ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԹԵՀՐԱՆ-ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Ռուս-իրանական հարաբերություններ: Դրանք երբեք հարթ չեն եղել, ունեցել են վերելքներ և անկումներ: Հնուց եկող նրանց կայսերական ամբիցիաները հաճախ են խաչաձևվել աշխարհաքաղաքական և ռազմավարական ձգտումների իրականացման ճանապարհին: Իրանը մինչև օրս չի ներում Ռուսաստանին երկու դար առաջ ստորագրված Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերը, որոնց պատճառով նա զրկվեց կովկասյան զգալի տարածքներից: Խորհրդային Միության փլուզումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային փոփոխությունները երկկողմ հարաբերություններին հաղորդեցին նոր որակ, բացեցին գործակցության լայն հեռանկարներ: Վերացավ երկու պետությունների գաղափարախոսական և դասակարգային խոր անջրպետը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը, մի կողմ դնելով իր քաղաքական և տնտեսական շահերը, մեղրամիս ապրեց երեկվա հարևանի հետ: ![]() Նոր իրադրությունը ծնեց նոր դժվարություններ. Իրանը խիստ ցավագին ընդունեց այն հանգամանքը, որ Մոսկվան հրաժարվեց վաճառել С-300 զենիթային հրթիռներ: Պայմանագիրը չհարգելու համար իրանցիները պահանջեցին վճարել 4,2 մլրդ դոլար: (Ռուսական ռազմարդյունաբերական համակարգն իրեն չկորցրեց և այդ հրթիռներն անմիջապես վաճառեց Ադրբեջանին, հետն էլ հայտարարեց, թե դա չի հանգեցնում ուժերի հավասարակշռության խախտման Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում վաճառողը պարզապես թքած ունի գնողի նպատակների ու հետևանքների վրա. միայն թե փող լինի): Չկայացած գործարքի հետևում ուրվագծվում է Սպիտակ տան պատկերը, որն ըստ երևույթին կարողացավ ճնշում գործադրել Մեդվեդևի վրա: Սակայն Պուտինը Մեդվեդև չէ: Սեպտեմբերին Բիշքեկում կայացած Շանհայի կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտին-Ռոհանի հանդիպումից հետո շրջանառվում է ինֆորմացիա, որ Ռուսաստանը փոխել է որոշումը, և Իրանին կտրամադրի ավելի կատարելագործված զենք` С-300БМ «Անթեյ-2500»: Ինչո՞վ բացատրել Իրանի հանդեպ Ռուսաստանի դիվանագիտության կտրուկ փոփոխությունը: Ես դա հիմնականում պայմանավորում եմ երկու հանգամանքով. ա/ հնարավորինս լավացնել շփումները Իրանի հետ` Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների կարգավորման հեռանկարի ֆոնին, բ/ Իրանի տարածքում ստեղծել նորագույն տեխնիկայով հագեցած ռազմաօդային բազա` հարկ եղած դեպքում սիրիական պատերազմում այն գործի դնելու համար: Վերլուծությունը ցույց է տալիս, որ եղած խոչընդոտներով հանդերձ երեք մակարդակներով` միջազգային, տարածաշրջանային և երկկողմ, ռուս-իրանական հարաբերությունները մեծ հաշվով զարգանում են վերընթաց: Գոյություն ունի հարաբերությունների ևս մեկ ոչ սովորական բնագավառ, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում կողմերի համար: Թե որ կողմն է դրանում առավել շահագրգռված, դժվարանում եմ ասել: Խոսքը արմատական սուննիզմի դեմ միացյալ պայքարի մասին է: Եվ այդ պայքարում Պուտինի հետաքրքրությունը կասկած չի հարուցում: Վլադիմիր Վլադիմիրովիչը փորձում է շիաների օգնությամբ, ասել կուզի, Իրանի միջոցով չեզոքացնել Կովկասին և ընդհանրապես Ռուսաստանին սպառնացող արմատական սուննիզմի վտանգը: Ամերիկա-իրանական հարաբերություններ: Աշխարհը, իրոք, փոխվում է: 34 տարվա թշնամանքով և փոխադարձ ատելությամբ լի թունելի ծայրին կարծես թե լույս է նշմարվում: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթ է ունենում նորընտիր նախագահ Հասան Ռոհանին, որն արդեն չափավոր քաղաքական գործչի համբավ էր ձեռք բերել մինչև Նյու Յորք այցելելը: ![]() Հետո նա խուսափում է Օբամայի հետ tête-à-tête (երես առ երես) հանդիպելուց, բայց չի կարողանում կարճատև հեռախոսազրույց չունենալ: Պարսիկ պետք է լինել պատկերացնելու համար Ռոհանիի մտավախությունը, թե ինչպիսին կլինի այաթոլլա Խամենեիի և նրա ենթակա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռեակցիան իր` ամերիկյան վարքագծի համար, հատկապես` ՄԱԿ-ում արած այն հայտարարության կապակցությամբ, թե իրենք՝ իրանցիները, «մտադիր չեն շարունակել առճակատումը»: Իսկ այն, որ Նեթանյահուն չի հավատում իրանցիներին և խիստ դժգոհ է ավագ եղբայր Վաշինգտոնից, միանգամայն տեղավորվում է իրար նկատմամբ գրեթե կենսաբանական ատելությամբ լցված Ամերիկայի և Իրանի հարաբերությունների տրամաբանության շրջանակում: Այս ենթատեքստում պետք է ընդունել նաև Իսրայելի պրեմիեր-մինիստրի արձագանքը Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան անձանց միջև «5+1» ձևաչափով կայացած բանակցությունների վերաբերյալ: Սակայն ինչպես ասում է բոլորին հայտնի քաղաքական գործիչը, «Процесс пошел», և հավանաբար այն կշանունակվի: Post scriptum կամ հիպոթետիկ հայացք Կրեմլից: Ռուսաստանը և Իրանը, չլինելով ռազմավարական գործընկերներ, հանդես են գալիս միևնույն դիրքերից` ՆԱՏՕ-ի դեպի Արևելք չընդարձակվելու, նրա հակաօդային համակարգերը Արևելյան Եվրոպայում չտեղադրելու, Պարսից ծոցում ու աշխարհի տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չուժեղացնելու և միջազգային-քաղաքական մի շարք այլ առանցքային հարցերում: Հետո, Ռուսաստանն ու Իրանը միասնական են սիրիական պատերազմի դադարեցման հարցում, և նրանց համագործակցությունը զարգանալու միտում ունի: Եվ ամենակարևորը՝ Ռուսաստանը որդեգրել է ինտեգրացիայի գլոբալ քաղաքականություն, որի առաջին քայլերից մեկը Մաքսային միության ստեղծումն է ԵվրԱզէս-ի շրջանակներում: Բացառված չէ, որ Մոսկվան ձգտի խորացնել գործակցությունը Իրանի և Չինաստանի հետ` արևելյան կոալիցիա ստեղծելու նպատակով: ![]() Դրա հետ մեկտեղ` Ռուսաստանը դեմ է Իրանի տարածաշրջանային ազդեցության ուժեղացմանը, որին վերջինս կարող է հասնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու դեպքում: Մոսկվան հազիվ թե ոգևորություն ապրի, եթե իր սահմաններին մոտ թատերաբեմ իջնի հզոր բանակ և միջուկային զենք ունեցող պետություն, որն առանց այդ էլ նկրտումներ ունի Հարավային Կովկասի և Կասպիական ավազանի նկատմամբ: Ռուսաստանն ինքն ունի գլոբալ հետաքրքրություններ այդ տարածաշրջանում: (Շապիկը մոտ է մարմնին): Այդ իսկ պատճառով Ռուսաստանը, որը հանդես է գալիս հանուն տարածաշրջանի անվտանգության ապահովման, սառը դիրքորոշում է ցուցաբերում Թեհրան-Վաշինգտոն մերձեցման նկատմամբ: Մոսկվայի համար ձեռնտու են կառուցողական և կայուն հարաբերություններ Թեհրանի ու Վաշինգտոնի հետ, բայց առանձին-առանձին: Նա չէր ցանկանա տեսնել Իրանի և Միացյալ Նահանգների մերձեցումն ու հարաբերությունների վերջնականապես կայացումը քաղաքական-դիվանագիտական տանդեմի ձևաչափով: Դա հակասում է Կրեմլի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գլոբալ շահերին: РУССКАЯ ВЕРСИЯ | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 4165 reads | 20.10.2013
| |


Ռուս-իրանական հարաբերություններ: Դրանք երբեք հարթ չեն եղել, ունեցել են վերելքներ և անկումներ: Հնուց եկող նրանց կայսերական ամբիցիաները հաճախ են խաչաձևվել աշխարհաքաղաքական և ռազմավարական ձգտումների իրականացման ճանապարհին: 
Սեպտեմբերին Բիշքեկում կայացած Շանհայի կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտին-Ռոհանի հանդիպումից հետո շրջանառվում է ինֆորմացիա, որ Ռուսաստանը փոխել է որոշումը, և Իրանին կտրամադրի ավելի կատարելագործված զենք` С-300БМ «Անթեյ-2500»:
Ամերիկա-իրանական հարաբերություններ: Աշխարհը, իրոք, փոխվում է: 34 տարվա թշնամանքով և փոխադարձ ատելությամբ լի թունելի ծայրին կարծես թե լույս է նշմարվում: 
Իսկ այն, որ Նեթանյահուն չի հավատում իրանցիներին և խիստ դժգոհ է ավագ եղբայր Վաշինգտոնից, միանգամայն տեղավորվում է իրար նկատմամբ գրեթե կենսաբանական ատելությամբ լցված Ամերիկայի և Իրանի հարաբերությունների տրամաբանության շրջանակում: Այս ենթատեքստում պետք է ընդունել նաև Իսրայելի պրեմիեր-մինիստրի արձագանքը Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան անձանց միջև «5+1» ձևաչափով կայացած բանակցությունների վերաբերյալ: 
Հետո, Ռուսաստանն ու Իրանը միասնական են սիրիական պատերազմի դադարեցման հարցում, և նրանց համագործակցությունը զարգանալու միտում ունի: 


