ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Իրադրությունը Սիրիայում և նրա շուրջը վերջին շաբաթվա ընթացքում ծայր աստիճան սրվեց, ու դեպքերն սկսեցին զարգանալ գլխապտույտ արագությամբ: Օգոստոսի 21-ի քիմիական սպանդից հետո Օբաման հայտարարեց, որ հարվածելու է Սիրիային` իր երկրի ազգային շահերը պաշտպանելու և Ասադին պատժելու համար, որ դաս լինի բոլոր նրանց, ովքեր զանգվածաբար կոտորում են անպաշտպան մարդկանց, կոխկրում նրանց իրավունքներն ու արժանապատվությունը: Սա նաև թափանցիկ նախազգուշացում էր Հյուսիսային Կորեային և Իրանին: ![]() Մոտիվացիան այն էր, որ ՄԱԿ-ի փորձագետները և Կոնգրեսը դեռևս որոշում չէին կայացրել, դաշնակիցները չէին ասել իրենց խոսքը, իսկ ամերիկյան ժողովրդի 61%-ը դեմ էր պատերազմին: Սա` զուտ սեփական պատասխանատվությունը թեթևացնելու և ինդուլգեցիա (մեղքերի թողություն) ապահովելու համար: Իսկ իրականում Օբաման միջազգային հարցերը խաղաղ ճանապարհով, ‹‹փափուկ ուժով›› լուծելու կողմնակից է, և ինչ էլ որ ասելու լինի հակառակ դիրքերի քարոզչական մեքենան նրա ռազմաշունչ նկրտումների մասին, ԱՄՆ-ի ներկա նախագահը փորձում է խուսափել ուժի գործադրումից: ![]() Այս առումով, նա կարծես թե ուզում է գնալ Ջոն Քենեդիի ճանապարհով, որը Կարիբյան ճգնաժամի ժամանակ դիմադրեց քաղաքական հակառակորդներին` չհարձակվեց և չզիջեց, այնուհետև կարողացավ համաձայնության գալ ԽՍՀՄ-ի հետ և խուսափել պատերազմից: ![]() Եվ ահա այս դժվարին պահին նրան օգնության ձեռք են մեկնում ամենաանսպասելի տեղից` Մոսկվայից: Վլադիրմիր Պուտինն առաջարկում է Օբամային սիրիական քիմիական զենքը դնել միջազգային հսկողության տակ, ապա ոչնչացնել այն` հարձակումը չեղյալ հայտարարելու պայմանով: Այն, որ այս պահին դա Օբամայի համար երկնային մանանայի նման մի բան է, բացատրելու կարիք չկա: Նա կրկին պաուզայի, այն էլ երկար պաուզայի հնարավորություն է ստանում, որը միանգամայն համապասխանում է իր ցանկություններին: Մի գուցե ընդհանրապես կարելի լինի խուսափե՞լ սիրիական պատերազմից, հավանաբար մտածում է նա: Ամեն գործարքի, մանավանդ նման միջազգային մասշտաբի համաձայնության հիմքում ընկած է պարզ տրամաբանական հարց` Cui prodest? Ու՞մ է այն ձեռնտու: Ձեռնտու է երկու կողմին էլ: Եթե Սիրիայում պատերազմը կանխվի, Ամերիկան թեթևացած շունչ կքաշի: Երկիրը կխուսափի իր զինվորներին կորցնելուց, կրկին պատերազմի հրձիգ հռչակվելուց, ահռելի նյութական և ֆինանսական կորուստներից: Իսկ Ռուսաստա՞նը: Նրա առաջարկն ունի մի քանի կարևոր ասպեկտ: Պուտինն արեց ճշգրիտ հաշվարկված կանխարգելիչ քայլ: Ամսի 11-ից հետո կարող էր ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Ամերիկան հարվածեր Սիրիային: Իսկ քանի որ Ռուսաստանն ի սկզբանե հայտարարել է, որ ռազմական գործողություններին չի մասնակցելու, նա, բնականաբար, ‹‹կորցնելու›› էր միջերկրածովյան հենակետը` Սիրիայով հանդերձ, որտեղ արմատական իսլամիստները, իշխանությունը զավթելու դեպքում, ինչի հավանականությունը գրեթե կասկած չի հարուցում, երկիրը կվերածեն իսլամական ահաբեկչության միջազգային կենտրոնի` տարածելով իրենց շոշափուկները Կովկաս, այնտեղից` Ռուսաստան: Պուտինի մանևրը, իրոք, դիվանագիտական ճեղքում է: Այն նաև նուրբ հոգեբանական հաշվարկ է, որից ելնելով` հակառակորդին չեն ‹‹քշում անկյուն››, իսկ երբ նա արդեն այնտեղ է, հնարավորություն են ընձեռում ‹‹փրկելու դեմքը›› (‹‹Պասկալի բանաձև››): ![]() Այս ամենով հանդերձ` Պուտինի առաջարկն իր մեջ պարունակում է ստորջրյա խութեր: Մոսկվայի բարեկամ Բաշար Ասադը, եթե հրաժարվի քիմզենքերը հանձնելուց, Վլադիրմիր Վլադիմիրովիչը ոչ միայն կկորցնի ձեռք բերած համակրանքն ու հեղինակությունը` հատկապես Միացյալ Նահանգներում, այլև ներկա փուխր խաղաղությունը մի օրում կարող է փլվել և պատճառ դառնալ ամերիկյան հարձակման: Ես չեմ կարծում, որ Ասադն առանձին խանդավառություն է ապրում քիմզենքը կորցնելու հեռանկարի կապակցությամբ: Այդ մասին է վկայում այն փաստը, որ Քիմզենքի արգելման և ոչնչացման կոնվենցիան գործում է 1997 թվականից. այն ստորագրել է 188 երկիր, ոչնչացված է դրա համաշխարհային պաշարների 60%-ը (2012 թվականի տվյալներ): Այդ որտե՞ղ էր Ասադների դինաստիան, որը դեռ մի քանի օր առաջ ընդհանրապես ժխտում էր այդ զենքի առկայությունը Սիրիայում: Կա հարցի մեկ այլ` կնճռոտ կողմը ևս: Քիմզենքի դուրսբերումը երկրից կամ ոչնչացումը խիստ թանկ ‹‹հաճույք›› է, որի իրագործումը պահանջում է միլիարդներ: Կճարվե՞ն այդ միլիարդները: Բացի այդ` շրջանառության մեջ է դրված մի վարկած, ըստ որի` օգոստոսի 21-ի պայթյունը գրոհայինների ձեռքի գործն է, այլ ոչ թե Ասադի բանակի: Ասվում է, որ այդ զենքը նրանց փոխանցել է Սաուդյան Արաբիայի հետախուզության շեֆ, արքայազն Բանդար բին Սուլթանը, երբ Ասադը ‹‹Հըզբոլլահի›› օգնությամբ սկսեց հաջողություններ գրանցել Սիրիական ազատագրական բանակի դեմ և հուլիսի 30-ին գրավեց ‹‹հեղափոխության մայրաքաղաք›› Հոմսը: Պատասխանը եղավ նշված ահաբեկչությունը` 1300 զոհերով և բազմաթիվ վիրավորներով: Էր-Ռիադի հատուկ ծառայությունների հաշվարկով դրան անմիջապես հաջորդելու էր Ամերիկայի հարվածը, սակայն հայտվեցին ռուսները` քիմզենքի ոչնչացման իրենց առաջարկով, և սադրանքը կարծես խափանվեց: Առայժմ: ![]() Յուրաքանչյուր նման ահաբեկչական միջադեպ կարող է հանգեցնել ամերիկյան ռազմական միջամտության` այստեղից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով: Իզուր չի ասված, որ Սիրիան վառոդի տակառ է, իսկ նրան պատրույգ մոտեցնողներ միշտ կգտնվեն: Այժմ մի քանի նկատառում` Սիրիայի հայ համայնքի մասին` հնարավոր արտաքին ռազմական միջամտության ենթատեքստում: Մեր թվականությունից առաջ, դեռևս Տիգրան Մեծի ժամանակներում, Սիրիայում հայտնված հայերն այս երկիրը դիտել են որպես իրենց հայրենիք, իսկ Հայոց մեծ եղեռնից հետո սիրիացիները հազարավոր փախստականների են ընդունել` կիսելով իրենց օջախն ու հացը նրանց հետ: ![]() Իսկ այսօր իր վրա մահացու վտանգ է կախված: Սիրիական պատերազմի երկու տարվա ընթացքում հայությունը մեծ կորուստներ է կրել այստեղ: Թե որքան է զոհերի թիվը, և որ երկրներում են սիրիահայերն ապաստան գտել, դժվար է ասել: Հայտնի է միայն, որ Հայաստանն ընդունել է 15 հազար մարդ, և մեկ էլ` համայնքը կիսվել է` 60–70 հազարից` 30 հազար: Այս վերջին` երեսուն հազար մեր հայրենակիցները փաստորեն պատանդ են Հալեպում` առանց ապրուստի միջոցների, առանց կապի արտաքին աշխարհի հետ, որոնց` քաղաքը թողնելու փորձերն ավարտվում են կամ սպանությամբ, կամ, լավագույն դեպքում, գերեվարությամբ (Անհայտ է Դամասկոսում և մյուս քաղաքներում մնացած հայերի թիվը): Քիմիական դիվանագիտության կամ, ընդհանրապես, խաղաղ միջոցներով սիրիական հիմնահարցի հանգուցալուծման ձախողման դեպքում, արմատական իսլամիստների հիմնական թիրախներից մեկը Հալեպի վերջնական գրավումն է լինելու: ![]() Իրենց գործողությունների և նպատակների իրագործման ձևերով ու մեթոդներով ‹‹Եղբայր մուսուլմանները›› թվարկված կառույցների համեմատությամբ «անմեղ երեխաներ» են: Նրանց հիմնական նպատակը Սիրիայում իսլամական խալիֆաթ ստեղծելն է, որն ընդգրկելու է Մեծ Մերձավոր Արևելքը, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը: Գլխավոր հակառակորդներն են` իրենց ստնտու մայրը` Վաշինգտոնը, և շիիզմը: ![]() Գալով Սիրիական իրականությանը` արմատական իսլամիստները կարող են գործել անուղղելի ավերածություններ: Նրանց` պրոֆեսիոնալ մարդասպանների համար զանգվածաբար ալավիներին, դրուզներին, քրդերին, շիաներին, քրիստոնյաներին, մի խոսքով` բոլոր ‹‹անհավատներին›› գլխատելը, կրծքավանդակները բացելը կամ ողջ-ողջ այրելը քիթ սրբելու պես մի բան է: Հայերի ապագան ավելի քան է մտահոգում մեզ, քանի որ այդ փափթփուկներից շատերը մարզվում են Թուրքիայում և գալիս են իրենց ‹‹սրբազան պարտքը կատարելու›› Սիրիայում: Կգտնվե՞ն արդյոք այնտեղ ուժեր այս առիթը որոշակի նպատակներով օգտագործելու համար: Իսկ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեին, և ի՞նչ է հիմա հնարավոր անել հայկական համայնքի ֆիզիկական ապահովության համար: Համայնքի ներքին հնարավորություններն այդ հարցում, կարծում եմ, չնչին են: Հայաստանում և սփյուռքում հնչած ծրագիր-առաջարկները, այդ թվում եկեղեցու և որոշ քաղաքական կուսակցությունների կողմից, այն է` պահել չեզոքություն և կազմակերպել ինքնապաշտպանություն, ինչպես որ արեց լիբանանահայությունը 17-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում, մեղմ ասած, լուրջ և ռացիոնալ չէ: Նախ` այն ժամանակ միանգամայն այլ էին աշխարհաքաղաքական իրավիճակն ու ուժերի հարաբերակցությունը: Պատերազմ էր ոչ թե մուսուլմանների միջև, այլ կռվում էին հիմնականում քրիստոնյաններն ու մուսուլմանները: Վերջին հաշվով` կար հզոր ԽՍՀՄ-ը, որն իր հովանոցի տակ էր առել հայ համայնքը: Մշտական նյութական և բարոյական օգնությունը և Մոսկվայի պաշտոնական դեմարշները փաստորեն ապահովում էին հայ համայնքի ֆիզիկական անվտանգությունը: Վճռական նշանակություն ունեցան ՏԱՍՍ-ի հայտարարություններն առ այն, որ հայերին վնասելու դեպքում` հեղինակները ‹‹գործ կունենան Մոսկվայի հետ››: Հայաստանի Հանրապետությունն այդ հնարավորությունները չունի: Սակայն, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ներգաղթողներին ցույց է տրվում ֆինանսական ու բարոյական օգնություն` բնակարանային, աշխատանքային և ուսման հարցում: Չմոռանանք, որ հայաստանցիներն իրենք էլ գտնվում են սուղ պայմաններում: Անոթն այնքան հեղուկ է տեղավորում, որքան կարող է: Սակայն, ըստ իս, տեղի է ունեցել մի կարևոր վրիպում: Հայաստանի համապատասխան մարմիններն ու ծառայությունները պետք է նախօրոք հաշվարկեին սիրիական դեպքերի սկզբնավորումը, զարգացումները և հնարավոր վերջաբանը: Նման վերլուծության գոնե ես ծանոթ չեմ: Այնուհետև խորը և համակողմանի ուսումնասիրության հիման վրա պետք է մշակվեր համակարգված քաղաքական-դիվանագիտական ծրագիր, և այն իրագործվեր պետական մակարդակով` ներգրավելով սփյուռքի ողջ ներուժը: Չգիտես ինչու` անտեսվում է այն հանգամանքը, որ սիրիական խառնարում վտանգված էթնիկ խմբերից միայն հայերն են, որ ունեն պետականություն: Իսկ ի՞նչ է, մենք դադարե՞լ ենք Հայաստանը համարել ողջ հայության հայրենիքը: Արդյո՞ք կառավարությունը միջազգային համապատասխան ատյաններում (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Արաբական պետությունների լիգա և ուրիշներ) ահանզանգել է, որ մեկ հարյուրամյակում մեր ազգը կարող է տեսնել երկրորդ եղեռնը: Դիվանագիտական շփումներ ունեցե՞լ ենք ֆիգուրանտ երկրների համապատասխան մարմինների հետ: Ուսումնասիրե՞լ ենք արդյոք ‹‹Եղբայր մուսուլմանների›› հետ թեկուզ միջնորդված ճանապարհով բանակցելու հնարավորությունները` հայերին հարվածի տակից դուրս բերելու համար (Եթե շահերդ պահանջում են, պարտավոր ես բանակցել սատանայի հետ անգամ): Ըստ երևույթին, ճիշտ կլիներ ժամանակին դուրս բերել հայերին Սիրիայից: Դա կարող է թվալ ոչ իրական, սակայն հնարավոր տարբերակ էր` մոբիլիզացնելով ողջ 10-միլիոնանոց հայության հնարավորությունները: Իսկ թե ուր կարելի կլիներ տեղափոխել սիրիահայությանը` այլ հարց է: Սակայն երբ խաղաքարտին դրված է մարդկային կյանքը, կարելի է հաշտվել նաև ընտրության սահմանափակության հետ: Հիմա Միջերկրականի ջրերում է ռուսական ռազմական նավատորմը: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել առիթը այդ նավերով հայերին երկրից էվակուացնելու համար: Էլ ո՞ր օրվա համար ենք մենք ռազմավարական գործընկերներ: …Դեռ մեկ տարի առաջ ես գրել և ասել էի, որ եթե հայ համայնքը չթողնի Սիրիան, նրա դեմ կարող են սարքել Բարդուղեմիոսյան գիշեր: Եղան առարկություններ, թե դրանք դրամատիզացված և մռայլ կանխատեսումներ են: Բայց ամեն կարծիք գոյության իրավունք ունի: Ես ամբողջ հոգով ցանկանում եմ, որ սխալված լինեմ: Դա ինձ միայն ուրախություն կպատճառեր: NYUT.am | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
4836 reads | 16.09.2013
| |