Ո՞ՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ
![]() Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ Ինչու է Իրանի միջուկային ծրագիրը գլխացավանք դարձել միջազգային հանրության համար: ![]() Էներգակիրների վաճառքից ստացված օգուտների շնորհիվ Իրանն իր ազդեցությունը տարածել է Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում: Իրաքյան պատերազմից հետո Իրանի օգնությամբ Իրաքի շիաները հասան իշխանության: Աֆղանստանի կառավարության ձևավորման մեջ Իրանը ևս ունեցավ իր ներդրումը: Իրանը դերակատարում ունի նաև Բահրեյնում ու Եմենում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այսպիսով, կարելի է փաստել, որ Իրանն, ինչպես միջազգային քաղաքականությում առկա յուրաքանչյուր միավոր, պայքարում է սեփական շահերը առաջ մղելու, միջազգային իրադարձությունների վրա սեփական ազդեցությունը ունենալու համար: Ուստի Իրանը ներդրումներ է կատարում Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում առկա քաղաքական ուժերի վրա: ![]() Վերոհիշյալ փաստարկներն են պատճառը, որ Իրանի միջուկային ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել միջազգային հանրության համար: Իսկ ինչո՞ւ է Իրանի նման հարուստ երկիրը ձգտում միջուկային զենքի. չէ՞ որ էներգակիրների վաճառքից ձեռք բերված գումարները բավական են, որպեսզի իրանցիները գնեն ժամանակակից զենքեր, ինչպես նաև լուծեն երկրի տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնք Իրանում դժգոհությունների հիմնական պատճառ են: Ի՞նչը դրդեց Իրանին մտածել միջուկային զենքի մասին. 1. Միջուկային զենք ունեցող հարևանները՝ Հնդկաստան+Պակիստան: 2. Հիմնական պատճառը՝ տարածաշրջանում Իրանի հիմնական հակառակորդ Իսրայելի միջուկային զենք ունեցողների ակումբին անդամագրվելն էր: Իսրայելի միջուկային զենքի ձեռքբերումը պատճառ եղավ Մերձավոր Արևելքում ուժերի բալանսի խախտմանը: Իսրայելի միջուկային զենքի ձեռքբերումը Թեհրանում համարեցին որպես անվտանգության դեմ ուղղված սպառնալիք: Իրանը ձգտում է միջուկային զենքի ստեղծման շնորհիվ վերականգնել արդեն խախտված հավասարակշռությունը: Միջուկային պատերազմի սպառնալիքով Իրանը կփորձի ԱՄՆ-ին ու Իսրաելին հեռու պահել ռազմական գործողություններ սկսելու որոշումից: ![]() Հնարավոր զարգացումներ. 1. ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ կսկսեն Իրանի դեմ, որպեսզի խանգարեն միջուկային զենքի տեխնոլոգիաների վերջնական ստացմանը: Կարծում եմ, որ սա վտանգավոր և արկածախնդիր որոշում կլինի, քանի որ Իրանը կռմբակոծի Պարսից ծոցով անցնող էներգակիրներ տեղափոխող նավերը, որը պատճառ կլինի համաշխարհային էներգետիկ ճգնաժամի: Կսկսվի երկարատև պատերազմ, որը դեմ է թե՛ գերտերությունների, թե՛ փոքր երկրների շահերին: 2. Արևմուտքը կշարունակի տնտեսական ճնշումների ենթարկել Իրանին, իսկ վերջինս էլ կստեղծի միջուկային զենքի տեխնոլոգիաները, բայց փորձարկում չի անի: Միջազգային հանրությունը կհաշտվի Իրանի միջուկային զենք ունենալու փաստի հետ, ու կյանքը կշարունակվի: 2. Միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Իսրայելի նկատմամբ, վերջինս հանձնում է միջուկային զենքի պաշարները, Իրանը դադարեցնում է միջուկային զենքի ծրագրի շուրջ աշխատանքները: Ում է խանգարում Իրանի միջուկային զենքի տիրապետումը. Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, ապա Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազք կսկսվի: Իրանի այս քայլին կհետևեն հակընդդեմ քաղաքական բևեռներում գտնվող Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի միջուկային զենքի ստեղծմանն ուղղված որոնումները: Այս մրցավազքում հիմնականում կտուժեն սահմանափակ ֆինանսական, գիտական կարողություններ ունեցող երկրները, որոնք ի վիճակի չեն լինի ֆինանսավորել սեփական միջուկային զենք ունենալու ծրագրերը, որի պատճառով միջուկային պատերազմի վտանգից խուսափելու համար ստիպված կլինեն քաղաքական հարցերում զիջումների գնալ ընդհուպ մինչև ինքանավարության կորուստ: Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ պետությունները երբեմն ի վիճակի չեն հեղափոխությունների կամ անկայուն իրավիճակների դեպքում վերահսկել սեփական զինանոցը: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կործանարար հետևանքներ կլինեն, եթե Մերձավոր Արևելքի X երկրի միջուկային զենքը հայտնվի ահաբեկիչների ձեռքում, ինչպես օրինակ, Սիրիայի քիմիական զենքը հայտնվեց ահաբեկիչների ձեռքում… Միջուկային երկրների՝ այս դեպքում Իրանի և Իսրայելի միջև հնարավոր միջուկային պատերազմը պատճառ կդառնա միլիոնավոր մարդկանց մահվան, տնտեսական ճգնաժամի, բնապահպանական անդառնալի խնդիրների: Նման հնարավոր զարգացումներից խույս տալու համար միջազգային հանրության հիմնական խնդիրը պետք է լինի հորդորել գերտերություններին կրճատել միջուկային զենքի պաշարները, իսկ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնումը հնարավոր է, եթե Իսրայելը ոչնչացման հանձնի միջուկային զենքի իր պաշարները, իսկ Իրանն էլ դադարեցնի նմանատիպ զենքի ձեռքբերմանն ուղղված աշխատանքները: Այս միջոցառումների շնորհիվ Մերձավոր Արևելքում վերջ կդրվի միջուկային սպառազինությունների մրցավազքին, տարածաշրջանի պետությոնները խնդիր չեն ունենա սեփական անվտանգությունն ապահովել միջուկային զենքի շնորհիվ: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
5164 reads | 11.11.2013
| |