղեցին էր: Եվ ինչպես Մուշեղը պիտի կայսեր կամքով Մեհրուժանի դեմ դուրս գար, հաղթեր նրան ու Պապի համար գահն ազատեր, այնպես էլ Մանուելը պիտի արքայից արքայի իմացությամբ Վարազդատին գահազրկեր ու իրեն ոչ ավել, ոչ պակաս` Հայոց թագավորության խնամակալ հայտարարեր: Հայերի բախտն ինչ-որ չէր բերում թագավորների հարցում (Մեհրուժանը դավաճան էր, Պապը դիվահար ու անառակաբարո էր, Վարազդատը մանկամիտ էր), և Մանուելը պիտի փրկեր Հայոց աշխարհը: Եվ նա կրկին Մուշեղից մի քայլ առաջ է անցնում. եթե սա գնացել կայսրին խնդրել էր թագավորեցնել Պապին, ապա ինքը անձամբ է թագադրում Պապի որդի Արշակին: Հետաքրքրական է, որ Մանուելի մասին ոչինչ չեն գրում Խորենացին և Արծրունին: Այս հանգամանքը, կարծում ենք, ավելի է հաստատում սույն տեսակետը, թե Բուզանդը Մանուելի համար գեղեցիկ կենսագրություն է սարքել: Ընդ որում, երկու կարևոր դեպքի վերաբերյալ Խորենացին բոլորովին ուրիշ պատում է ներկայացնում: Առաջինը` Հայքից Վարազդատին իբր արտաքսելու դրվագն է: Բուզանդը գրում է, որ իրենց գնդերի ընդհարման ժամանակ Վարազդատ թագավորն ու Մանուել սպարապետը նույնպես դուրս էին եկել մենամարտի, ապա շարունակում է. <<Եվ Վարազդատ թագավորը փախուստի դիմեց Մանուել զորավարի առաջ, իսկ Մանուելը նրան հասնելով նիզակի տեգը ձեռքին բռնած` նիզակի կոթովը ծեծում էր Վարազդատ թագավորի կառափը, և այսպես քշում էր չորս ասպարեզ: Իսկույն Մանուելի որդիքը, Հմայակն ու Արտաշեսը, վրա հասան, նիզակները ձեռներին, որ թագավորին սպանեն: Իսկ ինքը Մանուելը որդոց հետևից աղաղակում էր. <<Ա՜յ, տիրասպան մի՛ լինեք>>: Նրանք էլ իրենց հոր ձայնը լսելով` իսկույն արագ հեռացան թագավորից: Իսկ Վարազդատ թագավորին հալածեցին Հայոց աշխարհի սահմաններից դուրս: Նա գնաց Հունաց աշխարհը, այնտեղ էլ ապրեց, այնտեղ էլ մեռավ>>: Խորենացին Վարազդատի հեռացվելն այսպես է նկարագրում. <<Վարազդատը իր երիտասարդության քաջություններից հարբած լինելով` թագավորության ժամանակ էլ չէր հնազանդում Հունաց վերակացու զորքերի խրատին: Այլ պատգամավորներ է ուղարկում Շապուհի մոտ, որ իր աղջիկներից մեկին իրեն կնության տա և ինքը Հայոց աշխարհը նրան կդարձնե: Հունաց զորավարներն այս իմանալով, հայտնում են կայսրին: Ինքնակալ Թեոդոսը հրամայեց նրան բռնել, եթե նա իր կամքով կայսրի կոչին չգնա: Ուստի հարկադրված` իր կամքով գնում է կայսրի մոտ, հուսալով թե սուտ կհանե Ավգոստոսին (այսինքն` կայսեր առջև կարդարանա): Իսկ կայսրը նրան նույնիսկ տեսության չարժանացրեց, այլ հրամայեց երկաթե կապանքներով տանել Ովկիանոսի Թուղիս կղզին , չորս տարի թագավորելուց հետո>> : Այս պատումի մեջ Մանուելի համար տեղ չկա, եթե նույնիսկ ընդունենք, որ հեղինակը միտումնավոր չի ցանկացել գրել նրա մասին: Երկրորդը` Մեհրուժանին սպանելու դրվագն է: Վերն արդեն ներկայացրել ենք Խորենացու պատմածը, թե Ձիրավի ճակատամարտում ինչպես է Սմբատ Բագրատունի իշխանը վերջ տալիս Մեհրուժան Արծրունու կյանքին: Այլ է, սակայն, Բուզանդի պատմածը. <<Մերուժանը երբ այս լսեց (Մանուելի ձայնը)` իսկույն նիզակը ձեռքին առաջ անցավ, Մանուելին ախոյան դուրս եկավ: Բայց որովհետև երկուսն էլ հաղթահասակ մարդիկ էին` նիզակներով իրար հարվածելիս` երկուսն էլ ձիերից վեր ընկան: Անմիջապես Մանուելի նիզակակից Բաբիկը, Սյունյաց գավառի տերը, վրա է հասնում, նիզակով կողից վերից վար խփելով Մերուժանին կարում է գետնին, և նա այլևս չէր կարող վեր կենալ: Իսկ Մանուել սպարապետին նրա ձիապան սպասավորները ձի են հեծցնում: Եվ Մերուժանի գլուխը կտրում են, և բոլոր զորքերը երբ տեսան, թե Մերուժանը մեռավ` փախուստի դիմեցին>> : Ստացվում է, որ Մեհրուժանը Ձիրավից հետո շուրջ տասնմեկ տարի ևս պիտի կենդանի մնար, որպեսզի Մանուելը փառավոր հաղթանակով ավարտեր իր զինվորական կենսագրությունը: Բուզանդն իր պատմվածքում ակնհայտորեն ստեղծում է հակադրություն` Մեհրուժան-Մանուել, որից էլ Եղիշեն հետագայում արտածում է Վասակ-Վարդան հակադիր զույգին: Բուզանդի հերոսը Մանուելն էր, հետևապես Մանուելը պիտի ժողովրդին պաշտպաներ պարսկական վտանգից, դավաճան Մեհրուժանին նա պիտի սպաներ, ոչ Սմբատը, որովհետև դրան նախորդած տարիներին` 378-385 թվականներին ինքն էր եղել երկրի կառավարիչը : <<Յոթը տարի,- գրում է պատմիչը,- պարսիկներն այլևս չշարունակեցին Հայաստանի սահմանները մտնել, և երկիրը խաղաղացավ: Մանուել զորավարի մոտ ժողովվեցին երկրում ցրվածները, եկան մեկտեղացան և անհոգ ապրում էին, և Հայոց Մանուել զորավարը նրանց առաջնորդում էր: […] Բոլոր գավառներում Հայոց Մանուել սպարապետը նշանակում էր նահապետներ և գավառների տերեր, և խաղաղությամբ կառավարում էր բոլորին: Եվ ամբողջ Հայոց աշխարհը ապրում էր խաղաղության մեջ Մանուելի հովանու տակ` որքան ժամանակ կենդանի էր նա>> : Իրականում այդ շրջանում տիրող խաղաղությունը ոչ թե Մանուելի ջանքերի շնորհիվ էր, այլ պայմանավորված էր արտաքին հանգամանքներով: Պարսկաստանում երկար մի շրջան անկայուն վիճակ էր տիրում, պալատական հեղաշրջումները հաջորդում էին մեկը մյուսին: Շապուհ Երկարակյացի մահվանից հետո (379 թ.) գահ է բարձրանում Արտաշիր Բ.-ն, որը 383 թ. դավադրության զոհ է դառնում: Նույն ճակատագրին է արժանանում նաև նրանից հետո գահակալած Շապուհ Գ.-ն (388 թ.) : Իսկ Հռոմեական կայսրությանը լրջորեն անհանգստացնում էին գոթերը, որոնք հաճախ մինչև Կոստանդնուպոլիս էին հասնում: Ավելին, 378 թ. Ադրիանուպոլսի ճակատամարտում նրանք ոչնչացնում են գրեթե ամբողջ հռոմեական բանակը, զոհվում է նաև ինքը` Վալենտ կայսրը: Վերջապես Թեոդոս I կայսրին հաջողվում է լեզու գտնել գոթերի հետ: Նա <<ստիպված եղավ հաշտություն կնքել` տրամադրելով նրանց բնակության համար Իլլիրիայի մարզերը>> , որից հետո միայն կարողացավ զբաղվել նաև արևելյան հարցերով: Այն ժամանակ <<Արևելյան հարցով>> զբաղվել` նշանակում էր Հայքը մասնատելու կամ այնտեղ դրածո նշանակելու փորձեր կատարել: Իսկ դա ոչ միայն անհրաժեշտ էր, այլև հնարավոր էր: Անհրաժեշտ էր, որովհետև Պարսկաստանի հետ չկարգավորված հարցերը միշտ էլ հղի էին անկանխատեսելի հետևանքներով, իսկ հնարավոր էր, որովհետև անմիջականորեն Հայոց աշխարհում գործում էր բավական հզոր և ազդեցիկ ռազմական ու քաղաքական մի ուժ, որը պատմագիտության մեջ կոչվում է հռոմեասերների կամ հունասերների կուսակցություն: Այդ ուժը գլխավորում էր եկեղեցին` հենվելով Մամիկոնյանների բազկին, և ի զորու էր պատերազմներ սկսելու կամ թագավորներ փոխելու նախադրյալներ ստեղծել: Իրադարձությունների զարգացումներին ահա այս տեսանկյունից նայելու դեպքում պարզ ու հասկանալի է դառնում արդեն թե՛ Մանուելի հարձակումը Սուրեն մարզպանի վրա, թե՛ Սահակ Պարթևի կաթողիկոսացումը, և թե՛ Արշակի թագավորեցումը: Իսկ դրանք եկեղեցու կողմից ուղղորդվող քայլեր էին, որոնք Հայոց աշխարհը տանում էին դեպի մասնատում, ազգը` դեպի հավերժական երկփեղկում: Ստորև` հերթով: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
5078 reads | 28.01.2014
| |