ԲԱԹՈՒՄԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՆ
![]() Կարելի է ենթադրել, որ այս հանդիպումը սպասված էր: Վրաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն կազմող Բիձինա Իվանիշվիլիի թիմը փորձում է վերանայել նախագահ Սահակաշվիլիի վարած արտաքին քաղաքականության առանցքային կետերը: Սահակաշվիլիի արևմտամետ քաղաքականությունը սերտացրել էր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք իրենց քաղաքական և տնտեսական ազդեցությունն էին թողնում Վրաստանի վրա: Այժմ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են չկորցնել վրացական միջանցքը, որը լավագույն ցամաքային ճանապարհն է երկու երկրի միջև: Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Վրաստանում թուրքական և ադրբեջանական ներդրած կապիտալի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի, էներգետիկ ռեսուրսների փոխադրման, ինչպես նաև վերջերս շրջանառվող աբխազական երկաթուղու վերագործարկման հետ կապված հարցեր: ![]() Հայտնի է, որ Սահակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանում մեծացել է թուրքական և ադրբեջանական ներդրումների ծավալը, որն անվտանգ պահելու և ընդլայնելու համար անհրաժեշտ է համագործակցության նոր եզրեր գտնել և վերահաստատել նախկին չափանիշները վրացական նոր իշխանությունների հետ: Ներդրումներում մեծ տեղ են զբաղեցնում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս եթկաթգծի կառուցմանն ուղղված ադրբեջանական և թուրքական ջանքերը, որոնք նպատակ ունեն չեզոքացնել Հայաստանի դերը Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ճանապարհի կարևորության մեջ: Անհրաժեշտ է նաև վերահաստատել էներգետիկ պաշարների փոխադրման հետ կապված պայմանավորվածությունները, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել վրաց-ռուսական հարաբերությունների մտերմացման դեպքում: Հայտնի է, որ Ռուսաստանը դրական չի արձագանքում իր սահմանները շրջանցող ցանկացած գազամուղի կամ նավթամուղի կառուցմանը, որը փորձում է կասպիան տարածաշրջանից դուրս գալ Եվրոպա: ![]() Վարդան Խաչատրյան | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2233 reads | 22.03.2013
| |