ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ 10)
![]() ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) Երկրի կառավարման կարևոր օղակներից է հանդիսացել Պետական խորհուրդն (Şurayı Devlet) իր Պետական խորհրդի անդամներով (Şurayı Devlet Ayan Azaları): Քաղաքացիական ու քաղաքական, իրավաբանական, հաշվակալական և մյուս հանձնաժողովների նախագահներ և անդամներ են եղել մի շարք հայ պաշտոնյաներ: 1870թ., երբ Յուսուֆ Քյամիլ փաշան է ղեկավարել այս Խորհուրդը, այն ունեցել է հայազգի անդամներ: Միհրան Տյուզ Ամիրա (1817-1891). Այս հայտնի անձը արքայական ընտանիքի, մասնավորապես Մայր սուլթանի սեղանավորն ու Փողերանոցի տնօրինողն էր: 1877թ. ընտրվել է նաև Պատգամավորական ժողովի անդամ (Meclisi Mebus azası). Պետական խորհրդի անդամներ են եղել կայսրության դիվանագիտական անձնակազմի որոշ հայ ներկայացուցիչներ, ինչպես Լեռնալիբանանի կառավարիչ Հովհաննես փաշա Կույումճյանը, Մանուկ Ազարյանը, Գաբրիել Նորատունկյանը: Խուդավերդի օղլու Հովհաննես, Պետական խորհրդի անդամ, կառավարության Ֆինանսների հանձնաժողովի անդամ։ 1878թ. առաջին աստիճանի UlՉy-ı Evvel է ստացել: Պետրոս Կույումճյան (-1899), անտառագետ: Եղել է Անտառի և հանքերի վարչության տնօրեն, իսկ 1877թ.՝ եղել Առևտրի ու Գյուղատնտեսության փոխնախարար: Սուլթանական Անձնական գանձերի նախարար է եղել: 1892թ. ընտրվել է Պետական խորհրդի անդամ: Ստացել է 2-րդ աստիճանի MecidՏye և առաջին աստիճանի Osmaniye: Պետրոս Կույումճյանը գերմանական կառավարությունից Պրուսական խաչի առաջին աստիճան է ստացել: Աբրահամ փաշա Երամյան (Քարաքահյա, 1883-1918), պոլսեցի վեզիր, դիվանագետ: Աբդուլհամիդ Բ-ի օրոք եղել է ազգային փոքրամասնությունների կողմից Պետական խորհրդի անդամ, հանդիսացել առաջին կարևորության երեք անձանցից մեկը: Անտոն Թնկըր փաշա (1812-1908), Պետական խորհրդի անդամ է ընտրվում 1901թ., երբ Պոլսի Ղալաթիայի թաղամասի փոստի տնօրեն էր: Տատյան Արթին փաշա (1830-1901), վեզիրության աստիճանի հասած դիվանագետ: 1867թ. Պետական խորհրդի իսկական անդամ է ընտրվել: 1869թ. Անտառների նախարարությունն է տնօրինել: Արթին փաշա Տատյանն անդամակցել է Պետական խորհրդի քաղաքացիական և քաղաքական հանձնաժողովներին: Քաղաքական հանձնաժողովում Տատյան ամիրայի մահվանից հետո Աբրահամ փաշա Երամյանն է փոխարինել նրան, ապա՝ Արթին Տատյան փաշայի որդին՝ Տիրան բեյը և Զարեհ Տիլբերը : Սահակ Ապրոն, Զարեհ Տիլբերը և Հովհաննես Նուրյանը աշխատել են կառավարության իրավաբանական հանձնաժողովում: 1868-1874թթ. Ֆինանսների նախարարությունից Պետական խորհրդի անդամներ են եղել հայ ամիրայական գերդաստանների հետևյալ ներկայացուցիչները՝ Հովհաննես Թնկըրը, Մսրլյան Պողոսը (1812-1873), իրավագետ Գրիգոր Օտյանը (1834-1908), Սարգիս բեյը: Սահակ Ապրո Չելեպի (1823-1900), Ապրո Չելեպիի գերդաստանից է: Ցմահ նշանակվել է Պետական խորհրդի իրավաբանական բաժնի անդամ։ Իզմիրից Պոլիս գալով 1852-53թթ. Գրիգոր Մարկոսյանի հետ հրատարակել են "Նոյան Աղաւնի” հայերեն շաբաթաթերթը: 1852թ. Ալի փաշայի սադրազամության շրջանում Բ Դռան արտաքին հարաբերությունների թարգմանական բաժնում պետական գլխավոր թարգմանչի պաշտոնն է վարել, ապա՝ աշխատել որպես Արտգործնախարարության ընդհանուր քարտուղար: 1876թ. նշանակվել է Ֆիլիպեում (Վառնա) կազմակերպված Արտակարգ խորհրդի անդամ, ապա և՝ Խորհրդի նախագահ դարձել: Պետական խորհրդի անդամ է ընտրվել: Գրական, թարգմանական մեծ ժառանգություն է թողել: Թուրքերենի է թարգմանել Մաքիավելլիի "Կայսրը”, Ժան-Բատիստ Սեյի "Քաղաքատնտեսությունը”, Վոլտերի "Շառլ 12-րդի պատմությունը”, "Պետրոս Մեծի պատմությունը”, Ռըֆաթ փաշայի հետ հրատարակել են կարևոր դեմքերի մասին քաղաքական դիմանկարներ: Հովհաննես Նուրյանը (1839-1900) եղել է Գյուղատնտեսական բանկի տնօրեններից: Նուրյանը եղել է թուրքական "Կարմիր մահիկի” միության հիմնադիրներից, նրա փոխնախագահը: Պետական խորհրդի ֆինանսական հանձնաժողովում 1894թ. տեսնում ենք Էլյաս (Եղիազար) Չայանին (1840-1902), որի մայրական կողմից պապը արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանն էր (1798-1869): Իր քաղաքական կյանքը սկսել է 1876թ. Արտգործնախարարությունում ծառայելուց: Եղել է պետության ամենագնահատված այրերից : Դատական հանձնաժողովում է աշխատել Անտոն Քյոշեյանը: 1893թ. Պետական խորհրդի նախագահի օգնական է եղել օսմաներենի հայտնի լեզվաբան ու բառարանագիր Պետրոս Զեքի Կարապետյանը (1871-1937): Հաշվակալական հանձնաժողովում է աշխատել Ֆինանսների նախարարության Հաշվակալության ատյանի անդամ Գրիգոր Խտրյանը: Մեծ ներդրում է ունեցել այս հանձնաժողովներում ֆրանսիական իրավաբանական կրթությամբ օրենսգետ Հրանտ Ասատուրը (1862-1928), որը 1914 թվականին անդամակցել է Պետական խորհրդին: Նա բազմաթիվ օրենքների (առևտրական, արդարադատության, դատական հարկադիր բռնագրավման բնագավառներում) հեղինակ է ու այլ օրենքների մշակման հեղինակակից: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
3214 reads | 09.09.2014
| |