ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Իսրայելը, ըստ իս, հետապնդում է երկու հիմնական նպատակ. ա/շոշափել սիրական հակաօդային պաշտպանության հնարավորությունները, բ/ Իրանի վրա հարձակվելու դեպքում չեզոքացնել իր թիկունքում նրա 5-րդ շարասյան` Հըզբոլլահի վտանգը: Մերձավոր Արևելքում փաստորեն պատերազմ է` դեռևս լոկալ: Իսկ ի՞նչ է անում արաբական աշխարհը: Ոչինչ: Իսրայելյան ռազմական գործողությունների դեմ հանդիպման չպետք է հույսեր փայփայել, թե նա ոտքի կկանգնի արյունակից եղբայրների պաշտպանության համար, և ոչ թե այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը կամ այլ արևմտամետ պետություններ երազում են Բաշար Ասադի ռեժիմի տապալումը: Ամենևին: Պարզապես չպետք է մոռանալ, որ 20-ից ավելի արաբական երկրներ երբեք միասնական չեն եղել: Ապացույցը Մերձավորարևելյան 60-տարի տևող քաղաքական խոր ճգնաժամն է: Թերևս, արաբները կարողանային ինչ-որ կերպ համախմբվել, եթե Եգիպտոսը լիներ առաջվանը: Արաբական գարունն այդ երբեմնի տարածաշրջանային միջնաբերդը հասցրեց քաղաքական, տնտեսական ու բարոյական խոր անդամալուծության, որից նա հազիվ թե ուշքի գա` գոնե գուշակելի ապագայում: Ի՞նչ արաբական համերաշխության մասին կարող է խոսք լինել, եթե ավիառմբակոծումները խիստ աշխուժացրել են սիրիական ընդդիմության գործողությունները: Ստացվում է աննախադեպ քաղաքական կազուս. Իսրայելը և արաբական իսլամիստները միավորվում են մեկ ուրիշ արաբական ուժի` Ասադի դեմ, որն այս իրավիճակում հազիվ թե կարողանա կռվել երկու ճակատով և պահել իշխանությունը: Այնպես որ, Իրանի արտգործնախարար Ալի Աբգար Սալեհի կոչն արաբներին`միավորվել, ընդամենը հռետորական հայտարարություն է և ավելի շուտ նպատակ ունի միջազգային հասարակության ուշադրությունը սևեռել Իրանի դեմ իսրայելական հնարավոր ագրեսիայի վրա: Հենց ինքը` Թեհրանը, չնայած ռազմաշունչ հայտարարություններին, հազիվ թե դիմի որևէ կոնկրետ քայլի Ասադի պաշտպանության համար, և Իսրայելի հետ մտնի կոնֆրոնտացիայի մեջ: Իսկ Թուրքիայի պրեմիեր-մինիստր Էրդողանը խիստ տոնով դատապարտեց Իսրայելի քայլը: Մի կողմից` այդ հայտարարությունը համահունչ է թուրք-իսրայելյան լարված հարաբերություններին, իսկ մյուս կողմից`Անկարան ակտիվ կերպով պայքարում է Ասադի ռեժիմի դեմ: Թուրքական դիվանագիտության այս երկակի ստանդարտը կարելի է բացատրել արաբական աշխարհում Թուրքիայի գերակայություն ձեռք բերելու նկրտումներով և հեռուն գնացող քաղաքական ու տնտեսական ամբիցիաներով: Այս ամենի կողքին կա հուսադրող հանգամանք. չնայած Իսրայելի ագրեսիային, որը տեղի է ունենում Վաշինգտոնի «օրհնությամբ» Պուտինն ընդունում է պետքարտուղար Ջոն Քերրիին և հայտարարում, որ հանդիպելու է Օբամայի հետ: Հուսանք, որ երկու Մեծերը թույլ չեն տա, որ պատերազմի կրակը տարածվի Մեծ Մերձավոր Արևելքում: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2138 reads | 07.05.2013
| |