ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
![]() ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Որքան էլ որ տարօրինակ է, այս նախարարության անձնակազմը ևս զերծ չի մնացել հայազգի պաշտոնյաների, մասնագետների ծառայություններից: Այս նախարարությունում տարբեր վարչությունների (գրաքննության, հաշվակալական, թարգմանական և այլ) տնօրենների պաշտոններ են վարել պոլսահայ մթնոլորտում երևելի դեմքերից հետևյալ մտավորական անձինք՝ Գրիգոր Օտյան, Մկրտիչ Սինափյան, Հովհաննես Քարդավյան, Պետրոս Խորանսանճյան, Գևորգ Բագրատ, Պողոս Խանլյան, Մելքոն Նազիկյան, Գարեգին Ղազարոսյան, Էդվարդ-Երվանդ Սամուելյան և ուրիշներ: Բնականաբար Պոլսում և արտասահմանում իրավաբանական, փաստաբանական գիտելիքներ ստացած հայ մասնագետները, եթե չեն էլ տնօրինել Նախարարության բաժինների մեծ մասը, ապա անպայման եղել են այդ բաժինների պատասխանատու տեղակալներ: Մարշալ Կարապետ Արթին Դադուդ փաշա, Հովսեփ Վարդան փաշա, Գրիգոր Շաբանյան, Հովսեփ Ամիրա, Խաչատուր Տեր Ներսեսյան, Նշան Գազազյան, Միքայել Մամիկոնյան, Պետրոս Քարամաճյան, Գարեգին Դևեճյան, Սերվեթ Փալաճյան, Սիսակ Ֆերիտ, Մինաս Կամսար, Լևոն Սուրենյան, Երվանդ Յուսուֆյան, Պողոս Պառնասյան, Հարություն Խանդանյան և այլոք: Նրանց դիմանկարներին, լուսանկարներին նայելիս տեսնում ենք շքանշաններով զարդարված զինվորական համազգեստով մարդկանց, որոնք ազնվությամբ իրենց գիտելիքներն ու գործունեությունը ծառայեցրել են սուլթանական կառավարությանը, օտար խորհրդականների հետ միասին ձևավորել այս նախարարության գործունեությունը նոր՝ եվրոպական չափանիշներով: Հայ լեզվաբանների, բժիշկների ծառայությանն են դիմել անգամ ռազմական նախարարությունում՝ Սպարապետի դուռ կոչված հիմնարկում: Այստեղ են ծառայել հայտնի օսմանագետ, բազմաթիվ օսմաներեն դասագրքերի հեղինակ, իր ժամանակի հայտնի անձանցից Միհրան Աբիկյանը, Մելքոն Նազիկյանը: Բնականաբար թարգմանական բաժնում ևս հայերի են տեսնում (Մամիկոնյան), իսկ Առողջապահական 2-րդ ճյուղի ղեկավարների թվում է եղել գնդապետ Գաբրիել բեյ Թաշճյանը: Կառավարություն Օսմանյան կայսրության կառավարության առջև ծառացած մեծագույն խնդիրներից էր պետական պաշտոնյաների, ծառայողների սեփական բանակ պատրաստելը: Այդ էր պահանջում ոչ միայն ժամանակը, այլև եվրոպական հանրությանը նմանվելու, նրանց հետ համաչափ քայլելու փորձությունը: 1908թ. Անտուան Զելլիչի տպարանում հրատարակվում է 48 հոդվածից բաղկացած "Պաշտոնեաներու միջազգային եղբայրակցութիւն. կանոնագրութիւն”-ը: Նույն 1908թ., հայտնի հրատարակիչ Տիրան Քելեկյանը նշանակվում է քաղաքացիական ծառայողների պատրաստման դպրոցի բարձր կուրսերի պրոֆեսոր: Այս դպրոցի շրջանավարտները կոչված էին գլխավորելու ամենատարբեր քաղաքացիական կառույցներ Պոլսում, Օսմանյան կայսրության մեծ քաղաքներում և նահանգներում: Ծառայողների պատրաստումը ենթադրում էր տարբեր ոլորտների մասնագետների, խորհրդականների, վերահսկիչների սերնդի թուրքացում: Մինչ այդ, ուսումնասիրելով արևմտահայության 18-19դդ. պատմության այս ոլորտը, տեսնում ենք հազարավոր ոչ թուրք, հայ մասնագետների, որոնք իրենց ձեռքում են պահել քաղաքապետարանների, նահանգային կուսակալությունների , գավառների, նախարարությունների, վարչությունների, կյանքի ու կենցաղի հնարարվոր բոլոր ոլորտները։ Մասնագետների սղության պատճառով այս վայրից տեղափոխվել են մի այլ վայր, որը միաժամանակ ապացույց էր մասնագիտական առումով նրանց նկատմամբ եղած մեծ վստահության: Սակայն եկել էր ժամանակը, որպեսզի քրիստոնյա պետական ծառայողները փոխարինվեին մահմեդական, թուրք պաշտոնյաներով: Մի քանի օրինակներ ակնհայտ կդարձնեն պետական ծառայության կարևոր ասպարեզներից միայն մաքսային ու պետպարտքի վարչություններում (նախարարություն) հայ մասնագետների ներդրման փաստը , նրանց ծառայությունների դիմաց պետության կողմից տրված պարգևատրումների հիման վրա: Մարկոսյան Գրիգոր (1821-1888), պետական թարգմանիչ: 9 լեզուների է տիրապետել: Ղրիմի պատերազմի ժամանակ հայտնի թարգմանիչներից է եղել: Կ.Պոլսում մասնակցել է իշխան Մենշիկովի և Ռըֆաթ փաշայի, թուրք-ռուսական մյուս բոլոր բանակցություններին: Պաշտոնավարել է 19 տարի: Արդյունաբերական դպրոցի տնօրեն է եղել: Պատրիարքարանի Ազգային ժողովում կարևոր դերակատարություն է ունեցել և նկատելի ներդրում ունեցել Ազգային սահմանադրության պատրաստման գործում: Կառավարական զինվորական թարգմանիչներից հայտնի է Միքայել Մամիկոնյանի անունը, որն արժանացել է 2-րդ կարգի OsmanՏye-ի (1900): Հովսեփ Վարդան Փաշա (Հովսեփ Վարդանյան, 1815-1879), բազմակողմանի զարգացած, տաղանդավոր գրող, պատմաբան, հրապարակախոս, դիվանագետ-քաղաքագետ, Օսմանյան ծովային ուժերի գլխավոր թարգմանիչ: Գրական, հրապարակախոսական ստեղծագործություններում արտահայտվել է հիմնականում հայատառ թուրքերենով: Ուսումը ստացել է Վիեննայի Մխիթարյան միաբանների վարժարանում: 1837թ., 22 տարեկանում, Արքունի նավարանի թարգմանիչ է նշանակվել, ապա ստացել է Ծովային Ա թարգմանչի աստիճան և փաշա-ի տիտղոս (1858), բազմաթիվ պատվանշաններ: Ֆրանսիական կառավարության կողմից Յավեր փաշայի հետ միասին ստանում են Chevalier de Lռgion d’Honneur շքանշան: 25 տարի հաջողությամբ պաշտոնավարելով զինվորական ասպարեզում, 1860 թվականից քաղաքական պաշտոններ է ստանձնել, ստացել Բեյ տիտղոս, կառավարական զանազան հաստատություններում խորհրդական ու անդամ ընտրվել: Մասնակցել է Օսմանյան և Ազգային սահմանադրությունների, բազմաթիվ ծրագրերի, կանոնադրությունների պատրաստման աշխատանքներին: Եղել է պոլսահայ պարբերական մամուլի բացառիկ անուններից: 24 տարի հրատարակել է մեծածավալ հայատառ թուրքերեն "Մէճմաայի Հավատիս” (Ծաղկաքաղ լուրերի, 1853-1877) քաղաքական, վարչական, գիտական, գյուղատնտեսական և այլ բնագավառների պարբերականը, որի դադարից հետո աշխատակցել է Կարապետ Փանոսյանի հայատառ թուրքերեն "Մանզումէի Էֆքեար” (Մտածումների շար, 1866-1896, 1901-09, 1912-1917) օրաթերթին, ապա մինչ մահ խմբագրապետ եղել հայատառ թուրքերեն "Թէրճիմանը Էֆքեար” (Թարգման մտածումների, 1877-1885) թերթի: Հիմնականում ստեղծագործել է հայատառ թուրքերեն: Նրա խմբագրականները, մասնավորապես տնտեսական խնդիրների շուրջ, դիվանագիտական մտքի արդյունք հոդվածները՝ ժամանակի ձայնն են եղել ու ընթերցողների բազմազգ շրջանակ ունեցել, մասնավորապես նկատի ունենք թուրք բարձրաստիճան ծառայողական ու մտավորական դասին: 1868թ. ընտրվել է Արդարադատության նախարարության խորհրդի անդամ, ընտրվել է նաև Ջևդեթ փաշայի ղեկավարած Կրթության նախարարության խորհրդի անդամ: Նա հեղինակն է "Ագապի”, "Շատախոսը” հայատառ թուրքերեն վեպերի , "Նապոլեոնի պատմություն” (6հ.), "Արևելյան պատերազմների պատմություն” (2հ.) մեծարժեք հայատառ թուրքերեն պատմական երկերի։ Ֆրանսերենից թարգմանել է մի շարք հայտնի վեպեր, գիտական, քաղաքական բազմաթիվ գործեր: Նա հայ կաթոլիկ առաջադեմ երևելիների հետ միասին գաղտնի պայքար է մղել նույն կաթոլիկ եկեղեցու քաղաքականության, հայակործան, ջլատիչ գործունեության դեմ: Գևորգ Ասլանյան (1849-1922), պետական հայտնի գործիչ, ինժեներ, գյուտերի հեղինակ: Ինժեներական բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում: Վերադառնալով ինժեներություն է արել Հայդարփաշա-Իզմիթ երկաթուղում: 1892-1908թթ. Հասարակաց շինությանց նախարարության Կամուրջների կառուցման ու ճանապարհաշինության վարչության պետի տեղակալն է եղել, իսկ՝ 1909թ. ղեկավարել է այն: 1899թ. սուլթանի Անձնական գանձարանի խորհրդական-մասնագետն է եղել: 1901-03թթ. աշխատել է որպես Ստամբուլի Ջրային տնտեսության վարչության ղեկավար, 1904-8թթ.՝ Հայդարփաշայի նավահանգստի վերատեսուչ: 1910թ. թոշակի է անցել: Նա է կատարել Գեդիզ գետի հունի փոփոխության, Իզմիրի և Սկյուտարի ջրային պաշարների բաժանման, Դեդեաղաջ-Սելանիկ երկաթուղու առաջին նախագծերը, Սելանիկ և Հայդարփաշա նավահանգիստների կառուցապատումը: Իզմիր քաղաքի գլխավոր ինժեներ եղած ժամանակ Գևորգ Ասլանյանը ստացել է 3-րդ աստիճանի MecidՏye (1885): 1914թ. ղեկավարել է "Էրմենի բանկասը”-ն (հայկական բանկը): Գրել է կենսաբանության (1882), աշխարհագրության (1883) հայերեն դասագրքեր, Հայ ժողովրդի պատմության մասին ֆրանսերեն աշխատություն (Etudes historiques sur le peuple armռnien. 1909): Քաղաքապետարանի պաշտոնյաներ Քաղաքապետարանների կառուցվածքում տարբեր վարչություններ կարիք են ունեցել մասնագիտական վարչարարության, ուստի այստեղ ևս հայ մասնագետները հայտնի են եղել իրենց բարձր մակարդակով ու անխոնջ գործունեությամբ: Բազմաթիվ քաղաքապետների պաշտոններ Պոլսո, նրա մերձակա գյուղերում, ինչպես նաև նահանգային կենտրոններում վարել են հայ ինժեներները, տարբեր մասնագիտությունների տեր հայազգի պետական ծառայողներ ։ Նրանց թվում շատ են եղել գավառների, գավառակների պատասխանատու ղեկավարներ՝ գայմագամներ: Այս պաշտոնյաները հիմնականում Պետական ծառայողների դպրոցի շրջանավարտներ էին: Երբեմն վերջիններս տարբեր առիթներով պարգևատրվել են նաև եվրոպական տերությունների պատվանշաններով, որով կարելի է ենթադրություններ անել տվյալ գավառում նրանց ունեցած շահերի, հայ համայնքում եղած հարաբերությունների որակի մասին: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
3253 reads | 24.07.2014
| |