ՇԱՌԼԻ ՀԵԲԴՈՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅՈՒՆԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Իհարկե, մեկնաբանություններն ու ընկալումները գերքաղաքականացված են: Միևնույն բարբարոսությունը աշխարհագրական տարբեր միջավայրում նույն որակումներին, նույն դատապարտանքներին և նույն հակազդեցության ալիքներին չի արժանանում: Տարբեր խնդիր է նաև նման արարքների հետևում կանգնած և պետական մակարդակի համապատասխան նեցուկ ստացած խմբավորումների ծագման, զարգացման հոլովույթը, ներշնչումները, քաջալերանքները, ֆինանսական և ռազմական օժանդակությունների երևույթների մանրամասն ուսումնասիրությունը: Թվում է, որ պահը հասունացել է խորհելու, թե նման շարժումները իբրև Միջին Արևելքի սահմանների վերագծման քաղաքականության ծառայող գործիքներ արդեն դուրս են եկել վերահսկողությունից և աշխատում են ընդդեմ գործիքները հնարողների: ![]() Այս մեկը անշուշտ հարցերի հավելյալ ու խորացյալ իրազեկություն է պահանջում, մանավանդ քաղաքական շարժառիթների ոչ ենթադրյալ այլ ճիշտ իմացություն: Բայց պարզ է, որ ստեղծված այս կացությունում թուրքական գործոնի հակազդեցությունը հսկայական հակասությունների տեղիք է տալիս և մեծ հարցականներ է ստեղծում: Թուրքիայի վարչապետի հայտնվելը դատապարտանքի և զորակցության քայլարշավին որոշ նախաբան ուներ. Անկարայի հայտարարությունները` ահաբեկչությունը դատապարտող ու տակավին այն կանխարգելող գործողությունների մասնակցելու պատրաստակամության դրսևորումով, Դավութօղլուի ճանապարհն էր հարթում դեպի Փարիզ։ Լուսարձակը կենտրոնացնենք Դավութօղլուի, այս առիթով կատարած հայտարարության վրա և տեսնենք այնտեղ տեղավորված ուղերձի հիմնական կետերը. 1. Անկարան ահաբեկչության դեմ հստակ կեցվածք է որդեգրել. Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ զոհ են գնացել ահաբեկչության: 2. Ահաբեկչությունը կրոնական կամ ցեղային բնույթ չունի, այլ մարդկության դեմ ոճիր է: 3. Նշում` թուրքական և ֆրանսիական գաղտնի սպասարկությունների միջև սերտ գործակցության` ահաբեկիչները բացահայտելու նպատակով: Հայկական ակնոցով բոլորից ավելի գրգռիչ հայտարարությունը մարդկության դեմ ոճիրին վերաբերող թուրք գործչի հայտարարությունն է և դատապարտանքը գործադրողին և դրդապատճառներին, առանց որևէ արդարացման: Բայց այս կետը, կարող է այնքան չշահագրգռել միջազգային հանրային կարծիքը, որքան իսլամական ծայրահեղականության անվան տակ ծայր առած միջազգային ահաբեկչության երևույթի նկատմամբ Անկարայի տված այժմյան գնահատականը: Մինչ այժմ աշխարհի տարբեր կենտրոններում ներկայություն փաստող և անվտանգության սպառնացող նույն տարրերը սպառնական գոյություն չեն ընդգծում Թուրքիայի տարածքում տեղակայված, ռազմական օժանդակություն ստացած, թուրքական սահմաններից դեպի Իրաք և Սիրիա անարգել ելումուտ ունեցող այս խմբավորումներին, որոնք եվրոպական մասնաճյուղերն են պարզապես և որոնք Դավութօղլուի քննադատության թիրախ են դառնում: Դեռևս, այս առիթով հայկական ոսպնյակի դիտարկումով չենք վերարծարծում Դեր Զորի հուշահամալիրի պայթեցումը Թուրքիայից թափանցած միևնույն տարրերի կողմից: Համայն մարդկության համար Դեր Զորը կոչված էր ներկայացնելու զանգվածային սպանության այն կենդանի հուշարարն ու վկայարանը, որ մարդկության դեմ ոճիրի ամենից վառ, ամենից խոսուն և ամենից անմարդկային ոճիրին էր վերաբերում: Անհամեմատելիորեն շատ ավելին, քան Շառլի Հեբդոն: Թեև ֆրանսիական կողմի ընկալումը թուրքական աշխուժությանը շատ խանդավառ չերևաց: Այսուհանդերձ, կասկած չկա, որ այս թոհուբոհում իր հարցերը լուծել փորձող Անկարայի ներկայացուցիչը ճիգ չի խնայելու պաշտոնական Փարիզի խոստման իրականացումը տապալելու: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1713 reads | 13.01.2015
| |