ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Պեկինը ստանձնեց լիբիական հակամարտության միջնորդությունը և պաշտոնապես հայտարարեց իր խաղաղապահ հավակնությունների մասին` ակտիվ բանակցություններ սկսելով երկու կողմերի հետ միաժամանակ: Տրիպոլիի և Բենգազիի հետ շփումների մակարդակով և «հաշտության բանակցություններին նպաստելու» գործում Պեկինը գերազանցեց մյուս պետություններին, այդ թվում լիբիական ճգնաժամի պաշտոնական միջնորդի դեր ստանձնած ՌԴ-ին և ԱԵՄ-ին: Խնդիրն այն է, որ Պեկինը «ցանկացած եղանակի» դեպքում, և անկախ առճակատման ելքից, Լիբիայում իր գործարար շահերի պաշտպանության կարիքն ուներ և զգուշանում էր, որպիսզի լիբիական զարգացումները չինական գործարար շրջանակների համար չշրջվեն տնտեսական անդառնալի կորուստներով: ![]() Վերջիններիս աջակցելու դեպքում շահավետ պայմանագրերով փոխհատուցվելու ուղղությամբ տրված բազմաթիվ խոստումները ևս նպաստում էին, որպեսզի Պեկինը «նահանջի» իր չմիջամտության սկզբունքից: Նշենք, որ Պեկինին դուր չէր եկել ընդդիմության դեմ «Տիանանմեն» կազմակերպելու ուղղությամբ Քադդաֆու հնչեցրած սպառնալիքները: ![]() ՉԺՀ-ին չէր կարող չմտահոգել նաև երկրի էներգետիկ ոլորտը վերակառուցելու ուղղությամբ Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) հայտարարությունները, որոնց համաձայն` վերջինս մտադիր էր Քադդաֆու դաշնակից չինական և ռուսական էներգետիկ ընկերություններին փոխարինել ապստամբներին աջակցություն ցուցաբերած արևմտյան ընկերություններով: Ավելին, սեպտեմբերի սկզբին, լիբիական ապստամբների զինվորական կոմիտեի ղեկավար Օմար Հարիրին Պեկինին մեղադրեց Քադդաֆիի բանակին զենք մատակարարելու և Լիբիայի հաշիվների արգելափակումը կանխելու փորձերի մեջ: Սակայն, ՉԺՀ-ի ԱԳՆ-ը հերքեց զինամթերքի վաճառքի, առավել ևս` դրա Լիբիա արտահանման վերաբերյալ որևէ պայմանագրի ստորագրման փաստը` ընդգծելով, որ Պեկինը, ի սկզբանե, խստորեն հետևել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 1970-րդ և 1973-րդ բանաձևերին: Ի վերջո, ՉԺՀ-ը սեպտեմբերին դիտորդի դերում մասնակցեց Փարիզում «Լիբիայի բարեկամների» համաժողովին: Պեկինը պաշտոնապես ճանաչեց ԱԱԽ-ը` որպես Լիբիայի միակ օրինական իշխանություն և լիբիական ժողովրդի ներկայացուցիչ` ակնկալելով, որ նախկինում ստորագրված չին-լիբիական բոլոր համաձայնագրերը կմնան ուժի մեջ և բարեխղճորեն կիրագործվեն: Պեկինը խոստացավ Լիբիայում խաղաղության և կայունության վերականգնման գործում աջակցել միջազգային հանրությանը: ԱԱԽ-ի ճանաչումից անմիջապես հետո ՉԺՀ-ը ձեռնամուխ եղավ Լիբիայում իր դիրքերի ամրապնդմանը` աջակցություն առաջարկելով երկրի հետպատերազմյան վերականգնման գործին: ![]() Փաստորեն, ՉԺՀ-ի տարածաշրջանային քաղաքականությունն ամենամեծ փորձության ենթարկվեց լիբիական քաղաքացիական պատերազմի ընթացքում` կապված Պեկինի որդեգրած տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, չմիջամտության հայեցակարգի հետ: Վերջինիս հետամուտ լինելու դեպքում Պեկինի համար բարդանում էր Աֆրիկայի հետ համագործակցության խորացման, մայրցամաքի ենթակառուցվածքային, էներգետիկ, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում իր հսկայական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Չինաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատելու խնդիրը: Իր տարածաշրջանային շահերի պաշտպանության ուղղությամբ ակտիվ միջնորդական առաքելություն ստանձնելով, Պեկինը հիմնարար փոփոխություն մտցրեց իր իսկ կողմից տասնյակ տարիներ հետապնդվող չմիջամտության հայեցակարգում: Եթե մինչ այդ Չինաստանը տարածաշրջանում մեկը մյուսի հետևից առևտրային գործարքներ կնքող չեզոք տերություն էր, ապա լիբիական զարգացումների ընթացքում այն միջազգային նոր` միջնորդական կարգավիճակ ստանձնող երկիր էր: Չինաստանն արթնացավ «նիրհից», իսկ Լիբիայի քաղաքացիական պատերազմը իրադարձություն էր, որը ստիպեց Չինաստանին դուրս գալ իր «պատյանից»: Ինչ վերաբերվում է սիրիական իրադարձությունների նկատմամբ Չինաստանի զբաղեցրած դիրքորոշմանը, ապա պետք է նշենք, որ հակառակ այս պետությունում ունեցած թվացյալ «ոչ մեծ շահերինե, հակակառավարական շարժման սկզբից ևեթ Պեկինը համառորեն պնդում էր, որ իր դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չպետք է Արևմուտքի պահանջով ստիպողաբար հրաժարվի իշխանությունից: Չինաստանը բազմիցս հատուկ բանագնացներ է ուղարկել տարածաշրջան` Սիրիայի և հարևան պետությունների միջև բանակցություններ վարելու միջոցով շահագրգիռ կողմերի հետ կապերի հաստատման և երկխոսության միջոցով խնդրի կարգավորման, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման նպատակով: 2011թ. հունիսին Պեկինը Մոսկվայի հետ միասին բողոքարկեց սիրիական ընդդիմության ճնշման նպատակով Դամասկոսի կոշտ միջոցառումների դեմ բանաձևի մշակման քննարկման նպատակով ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումը` միաժամանակ չարդարացնելով Բաշար ալ-Ասադի դեմ ՄԱԿ-ի նախատեսվող գործողությունները: Իսկ 2011թ. հոկտեմբերին` վետո դնելով հակակառավարական ուժերի ճնշման առնչությամբ Սիրիային դատապարտող ԱԽ-ի բանաձևի վրա, ՉԺՀ-ն ու ՌԴ փաստացի կերպով փրկօղակ նետեցին Բ.Ասադին: Պեկինն ու Մոսկվան համոզված էին, որ ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունման հասնել`մանիպուլյացիայի ենթարկելով ԱԽ-ը, ինչը նրանց հաջողվեց Լիբիայի վերաբերյալ բանաձևի ընդունման ժամանակ, որի հետևանքով իբրև «Քադդաֆիի օդուժի ռմբակոծություններից խաղաղ բնակչության պաշտպանությանն» ուղղված միջոց, ապստամբների զինման և ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ակտիվացման արդյունքում Լիբիայի նախագահի վարչախումբը տապալվեց: Այդ էր թերևս պատճառը, որ ՌԴ-ն ու ՉԺՀ-ը մտադիր էին կանխել նման սցենարի կրկնությունը ոչ միայն Սիրիայում, այլ ողջ ՄԱ-ի տարածաշրջանում: Հատկանշական է, որ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն պաշտպանեց 2011թ. դեկտեմբերին Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը: Իսկ 2012թ. սկզբին Պեկինն Արաբական Պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավարությանը տեղյակ պահեց, որ հանդես է գալիս «սիրիական դոսյեն» ԱԽ-ի դատին հանձնելու դեմ, և գտնում է, որ ճգնաժամը պետք է կարգավորվի համաարաբական կազմակերպության շրջանակներում: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2055 reads | 16.10.2013
| |