ԿՐԿԻՆ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԷՍՍԵ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Բարեկամներս, Հայաստանում և սփյուռքում, հատկապես Մերձավոր Արևելքում, ընկերաբար ընդունելով հանդերձ, որ ե՛ս եմ ճիշտ, որ իմ ոչ մի խոսքն ու քաղաքական վերլուծությունը հեռու չեն իրականությունից և բխում են մեր արյունակիցների ճակատագրերի համար մտահոգությունից, այդուհանդերձ մեղմորեն զգուշացնում են, թե ‹‹պետք չէ սիրիահայության այսօրվա իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես որ կա››: Այս բազմահարկ նախադասությունն իր մեջ ամփոփում է նրանց ազնիվ մտահոգությունն այն մասին, որ ստեղծված իրավիճակը փաստելն անգամ կարող է բացասաբար ազդել մեր հայրենակիցների հոգեկանի վրա և ‹‹խուճապ առաջացնել հալեպահայության մեջ››: Բայց մի՞թե Պլատոնի բարեկամ լինելը ճշմարտությունից ավելի թանկ է: Ճշմարտություն, որը հայտնի է ողջ աշխարհին: Եվ մի՞թե իրականությունը չբարձրաձայնելը թեթևացնելու է համայնքի ծանր կացությունը՝ հեռացնելու է նրա գլխին կախված դամոկլան սուրը: Կասկածում եմ: ![]() ‹‹Մանտալոգիայի›› (ֆրանս. ‹‹Mensonge›› բառից)` ստախոսության տեսության մեջ կա այսպես կոչված ‹‹անմեղ ստի›› հասկացություն. բժիշկն անբուժելի հիվանդին հուսադրում է, որ շուտով բուժվելու է, մինչդեռ իրականում նա դատապարտված է: Սա թույլատրելի սուտ է, քանի որ վերաբերում է առանձին վերցրած մի անձի, երբեմն նրա հարազատներին, և տեղավորվում է հումանիզմի ու բարոյականության շրջանակում: Սակայն սփյուռքի մի ամբողջ հատվածի և նրանց ճակատագրով մտահոգված հայրենիքի ժողովրդին հուսադրել (թե խաբե՞լ), թե ‹‹ամեն ինչ լավ կլինի›› կամ ‹‹պինդ նստեք տեղներդ››, կներեք, մեղմ ասած, քաղաքական կարճատեսություն է, մանիլովշչինա: Նման խրատները կարող են զարմացնել Ավստրալիայի ջայլամներին անգամ: Ո՛չ, սիրելի բարեկամներ, լավ չի լինի: Կլինի այլ կերպ: Կլինի այն, որ եթե անգամ Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին, որը մեծ հարցականի տակ է, Սիրիայում երկար, շատ երկար ժամանակ խաղաղ երկինք չի լինի: Չցանկանալով նկարագրել այդ բազմաչարչար երկրում կատարվող վերջին արյունալի դեպքերը` մարդկանց վերքերը չմորմոքելու համար, նշենք, որ 80-ից ավելի երկրներից այստեղ հավաքված տասնյակ հազարավոր մարտնչող իսլամիստները կգնան մինչև վերջ: Նրանք և՛ փող ունեն, և՛ զենք, և՛ պաթոլոգիական մարդատյացություն քրիստոնյաների, ալավիների, ղպտիների, ասորիների, քրդերի, մուսուլմանների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց նման չեն ապրում, իրենց պես չեն քայլում ու շնչում: Սակրամենտալ հարց. իսկ ի՞նչ անել: Ամենահեշտ և ամենանշնորհակալ գործը, իհարկե, խորհուրդ տալն է: Այդուհանդերձ, կրկին ու կրկին ազգովի հնչեցնենք ահազանգ, միատեղենք բոլոր ջանքերը, միջոցներն ու հնարավորությունները` Հայաստանում և սփյուռքում սիրիահայությանը փրկելու համար: Վաղը ուշ կլինի: Սերունդները չեն ների, եթե մենք դա չանենք: РУССКАЯ ВЕРСИЯ | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 3919 reads | 15.12.2013
| |


Բարեկամներս, Հայաստանում և սփյուռքում, հատկապես Մերձավոր Արևելքում, ընկերաբար ընդունելով հանդերձ, որ ե՛ս եմ ճիշտ, որ իմ ոչ մի խոսքն ու քաղաքական վերլուծությունը հեռու չեն իրականությունից և բխում են մեր արյունակիցների ճակատագրերի համար մտահոգությունից, այդուհանդերձ մեղմորեն զգուշացնում են, թե ‹‹պետք չէ սիրիահայության այսօրվա իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես որ կա››: 
Չցանկանալով նկարագրել այդ բազմաչարչար երկրում կատարվող վերջին արյունալի դեպքերը` մարդկանց վերքերը չմորմոքելու համար, նշենք, որ 80-ից ավելի երկրներից այստեղ հավաքված տասնյակ հազարավոր մարտնչող իսլամիստները կգնան մինչև վերջ: Նրանք և՛ փող ունեն, և՛ զենք, և՛ պաթոլոգիական մարդատյացություն քրիստոնյաների, ալավիների, ղպտիների, ասորիների, քրդերի, մուսուլմանների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց նման չեն ապրում, իրենց պես չեն քայլում ու շնչում: 

