ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ 11)
![]() ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) Սահմանադրական ժողովի (Մեջլիսի) հայազգի երեսփոխանները ներկայացրել են Կայսրության մինչև 12 տարբեր գավառներ: Նրանք աչքի են ընկել իրենց բարձր կրթությամբ, կայսրության հնագույն մշակույթը ներկայացնող ժողովրդին վայել ողջ արժանապատվությամբ, երեսփոխաններից ակնկալվող մեծ հմտությամբ, իրենց գավառների շահերը լավագույնս ներկայացնելու հռետորական տաղանդով ու ողջամտությամբ: Դրանք տարբեր դասակարգեր, բնագավառներ, հասարակական, սոցիալական տարբեր խավեր ու քաղաքական համակրություններ ունեցող անձեր են եղել, պետական ծառայողներ, մտավորականներ: 1877թ. մարտի 19-ին պատրիարք Ներսես Վարժապետյանը մասնակցում է Դոլմաբահչեում Օսմանյան պառլամենտի բացման արարողությանը՝ 12 հայ պատգամավորների հետ միասին:
Գիտություն և կրթություն ասպարեզում հայ մտավորականներն իրենց նվիրել են որպես ուսումնական կարևոր հաստատություններում տարբեր առակաների դասախոսներ, տնօրեններ, դասագրքերի հեղինակներ, Կրթության նախարարության պաշտոնյաներ, Մեջլիսի Կրթության հանձնաժողովի անդամներ, մասնակցել կրթական ծրագրերի կազմմանն ու դրանց քննարկման աշխատանքներին: Այս բնագավառում կարևորագույն դեր խաղացողներից են եղել հայերը: Պետական ծառայողներ պատրաստող "Մյուլքիյե” վարժարանում դասավանդել են հետևյալ հայ պրոֆեսորները՝ Թոմաս Թերզյանը (ֆրանսերեն), Նշան Ղուկասյանը (ֆիզիկա), Դավիթ Չրաճյանը (նկարչություն, գծագրություն), Պետրի էֆենդին (հաշվակալություն): Գալաթասարայի լիցեյում դասավանդել են՝ Թոմաս Թերզյանը, Սեպուհ Թաբիբյանը, Սարյան էֆենդին (ֆրանսերեն), Արթին Հովհաննիսյանը (պատմություն): Համալսարանում դասավանդել են՝ Հովսեփ Յուսուֆյանը (1852-1913) բարձրագույն մաթեմատիկա է դասավանդել մի շարք այլ հաստատություններում ևս, կրթելով հազարավոր ուսանողների: 1909թ. Բրյուսելում Տոպոգրաֆիայի միջազգային կոնգրեսում թուրքական կառավարության կողմից նշանակվել է ներկայացուցիչ: Հակոբ Պոյաճյանը (1854-1923) երկրաչափության ուսուցիչ է եղել "Մյուլքիյե”-ում և Գալաթասարայի վարժարաններում: Ուսանողների կողմից Սահմանադրության հռչակումից հետո ընտրվել է պատգամավոր: Որոշ ժամանակ անց Կրթության նախարարության Բարձրագույն խորհրդի ցմահ անդամ է ընտրվել: Միքայել Աշչյանը, Գրիգոր Ոսկիյանը եղել են Կրթության նախարարության գրաքննության պաշտոնյաներ: Գրիգոր Քյոմուրճյանը (1868-) եղել է մաթեմատիկայի պրոֆեսոր, որը շատ արդյունավետ գործունեություն է ունեցել: Մաթեմատիկա և տոպոգրաֆիա է դասախոսել Պետական ծառայողներ պատրաստող "Մյուլքիյե” վարժարանում, որի ամենափայլուն դասախոսներից է եղել: Դասախոսել է Սելանիկի "Ֆեյզիյե” դպրոցում, Բալըքեսիրի ու Էդիրնեի դպրոցներում: 16 տարի, մինչև Սահմանադրությունը, դասախոսել և որպես տնօրեն է աշխատել Էդիրնեյում: Հեղինակել է "Մատչելի երկրաչափություն” դասագիրքը, որն օգտագործվել է բոլոր ուսումնական հաստատություններում: 1908թ. Պոլիս գալով, արևտրական (կոմերսիալ) հաշվապահություն և հանրահաշիվ է դասախոսել Բարձրագույն գյուղատնտեսական դպրոցում: 1914-1933թթ. այդ դպրոցի համալսարանական բաժին է հրավիրվել, դասախոսելու առևտրական հաշվակալության և մաթեմաթիկական ողջ առարկաները: Դրան զուգահեռ դասախոսել է մի շարք մասնագիտական պետական կրթական հաստատություններում: Կրթության նախարարության կողմից արժանացել է Liyakat Madalyası և Maarif մեդալների: Արսեն Սաֆարյան (1833-1907). 19 տարեկանում Էդիրնեի նահանգապետարանում թարգմանչություն է կատարել: 1860-ականներին Կրթության նախարարությունում քարտուղար է աշխատել, եղել գրաքննիչ պաշտոնյա՝ Պոլսի մամուլի վարչությունում: 1874-79թթ. Մեջլիսի Կրթության հանձնաժողովի անդամ է ընտրվել: Աշխատել է նաև Յոզղաթում: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
2652 reads | 03.10.2014
| |