Քանի որ Բարակ Օբաման և ԵՄ առաջնորդները հավաքվել էին և քննարկում էին աշխարհում տիրող վերջին զարգացումները, ապա նրանք պիտի տեսք ընդունեին, որ վճռական են տրամադրված: Իսկ իրականում Վլադիմիր Պուտինը կարծում է, որ նրանց մեջ տիրում է տարաձայնությունը և անվճռականությունը:
Ռուսաստանին հաջողվեց կուլ տալ Ղրիմը մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, գրեթե առանց կրակոցի, իսկ հիմա Մոսկվան զորքեր է տեղակայել Ուկրաինայի արևելյան սահմաններին, և այն ամենը, ինչ Արևմուտքը առաջարկում է ուկրաինական բանակին, ամերիկյան չոր օրապահիկներն են: Սակայն պատկերացումը, որ Պուտինը փայլուն հաղթանակ է տարել, կարող է խաբուսիկ լինել: Եթե Մոսկվան համարձակվի ներխուժել Արևելյան Ուկրաինա, այդ քայլը նրա համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Ղրիմը վերցնելը ռուսական իշխանությունների կողմից ճարահատյալ քայլ էր, արձագանք ուկրաինական հեղափոխությանը, որը Կրեմլը ոչ կարողացավ կանգնեցնել, ոչ էլ հսկողության տակ առնել: Որպեսզի պատմության մեջ Պուտինը չմնար որպես թուլամորթ առաջնորդ, որը Սոչիում դիտում էր պարեր սառույցի վրա, երբ Ռուսաստանը «կորցնում» էր Ուկրաինան, նա որոշեց շարժվել դեպի Ղրիմ: Բայց Ղրիմի բռնակցումով Ռուսաստանը երաշխավորեց, որ վերջիվերջո նա կկորցնի Ուկրաինան: Արևմտյան ռազմական փորձագետները համոզված են, որ սկզբնական շրջանում ռուսական զինված ուժերը կայծակնային հաջողության կհասնեին ուկրաինական բանակի նկատմամբ, սակայն ոչ վաղ անցյալի պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե համաշխարհային տերությունները դիմում են ռազմական ինտերվենցիայի թշնամաբար տրամադրված տեղական բնակչության հանդեպ, ապա նրանք համարյա միշտ երկարաժամկետ կտրվածքով ռազմավարական պարտություն են կրում: Դեպքերի նման զարգացման պայմաններում մեծ է հավանականությունը, որ կառաջանան ընդդիմադիր շատ ուժեր, որոնք լավ զինված են, իրենց տրամադրության տակ ունեն սոցցանցեր, բջջային կապ, որը զգալիորեն թեթևացնում է կազմակերպման գործընթացը: Եվ եթե ներքին ընդվզումները ստանան դրսի աջակցությունը, ինչպես կատարվում է Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում, ապա այն գրեթե անհնար կլինի ճնշել: Այս պարագայում Մոսկվան կարող է նախընտրել ռազմական ուժ կիրառել ավելի փոքր թիրախների նկատմամբ, ինչպես օրինակ Մոլդովան է: Եթե նույնիսկ Պուտինը ներկա պայմաններում չի ծրագրում մտնել Արևմտյան Ուկրաինա, ապա տնտեսական և քաղաքական պատերազմը կարող է իրադարձությունների հունը այնպես փոխել, որը վերջնական արդյունքում կբերի զինված հակամարտության: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1690 reads | 26.03.2014
| |