ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ Ինչ վերաբերում է եգիպտական իրադարձությունների նկատմամբ Պեկինի գրաված դիրքորոշմանը, ապա նախքան եգիպտական ընդդիմության կողմից պետական հեղաշրջման իրականացումը, չինական մամուլը քննադատում էր Եգիպտոսի հակակառավարական ելույթները` դրանք որակելով իբրև «ավազակային փողոցային ժողովրդավարություն»: Չինաստանը վստահություն էր հայտնում Կահիրեի իմաստնության ու առկա դժվարությունները հաղթահարելու, ինչպես նաև իրադրությունը սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության, կարգավորելու կարողության հանդեպ: Պեկինը նաև ակնկալում էր, որ չին-եգիպտական հարաբերությունները չեն տուժի անկարգությունների հետևանքով: ![]() Եգիպտոսում և հարևան երկրներում ժողովրդավարական ընտրությունների դեպքում հնարավոր էր դիտվում իշխանության իսլամիստ առաջնորդների գալու փաստը, որոնք ոչ միայն «արհամարհում են ամերիկյան ժողովրդավարությունը, այլ սպառնում ԱՄՆ նավթային առաքումներին»: Դրա վառ ապացույց էր բերվում Իրանական Իսլամական հեղափոխությունը, որից հետո մուսուլմանական երկրներում գրեթե բոլոր ժողովրդավարական առաջադեմ ընտրությունների արդյունքում իշխանության էին եկել Արևմուտքին և Իսրայելին թշնամաբար տրամադրված իսլամական վարչակարգեր: Մյուս կողմից, չին փորձագետները կարծում են, որ «իսլամիստական ցենտրիզմը», պայքարելով Արևմուտքի կողմից «իսլամական սպառնալիքի» տեսության և ներքին ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ, կարող է Իսլամի վերաբերյալ պատկերացումների վերանայման գործում դրական դեր խաղալ: Իսլամիստական ցենտրիզմի գաղափարական հենասյունն է հակածայրահեղականությունը և հակահեգեմոնիզմը, որի համաձայն` իսլամական աշխարհում արդարության ու ներդաշնակության, սոցիալական փոփոխությունների ու ժողովրդավարության կարելի է հասնել աստիճանաբար և երկխոսության միջոցով: ![]() Իսլամիստական կենտրոնամետ ուժերի ընդլայնումը, վերջիններիս վարած չափավոր և կուսակցական-քաղաքական ուղեգիծը որոշ իմաստով ցույց է տալիս, որ այս ուժերի գլխավոր խնդիրը ծայրահեղականությունից և կոշտ արմատականությունից հրաժարումն ու իրենց ազգային առանձնահատկություններին ու իրականությանը համապատասխան զարգացման նոր գաղափարների և ուղիների որոնումն ու իրագործումն է: Բոլոր դեպքերում Պեկինը չսահմանափակվեց զուտ հռետորաբանությամբ, այլ արագ անցավ գործնական դիվանագիտության: Չին բարձրաստիճան դիվանագետները 2011թ. արդյունավետ այցեր կատարեցին մի շարք արաբական երկրներ (Ալժիր, Թունիս և Սաուդյան Արաբիա), այդ թվում՝ Եգիպտոս: Պեկինը Կահիրեին աջակցություն հայտնեց առաջիկա դժվարությունների հաղթահարման գործում` միաժամանակ ընդգծելով եգիպտական զարգացումների ընթացքում Չինաստանի դրսևորած չմիջամտության քաղաքականությունը: Պեկինը շնորհավորեց Մուհամմեդ Մուրսիին` Եգիպտոսի նախագահի պաշտոնում ընտրվելու, իսկ եգիպտացի ժողովրդին ՉԺՀ-ի հարգանքն արտահայտեց` ինքնուրույն ընտրություն կատարելու կապակցությամբ: Իսկ 2012թ. օգոտսոսին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի` ՉԺՀ կատարած այցը երկու երկրների միջև հարաբերությունների վերահաստատման լավագույն առիթ ծառայեց: ՉԺՀ-ի այցից հետո Եգիպտոսի նախագահը պատրաստվում էր այցելել ԱՄՆ` Նյու Յորք և Վաշինգտոն, Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու, իսկ Վաշինգտոնում` ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու նպատակով: Հարկ է նշել, որ սա նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո Մ. Մուրսիի առաջին պետական այցն էր ՄԱ-ի և Աֆրիկայի շրջանակներից դուրս, որով ընդգծվում էր Եգիպտոսի համար Չինաստանի կարևորությունն իբրև ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի և ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև իբրև առևտրային գլխավոր գործընկերոջ ու ներդրումային կենսական աղբյուրի: Այցը դիտվում էր նաև իբրև ԱՄՆ-ի ուղղությամբ խիստ սևեռումից Եգիպտոսի արտաքին քաղաքականության վերակողմնորոշում դեպի ՉԺՀ: Ըստ չինական պաշտոնական մամուլի, եգիպտական կողմը ցանկանում էր վերանայել Արևմուտքից չափազանց կախման մեջ գտնվող իր արտաքին քաղաքականությունը, և Արևելքի ու Արևմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռված մոտեցում դրսևորել: ![]() Չինաստանն անվանելով «լավ եղբայր, բարեկամ և գործընկեր», Մուրսին նշեց, որ Եգիպտոսը «գնահատում և հարգում է ՉԺՀ-ի արդար դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային լուրջ խնդիրների նկատմամբ և պատրաստ է տարբեր մարտահրավերների դիմակայման նպատակով ամրապնդել կապերն ու համակենտրոնացնել ջանքերը չինական կողմի հետ»: China Daily կառավարական օրաթերթն անգամ գրեց, որ «Մ.Մուրսիի չինական այցը կարող է փոխել ՄԱ-ի քաղաքական լանդշաֆտը»: Ըստ եգիպտական ԶԼՄ-ների` Մուրսիի այցի հիմնական նպատակն էր Եգիպտոսում չինական ներդրումների ավելացումն ու ներգրավումը: Իբրև համաշխարհային տնտեսության երկրորդ սուբյեկտ՝ Չինաստանը կարող է Մուրսիի կառավարությանն օգնել կենսագործելու երկրի «վերածննդի ծրագիրը»: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2095 reads | 02.10.2013
| |