![]() Հերթական անգամ Իրանի եւ վեց գերտերությունների ներկայացուցիչները
նստելու են բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի քննարկեն իրանական միջուկային
ծրագրի հետ կապված խնդիրները: Արժմ խոսքը գնում է հարատև համաձայնության հասնելու մասին:
Համաձայնագիրը, որը կրում է <<Առաջին քայլ>> անունը և ստորագրվել է անցած
տարվա նոյեմբերին Ժնևում, արդեն կյանքի է կոչվել: Այնպիսի տպավորություն է, որ բոլոր
կողմերը գոհ են այդ ամենից, կարելի է ասել նաև, որ շատ գոհ են: Բայց, ինչպես ասում
են, ախորժակը ուտելիս է բացվում, և այս անգամ դեպքերը այլ զարգացում են ստանում: Ժնևյան համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանն արդեն այն նախկին
Իրանը չէ: Այաթոլլահների վարչակարգը այնպես արեց, որ Արևմուտքը ճանաչի իրենց: Իսլամական
պետության ղեկավարները 35 տարի սպասում էին այս պահին: Եվ ահա այն եկավ: Հիմա ոչ թե
Իրանին քարկոծում կամ բոյկոտում են, այլ հակառակը. աշխարհի տարբեր երկրներից պատվիրակություններ
են ժամանում Թեհրան, սեղմում Ռոհանիի ձեռքը, լսում Խամենեի իմաստուն խոսքերը: Նույնիսկ
ամերիկացիներն են սկսել վազել իրանական առաջնորդների ետևից: Իրանը ուրախ է, որ, խառնվելով նավթի հետ, ավելի է բարձրացնում
ազգային տրամադրությունը: Կնքվում են տարբեր տիպի պայմանագրեր՝ մեկը մյուսի ետևից:
Երկրի նավթարդյունաբերության նախարար Մանսուր Մաազանին հայտարարել է, որ ժնևյան համաձայնագրի
կնքումից հետո մի շարք միջազգային նավթային կորպորացիաներ, որոնք հետաքրքրված են իրանական
սև ոսկով, բազմամիլիոնանոց բանակցություններ են վարում իրենց հետ: Թեհրանը այժմ հնարավորություն
ունի պայմանագրեր կնքել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Թայվանի, Ճապոնիայի և Հարավային
Կորեայի հետ: Ռուսաստանը ևս մտադիր է առևտրական պայմանագիր կնքել Իրանի հետ՝ անտեսելով
արևմտյան երկրների պատժամիջոցները: ![]() Իրանական տնտեսությունը, որը վերջին տարիներին մեծ դժվարություններ
էր կրում, արդեն կարգավորման ուղի է բռնել: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել
է, որ 2014-2015թթ. ընթացքում Իրանը կունենա երկու տոկոս տնտեսական աճ: Ռոհանիի կառավարությանը
հաջողվել է դադարեցնել ինֆլյացիան: Զբոսաշրջությունը կրկին ծաղկում է ապրում երկրում:
Վերջապես երկրիը կարող է հանգիստ շունչ քաշել: Ներկա իրադրությունը շատ հարմար է Իսլամական Հանրապետության
համար: Պահպանողական շրջանակները ստացան այն,
ինչ ցանկանում էին: Ցենտրիֆուգները շարունակում են աշխատել, և, մի քիչ ցանկություն,
ու Իրանը միջուկային զենք կունենա: Մյուս կողմից էլ, ռեֆորմիստները և հասարակ ժողովուրդը
գոհ են տնտեսական իրադրության բարելավումից և իրենց երկրի՝ միջազգային հարթակներ վերադառնալուց: Այդ պատճառով Ռոհանին ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ կարիք
կա իրադրությունը վերջնական համաձայնագրով բարդացնելու: Մի կողմից իրանական առաջնորդները
բոլորին ժպիտներ են բաժանում, իսկ մյուս կողմից հանդես են գալիս ագրեսիվ կոչերով և
հայտարարություններով՝ Միացյալ Նահանգներին համարելով իրենց թշնամին: Ժնևյան համաձայնագիրը հանգստացրեց միջազգային հանրությանը. ռազմական
գործողությունների սպառնալիքն արդեն երկրորդ պլան է մղվել: Դիվանագիտական գործընթացն իր ամենաեռուն ընթացքի մեջ է, և Իսրայելի ձեռքերն արդեն կապված են. նա այլևս չի կարող ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները: Դե իսկ եթե ռազմական ինտերվենցիայի սպառնալիք չկա, ուրեմն չկա
նաև որևէ ճնշում: Եվ չնայած միջանկյալ-ժամանակավոր
համաձայնությունը ենթադրում է, որ վեց ամսվա
ընթացքում պետք է կնքվի վերջնական-մշտական խաղաղության համաձայնագիր, դատելով արևմտյան դիվանագետների ակնարկներից և մեկնաբանություններից, կարող ենք
եզրակացնել՝ շտապելու տեղ չկա: Ժամանակ կա, իսկ ինչքան որ լինի ժամանակ, այդքան չի լինի
վերջնական համաձայնագիր: ԱՂԲՅՈՒՐԸ` NRG.CO.IL | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1511 reads | 21.02.2014
| |