ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵԹԵ ԿԱՆԳ ՉԱՌՆԻ, ԿԸՆԴԳՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
![]() -Պարոն Նավասարդյան, ինչպես եք մեկնաբանում Սիրիայում ստեղծված իրավիճակը: - Խիստ վտանգավոր, ես կասեի` պայթունավտանգ: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է միջազգային հիմնական խաղացողների կողմից իրենց աշխարհաքաղաքական շահերն ամրապնդելու և Մեծ Մերձավոր Արևելքը վերաձևավորելու հետսառպատերազմյան ամենամեծ և ռիսկային փորձի հետ: Հիմնական մեղքն այստեղ ընկնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա, որոնք փորձեցին հասնել իրենց նպատակին շահարկելով կրոնական գործոնը, որը հիմա բիկֆորդյան քուղի դեր է խաղում Թունիսից մինչև Չինաստան: Սիրիան ‹‹արաբական գարնան›› արտահայտություններից մեկն է, որը կարող է տարածվել շրջապատի երկրների, մասնավորապես, Իրանի վրա: Ես ձեռնպահ կմնայի երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելուց, բայց որ սիրիական ողբերգությունը կարող է ունենալ անդառնալի, բացասական քաղաքական հետևանքներ, ինձ թվում է բավական հավանական: - Ստացվել է այնպես, որ Սիրիային պաշտպանում են ՌԴ-ն ու Չինաստանը, իսկ Արեւմուտքը Սիրիայի իշխանությունների դեմ է: Այս իրավիճակը նորմալ եք արդյոք համարում: -Նորմալ եմ համարում այնքանով, որ Սիրիայով է անցնում Ձեր թվարկած երկրների ռազմաքաղաքական և աշխարհաստրատեգիական շահերի ջրբաժանը: - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հրատապ ասուլիս էր հրավիրել` Սիրիայի խնդրի վերաբերյալ ու կոչ արել այնտեղ ռազմական միջամտություն թույլ չտալ: Սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք ապակայունացում է սպասվում: - Այո, սպասվում է: Իսկ այն, որ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի գնա պատերազմական գործողությունների, ըստ իս, կարող է արագացնել այդ գործընթացը: Ռուսական դիրքորոշման մետ դիքորոշում հավանաբար կորդեգրեն Չինաստանն ու Իրանը: ![]() - Ընդհանրապես, Սիրիայի խնդիրը տարածաշրջանի մյուս երկրների վրա ինչ հետեւանքներ կարող է ունենալ: - Խորը բացասական: Իսկ դեպքերի ներկա զարգացումը, եթե կանգ չառնի, ապա կընդգրկի նաև Հայաստանը: - Հնարավոր է այս համատեքստում որոշակի լուրջ փոփոխություններ լինեն նաեւ ԼՂ խնդրում: - ԼՂ-ի հիմնահարցն այս, և ընդհանրապես այլ, ենթատեքստերում ես չէի անջատի Հայաստանից: - Կխնդրեի անդրադառնալ նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններին, եւ այս համատեքստում Պուտինի` Բաքու այցին. Ինչու ՌԴ նախագահը մեկնեց Ադրբեջան, բայց Հայաստան նրա այցն այդպես էլ չի իրագործվում: - Ես այդ հարցին մանրամասն անդրադարձել եմ ‹‹Diplomat.am››-ում: Տարանջատելով այցելության վատ ու լավ կողմերը մեզ համար: Ես չէի դրամատիզացնի այդ երկխոսության նշանակությունը մեր դիրքերից: Ռուսաստանն այս դեպքում պարզապես վարում է իր Կովկասյան քաղաքականությունը և ասել, որ Մոսկվան մոտենում է Բաքվին ի հեճուկս Հայաստանի` կլիներ հարցի պարզունակ, վուլգար մեկնաբանում: Ինձ համար ռուս-ադրբեջանական հարաբերությունների անընդունելի պահը ներկա ռազմական համագործակցությունն է, ինչը բացատրության կարիք անգամ չունի: - Ձեր կարծիքով, արդյոք սրա պատճառը ԵՄ, թե մաքսային միություն դիլեման չէ: - Որոշ չափով` այո: - Այս դիլեմայի հաղթահարումն ինչպես եք տեսնում. Որ ուղղությունն է ավելի շահեկան: Հնարավոր է արդյոք համադրել «եւ-եւ»-ի սկզբունքը, թ ե այնուամենայնիվ, պետք է գործի «կամ-կամ»-ի սկզբունքը: - Հաղթահարել այդ դիլեման հնարավոր է միայն ճկուն դիվանագիտություն ունենալու և ճիշտ մանևրելու դեպքում: Ես ‹‹և-և››-ի համոզված կողմնակից եմ և առաջիններից մեկն եմ օգտագործել այդ եզրը: Կարծում եմ նշված երկու սկզբունքները ոչ միայն հնարավոր է համադրել, այլև Հայաստանը կարող է օգտվել դրանց ընձեռած առավելություններից: Արման Գալոյան www.ilur.am | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1761 reads | 28.08.2013
| |