ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր 






Մինչ Գրիգոր Աղաթոնը Փարիզում էր, հիվանդ, 1868թ., մահվանից կարճ ժամանակ առաջ Նապոլեոն Գ-ից ստանում է Legion d’Honneur հրամանատարի աստիճան և ասպետի շքանշան, որպես գնահատանք հեռագրական ու թղթատարության միջազգային գործին մեծ ծառայություններ մատուցած անձի: Սուլթան Ազիզը չսպասելով, որ նա Պոլիս գա, Փարիզ է ուղարկում Գրիգոր Աղաթոնին Հասարակաց շինությանց նախարար նշանակելու իր հրամանագիրը, սակայն Փարիզում Աղաթոնը կնքում է մահկանացուն: 

Նա Հակոբ Կրճիկյանի ու Սթիմարճյանի հետ միասին հեղինակել է շերամաբուծության կարևոր ձեռնարկներ, որ տպագրվել են 1846թ. Պոլսում, տարածվել շերամաբուծական կենտրոններում, անվճար բաժանվել, թարգմանվել հայատառ թուրքերենի: 

1868թ., նրա մահվանից հետո, որպես Փոստ-հեռագրական նախարար սկսում է աշխատել Կարապետ փաշա Դավուդյանը: 

Նրանից հետո Ստամբուլի հայ պատգամավոր Պետրոս Հալաճյանին (1871) է փոխանցվում այս պաշտոնը: Ֆրանսիայում նա հետևել էր իրավաբանության, ավարտել այդ ֆակուլտետը: 1908թ. եղել է Ստամբուլի կողմից Մեջլիսի պատգամավոր: Եղել է հանրօգուտ շինությանց նախարար: Նրա օրոք ֆրանսիական մի ընկերության հետ համատեղ 10 հազար կմ մայրուղի (շոսսե) է կառուցվում, 1910թ. Ստամբուլ են բերվում շատ մեքենաներ: Նա զանազան կարևոր ծառայություններ է ունեցել կայսրության համար: Մի որոշ ժամանակ էլ ֆինանսների նախարարի թեկնածու է եղել: 

Հանրօգուտ շինությանց հայազգի նախարարներից է եղել փաստաբան Սինափյան Գրիգորը: Նա փոխարինել է Պետրոս Հալաճյանին: Նրա գործունեության հաջողություններից է եղել թուրք-հունական երկաթուղիների միավորումը: Գ.Սինափյանը դրան հասնելու համար ծրագրերի որոշ ստրատեգիա մշակեց, ըստ որի կողմնակից էր երկաթուղու ծովափնյա շրջաններով անցկացմանը: Փաստաբան Գրիգոր Սինափյանը վարել է նաև Անտառների ու հանքերի, իսկ այնուհետև՝ Փոստի ու Հեռագրատան նախարարների պաշտոնները: 1911թ. Գրիգոր Սինափյանը Անտառների ու հանքերի նախարարության խորհրդականից՝ Գյուղատնտեսության նախարար է նշանակվում: 

Հովհաննես Չամիչ (-1884). Հայտնի ֆինանսիստ և պետական այր: Սաքըզ Հովհաննես փաշայից հետո Չամիչ Հովհաննեսն է, որ մեծ ներդրում է ունեցել երկրի ֆինանսական կյանքում: Տիրապետել է արևելյան լեզուների, որի համար պետական ծառայության է նշանակվել: 1867թ. Օսմանյան Բանկում հաշվապահական բաժնի հսկիչ է աշխատել, ապա՝ Պետական արժեթղթերի վարչության ղեկավար: 1876թ. Պետական խորհրդի անդամ է ընտրվել: 1877թ. նշանակվել է Առևտրի և գյուղատնտեսության նախարար: 1878թ. Հովհ. Չամիչը ընտրվում է ֆինանսական բարեփոխումներ ձեռնարկող հանձնաժողովի նախագահության անդամ: 1878թ. Հանրօգուտ շինությանց նախարար է նշանակվում: Միաժամանակ, 1879թ. Հաշվակալական վարչության հիմնադիրն ու տնօրենն է եղել : Կաթոլիկ լինելով հանդերձ եղել է հասունյանական, կաթոլիկական ապազգային քաղաքականության դեմ բուռն պայքարողներից: 

Սինափյան Մկրտիչ (1856-1922). Հանրօգուտ շինությանց նախարարության կարևորագույն՝ Վիճակագրական վարչության տնօրեն, ապա՝ նախարար է եղել: Գրիգոր Սինափյանի հորեղբայրներից է: Նա իր հայրենակցի, Անվտանգության նախարարության բժիշկ գնդապետ Կոմիտաս բեյ Մինասյանի հետ միասին համարվել է Աբդուլհամիդ Բ-ի "ընտիր” մարդկանցից: 

1881թ. Սերվեր փաշայի և Մյունիհ բեյի հետ միասին անդամակցել է օտար ֆինանսական պատվիրակությունների հետ համատեղ գործունեության խորհրդակցություններին: Պոլսահայ մթնոլորտում լինելով հանդերձ կաթոլիկ դավանանքի հետևորդ, պայքար է մղել ազգակործան հասունյանականների դեմ, ինչպես իրենց գերդաստանի հայրենասեր պետական այրերը: 

1901թ. Առևտրի ու Հանրային շինությանց նախարարության վիճակագրական բաժնի պետ Մկրտիչ Սինափյանը պարգևատրվել է MecidՏye շքանշանով: 1902թ. նշանակվել է Առևտրի ու Հանրօգուտ շինությանց նախարարի օգնական: Ընդունված է եղել բացառիկ նվիրվածություն ցուցաբերած պաշտոնյաներին անձամբ պատվանշաններ տալուց բացի, նրանց նվիրվածության գրավականները հանդիսացող ընտանիքի իգական անդամներին ևս շնորհների արժանացնել: Այն հիմնականում վերաբերվել է երևելի պաշտոնյաների մայրիկներին, կանանց: 1903թ. Հանրօգուտ շինությանց նախարարության խորհրդական Մկրտիչ Սինափյանի կնոջը՝ Ագապիին և աղջկան՝ Աստինեին, երկրորդ և երրորդ աստիճանի Şefakat պատվանշաններ են շնորհվել կառավարության կողմից: 

Հանրօգուտ շինությանց նախարարությունը արտասահմանում ուսանած, տեխնիկական կրթություն ունեցող հայազգի մասնագետներին հնարավորինս շատ իր տարբեր վարչությունների տնօրենների պաշտոններում է նշանակել: Բնականաբար այս նշանակումներում կարևոր դեր են խաղացել հայազգի նախարարները, որոնք տարիներ շարունակ գլխավորել են Հանրօգուտ շինությանց նախարարությունը: Նրանք նախընտրել են լավագույն կրթություն ստացած հայ մասնագետներին, որոնց շնորհիվ այս նախարարությունը շատ առաջընթացներ է արձանագրել Օսմանյան կայսրության կյանքում: Այսպես օրինակ, Առևտրի ու Հանրային շինության նախարարության Կամուրջների ու ճանապարհների վարչության տնօրենի պաշտոնում հայտնի է եղել Գևորգ Ասլանյանը, որն արժանացել է RՖtbe-i SՉniye (1894), 5-րդ աստիճանի MecidՏye, UlՉy-ı sՉni (1900) պատվանշաններին ու աստիճանին: Այս նախարարությունում մենք տեսնում ենք նաև այնպիսի հայտնի անունների, որոնք մեծագույն ներդրում են ունեցել նախևառաջ օսմաներեն լեզվի զարգացման, բազմաթիվ դասագրքերի ու բառարանների հեղինակման, հրատարակման մեջ: Այս դասագրքերով են կրթվել ու օսմաներեն սովորել, դասավանդել կայսրության դպրոցներում ու մասնագիտական վարժարաններում: Դասագրքերի մի մասը եղել է հայատառ թուրքերենով: Այդ անուններից է 1900թ. Հանրօգուտ շինությանց նախարարության թարգմանիչ, 3 տասնյակից ավել օսմաներենի տարբեր դասագրքերի հեղինակ Միհրան Աբիկյանը, որն արժանացել է 4-րդ աստիճանի OsmanՏye-ի:

Նույն տարիներին նախարարության Արձանագրությանց դիվանի պետ Ռաքըմ էֆենդին (Խնդիր Քյուրքճյան) երկար տարիներ պաշտոնավարել է: Այս շրջանի հայտնի անուններից էր Գաբրիել Սերվիչենը, որը եղել է նույն Նախարարության Հատուկ բաժնի պետ և խորհրդական: 1900թ. հանրօգուտ շինությանց նախարարության խորհրդական, "Sabah” օսմաներեն թերթի արտոնատեր Միհրան Նագգաշյանին տրվում է բարձրագույն պարգևներից Առաջին աստիճանի MecidՏye: 1902թ. Առևտրի ու Հանրային շինությանց նախարարության իրավախորհրդատու Հովհաննես Քարտաշյանը ստանում է MՖtemayiz, 2-րդ աստիճանի UlՉy-ı sՉni և արծաթե Imtiyaz: Վիճակագրական վարչության ղեկավար Ռոբեր Յազճյանը ստանում է Բալա-ի պատվավոր աստիճան: 

Պոլսից դուրս, Երուսաղեմի Հանրային շինությանց գլխավոր պաշտոնյա է աշխատել Մկրտիչ Ֆրենկյանը, որն արժանացել 4-րդ աստիճանի OsmanՏye-ի (1894): 

Օսմանյան հանրային պարտուց վարչությունում կարևոր պաշտոններ են վարել Գրիգոր Տրենց Մարգարյանը (1856-1909), որը Հովհաննես Ամիրա Մարտիրոսյանի թոռն էր, և ուրիշ երևելի ընտանիքի անդամներ: Նա աշխատակցել է նաև "Բիւզանդիոնին” (1905): 

Հրանտ Նորատունկյան (1875-1957), դիվանագետ: Հարություն Նորատունկյանի (1845-1899) որդին է: 1884-86թթ. սովորել Կայսերական դպրոցում: Ավարտել է Պոլսի և Ֆրանսիայում՝ Էքս ան Պրովանսի համալսարանների իրավաբանական ֆակուլտետները: 1898-1901թթ. Արտգործնախարարության ցանցում իրավաբանական խորհրդատու է եղել: 1902-07թթ. Ռումինիայի Կալաց քաղաքի հյուպատոս է եղել: 1903թ. եղել է միաժամանակ Ռումելիի երկաթուղային ընկերության Արբիտրաժային խորհրդի քարտուղար: 1908թ. Բելգրադի դեսպանատան առաջին քարտուղար է եղել: 1912թ. Ս.Պետերբուրգի գլխավոր դեսպանատանը որպես քարտուղարության պետ է ծառայել: 1914թ. Բելգրադի հյուպատոսարանի խորհրդական և գործերի ներկայացուցիչ եղել: Առաջին համաշխարհայինի ժամանակ վերադարձել է Պոլիս, աշխատել որպես Քաղաքացիության վարչության տնօրեն: 1918թ. Վիեննայի Գլխավոր դեսպանատան քարտուղարության պետ է եղել մինչև 1928թ: Ապա զբաղվել է առևտրով: Ստացել է 4-րդ աստիճանի OsmanՏye (1900), Rutbe-i SՉniye (1904), ռումինական կառավարության կողմից` "Ռումինական թագ” շքանշանը (1909), Սերբիայի թագավոր Պետե(ա)րի կողմից 1-ին աստիճանի St.Sava շքանշանով պարգևատրվել (1910): 3 ամիս անց Օսմանյան կառավարությունը նրան շնորհել է 3-րդ աստիճանի MecidՏye (1910), ստացել ռուսական Romanov մեդալը (1913): 

La Turk Moderne ֆրանսերեն պարբերականում, որին թղթակցել է տարիներ շարունակ, հոդվածաշարով քաղաքական հուշագրություն է հրատարակել "Բալկանյան պատերազմի մասին”: 1957թ. նույն հրատարակչությունը լույս է ընծայել նրա ֆրանսերենով "Մի հեռախոսազանգ” վեպը: Գրել է բանաստեղծություններ:

Փոստային-հեռագրական-հեռախոսի նախարարություն (PTT) 

Յուրաքանչյուր երկրի համար այս բնագավառը ստրատեգիական նշանակություն ունի: Այն կարող է հանդիսանալ պետությունների անվտանգության մի քանի գրավականներից մեկը: Օսմանյան կայսրությունում այս ասպարեզը միջազգային մակարդակով սկսել է ձևավորվել միայն 19-րդ դարում, երբ օտար երկրների հետ դիվանագիտական երկկողմ հարաբերությունները սկսել են զարգանալ, երբ ի թիվս միջազգային տարբեր կազմակերպություններում անդամակցել ձգտող կայսրությունը փորձել է որոշակի մակարդակ ապահովել, իր տեղն ունենալ եվրոպական և միջազգային ասպարեզներում: 

Դիվանագիտական առաջին ներկայացուցչությունների հաստատման հետ միասին վերջիններիս կողմից ջանքեր են գործադրվել Օսմանյան կայսրություն ներմուծել իրենց երկրներում հաստատուն դիրքեր ունեցող փոստային համակարգերը: Սա հնարավոր էր դարձնում այս բնագավառի վերահսկողությունը, ինչը կարևոր դեր կարող էր խաղալ: Այսպիսով, Ստամբուլում, երկրի ողջ տարծքում սկսեցին գործել եվրոպական տարբեր երկրների փոստեր, հեռագրական գործակալություններ: 

1840թ. Պոլսում, Յենի Ջամիին կից "Ջիզյեհանե Դաիրե”ում՝ "Փոստահանեի Ամիրե” անունով առաջին փոստը սկսեց գործել: Հատուկ մի աշխատակից՝ սոֆիահայ Եղիազարը, թուրքերենի էր թարգմանում էր բոլոր լեզուներով հասցեները, որի համար 600 ղռուշ էր ստանում: 

Փոստ-հեռագրական ինստիտուտը Օսմանյան կայսրությունում միաժամանակ ներկայացնում էին ավստրիական, ֆրանսիական, գերմանական, անգլիական և թուրքական գործակալությունները: Լայնորեն օգտագործվում էին ցամաքային և ծովային հնարավորությունները: Այս համակարգում իրապես արժեքավոր էին լեզուների գիտությամբ աշխատակիցները: Օտար գործակալություններն իրենց ներկայացուցչությունների տնօրեններ են ընտրել սովորաբար հայերի, ինչպես օրինակ, ավստրո-ամերիկյան փոստային ընկերության Թուրքիայի գործակալ է եղել Թեոդոր Հյուրմուզը (1908):
Տարբեր նահանգների ու Պոլսի տարբեր շրջանների բաժանմունքներում աշխատել են հայազգի պաշտոնյաներ : Համակարգը բաժանված է եղել քաղաքային, գավառական վարչություների, որը կենտրոնացվել է Փոստ-հեռագրական նախարարության (երբեմն՝ վարչություն) կողմից: Երկար տարիներ սուլթանական կառավարության այս օղակը ղեկավարվել է հայ նախարարների, տարբեր աստիճանի ծառայողների կողմից: Պատմությունն արձանագրել է, թե որքան մեծ է եղել հայ նախարարների և միջազգային անկախ փոստային խորհրդաժողովներում օսմանյան պետության հայ պատվիրակների ներդրումը: 

Փոստի և Հեռագրի նախարարներ են եղել հայ երևելի մտավորականներ, դիվանագետներ, եվրոպական կրթություն ստացած մասնագետներ: Նրանց շնորհիվ է, որ Օսմանյան կայսրությունը հաջողությամբ ներկայացվել է միջազգային ասպարեզում, կնքվել են կարևորագույն համաձայնագրեր, որոնք ճանապարհ են հարթել եվրոպական տերություններից այս կարևոր ասպարեզի անկախացմանը և ինքնուրույն զարգացման ուղի հարթելուն: Հայ նախարարներից հայտնի են եղել՝ Գրիգոր Աղաթոնը, Մարշալ Կարապետ Արթին Դավուդ փաշան, Պետրոս Հալաճյանը, Սինափյան Գրիգորը, Անտոն Թնկըր Յավեր փաշան, Ոսկան Մարտիկյանը, Սթանպոլյան Հակոբը : Անտոն Թնկըր Յավեր փաշան նախարարական այս աթոռը զբաղեցրել է երկու անգամ (1891): 

Տարիներ շարունակ ինչպես այլ, այնպես էլ Անկախ փոստերի միջազգային կոնգրեսներում օսմանյան պատվիրակությունները ղեկավարել, ներկայացրել են հայ նախարարներ: Կարապետ փաշա Դավուդյանին է վտահվել նախ՝ հեռագրական վարչությունը (1860), ապա՝ Փոստ-հեռագրական նախարարությունը (1868): 1864թ. Փոստի և հեռագրական գործերի նախարար է նշանակվել Գրիգոր Աղաթոնը: 1865թ. Փարիզում, Փոստային հեռագրական միջազգային կոնգրեսում մեծ վարպետությամբ ներկայացրել է Օսմանյան կայսրությունը: 1866թ. նա դառնում է Օսմանյան թղթատարության (Փոստի) ընդհանուր տնօրեն: Հեռագրական միջազգային հանձնաժողովներում հիմնական խնդիրներից է եղել ընդհանուր սակագների հաստատումը: Փարիզից վերադարձին նա հիմնում է ազգային փոստատարությունը: Դրանից հետո ձեռնամուխ է լինում փոստային կարևորագույն, միջազգային խնդիրների լուծմանը: Նա վեր է հանում սեփական, թուրքական փոստային ծառայությունների հիմնադրման հարցը, և անցնում գործի, ձեռնամուխ լինում փոստային դրոշմանիշների ու բացիկների տպագրությանը (1867): Նույն, 1867թ. Փարիզի Փոստային միջազգային կոնգրեսում հաջողությամբ կարողացել է կարգադրել միջազգային այդ կարևոր կառույցում իր երկրի անդամության խնդիրը: 

Պետական Փոստ-նամակատարության և հեռագրական նախարար Անտոն Թնկըր Յավեր փաշան (1812-1908) կարևորագույն բարենորոգումներ է կատարել այս ասպարեզում: Նրա նախարարության օրոք և նրա շնորհիվ են փայլուն անցել 1876թ. փարիզյան ու ավստրիական պաշտոնական ուղևորությունները, որի ժամանակ կնքվել են կարևորագույն համաձայնագրեր, պայմանավորվածություններ: Նրա օրոք ակնհայտորեն հարստացել է Նախարարության բյուջեն: Կարևորագույն բաժինները վստահվել են հայ մասնագետներին : Անտոն Թնկըր Յավեր փաշան 1877թ. Եվրոպական փոստային ցուցահանդեսին ներկայացնելու համար Պոլսում նախապատրաստում է գեղեցիկ ու նոր դրոշմանիշների մի շարք:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
3375 reads | 02.07.2014
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com