ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՃԱՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Նոր եմ վերադարձել Երևանում կայացած եռօրյա համաժողովից, որտեղ 40 հայ ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական, կրոնական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա) մասնակցում էին դռնփակ ճեպազրույցների կառավարության բարձրաստիճան իշխանավորների հետ: ![]() Քանի որ ճեպազրույցներում քննարկվում էին քաղաքական և ազգային անվտանգության զգայուն և գաղտնի հարցեր, կարող եմ բացահայտել միայն ընդհանուր թեմաները` առանց նշելու կոնկրետ բանախոսին կամ մասնակցին. - Հայաստանի որոշումը միանալու ԱՊՀ Մաքսային միությանը` Եվրոպական ասոցացման համաձայնագրի ստորագրման փոխարեն. - Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները և ջանքերը դրանց չեզոքացման համար. - Նախապատրաստական աշխատանքներ Թուրքիայի դեմ հնարավոր միջազգային դատական հայցի` Հայոց ցեղասպանության համար հատուցում ապահովելու նպատակով. - Ծրագրեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համար. - Ստորագրված, բայց չվավերացված Հայ-թուրքական արձանագրությունների կարգավիճակը. - Հաղթանակած հայ զինվորի բարոյական գերազանցությունը` առավելություն Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում. - Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման գործում: Սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովը բացառիկ հնարավորություն էր ընձեռել մասնակիցներին ներկայացնելու իրենց քննադատական գնահատականները Հայրենիքում տիրող իրավիճակի մասին և անկեղծ հարցեր տալու Հայաստանի և Արցախի բարձրաստիճան իշխանավորներին: Քաղաքական առաջնորդները և Սփյուռքի նրանց հյուրերը մեծապես կարևորեցին մի կառույցի կամ ծրագրի անհապաղ անհրաժեշտությունը, որը կհամակարգի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերը: Համաժողովում և մամուլին տված հարցազրույցների ժամանակ ես առաջարկեցի ստեղծել մի համահայկական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված կլինեն ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և որը միմիայն կզբաղվի Արցախի կարևորագույն խնդիրներով` Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի հանձնաժողովի նմանությամբ, բացառությամբ, որ Արցախի հանձնաժողովը կկրի մշտական բնույթ: ![]() Սեպտեմբերի 21-ին համաժողովի մասնակիցները հրավիրվեցին հատուկ նախագահական ընդունելության Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Երեկոն ավարտվեց Հանրապետության հրապարակում կազմակերպված տպավորիչ համերգով և հրավառությամբ: Նախքան Երևան ժամանելը ես մասնակցեցի Մոսկվայում հայկական Մայր Տաճարի օծման արարողությանը, որի կառուցման վրա, ինչպես հաղորդվում է, ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ` նվիրաբերված Ռուսաստանի առատաձեռն հայ գործարարների կողմից: Ակնկալվում է, որ այդ հոյակերտ եկեղեցական կառույցը և կից համայնքային կենտրոնը էական դեր կխաղան Ռուսաստանում բնակվող շուրջ երկու միլիոն հայերի հայոց լեզվի և քրիստոնեական հավատքի պահպանման գործում: Սեպտեմբերի 17-ի օծման արարողությանը ներկա էին Հայաստանի և Արցախի նախագահները, Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրաստիճան հայ հոգևորականներ տարբեր երկրներից և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը: Նախագահ Պուտինը չմասնակցեց արարողությանը` Մոսկվայից բացակայելու պատճառով: Ռուսաստանի Հայոց թեմն այս հանդիսավոր առիթով մի շարք համերգներ, ընդունելություններ և հանդիսավոր ընթրիքներ էր կազմակերպել Մոսկվայում ամբողջ աշխարհից ժամանած մեծաթիվ հյուրերի համար: Գարեգին Բ կաթողիկոսը, որպես երախտիքի նշան, Հայոց եկեղեցու բարձրագույն պատվավոր մեդալներ շնորհեց Տաճարի կառուցմանը մասնակցած երկու տասնյակ բարերարների: Մոսկվայում գտնվելու ընթացքում ներկա գտնվեցի ոսկերչությանը նվիրված մի քանի միջոցառումների, որոնք կազմակերպել էին Ռուսաստանի հայ ականավոր ոսկերիչները: Հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի ոսկերիչների հեղինակավոր գիլդիայի նախագահ է ընտրվել մի հայ ոսկերիչ` «Էստետ» ոսկերչական տան նախագահ Գագիկ Գևորգյանը: Պարոն Գևորգյանը Մոսկվայում գտնվող իր ընկերության կենտրոնական գրասենյակում հովանավորել էր Ոսկերչական բարեգործական տարեկան շքեղ պարահանդեսը, որին մասնակցում էին հազարից ավելի ոսկերիչներ և նրանց ընտանիքները, այդ թվում հայտնի հայ ոսկերիչներ Ֆրանսիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից: Հպարտության մեծ զգացումով էի նայում Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի հայ ոսկերիչների միությունների անդամներին, որոնք ուղերձներով դիմեցին Միջազգային ոսկերչական տնտեսական ֆորումի բարձրաստիճան հյուրերին և ցուցադրեցին իրենց բարձրարժեք աշխատանքները JUNWEX-ում` Ոսկերչության և ժամացույցների միջազգային XII ցուցահանդեսում: Նախքան Մոսկվայից մեկնելը, մի քանի հեռուստահարցազրույցներ տվեցի և մասնակցեցի Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» նոր գրքի քննարկմանը: Չնայած լարված գրաֆիկին` իմ ճամփորդությունը Մոսկվա և Երևան ստեղծեց կարևոր կապերի հնարավորություն Հայաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների` Սփյուռքի երկու ամենախոշոր համայնքների միջև էլ ավելի սերտ համագործակցության համար: Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
1837 reads | 25.09.2013
| |