ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու ՄԱՍ ԵՐՐՈՐԴ ![]() Վերոշարադրյալը կարող է վկայել այն մասին, որ ՄԱ-ի և ՀԱ-ի երկրների, մասնավորապես Եգիպտոսի հետ ՉԺՀ-ի հարաբերությունների ամրապնդման գործընթացը չկասեցվեց "արաբական գարնան” հրդեհով: Ընդհակառակը, չին փորձագետների համաձայն` եկել է ՄԱ-ում «նախկին, չափազանց խաղաղ և "փափուկ քաղաքականությունը” վերանայելու ժամանակը»: Վերջիններիս համաձան` ՉԺՀ-ը պետք է վերաձևակերպի իր եգիպտական քաղաքականությունը և ԱՄՆ-ին երկրից դուրս մղի եգիպտական իսլամիստներին ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Եվ եթե դա ՉԺՀ-ին հաջողվի, ապա «եգիպտական մոդելն» արաբական արևելքում չինական քաղաքականության համար կարող է ունիվերսալ դառնալ: Այս առումով միանգամայն ուշագրավ ենք համարում ՉԺՀ կատարած այցի ընթացքում Եգիպտոսի նախագահի` «եթե դուք պաշտպանեք մեր շահերը, մենք կպաշտպանենք` ձերը...»` չինացի իր գործընկերներին ուղղված Մուրսիի խոսքերը: Արևմտյան փորձագետների մի մասը հակված են այն մտքին, որ Չինաստանը կփորձի «տարածաշրջանում գործողությունների ազատություն» ձեռք բերել ոչ միայն հին ու նոր գործընկերների, այլ ՄԱ-ի գործերում Իրանին ակտիվ ներգրավելու հաշվին: Առայժմ դժվար է հաստատել կամ հերքել Չինաստանի ցանկությունն ԱՄՆ-ի դեմ որևէ իրանաեգիպտական տանդեմի ձևավորման հարցում, սակայն նման փորձերը չեն կարող աննկատ մնալ Վաշինգտոնում: Փորձագետները կարծում են, որ եթե Չինաստանի ձեռքին բավականաչափ միջոցներ կան ՄԱ-ում և Աֆրիկայում իր տնտեսական ներկայության ապահովման համար, ապա ԱՄՆ-ի ձեռքն էլ բավականաչափ ռեսուրսներ կան տարածաշրջանի ապակայունացման համար: Փաստենք միայն, որ Պեկինից հետո 2012թ. օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մուրսին Թեհրանում մասնակցեց "Չմիացման շարժմանը” նվիրված գագաթնաժողովին, որն ԻԻՀ-ի հիմնադրումից և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Եգիպտոսի առաջնորդի առաջին բարձրաստիճան այցն էր ԻԻՀ: Իր հերթին Իրանի նախագահ Մ.Ահմեդինեժադն Իրանի առաջին նախագահն էր, որն ԻԻՀ-ի հիմնադրումից հետո առաջին անգամ այցելեց Եգիպտոս և 2013թ. փետրվարին մասնակցեց Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Իրանի նախագահը լրագրողներին տրված հարցազրույցում անգամ նշեց, որ համաշխարհային և տարածաշրջանային բարեփոխումների հիմնախնդիրներում երկու երկրներն ընդհանուր կարծիքներ և գաղափարներ ունեն: Գործնականում չէր բացառվում, որ Պեկինը կօգտագործեր եգիպտաամերիկյան հարաբերությունների լարվածության և Մուրսիի կառավարության արտաքին քաղաքականության վերանայման ձգտումները` «տարածաշրջանում իր դիրքերի առավել ամրապնդման և գործողությունների ազատության» ձեռք բերման նպատակով: Լիբիան "Արաբական գարնան” հրդեհով համակված հյուսիսաֆրիկյան հաջորդ պետությունն էր, որի հակակառավարական ելույթների սկզբնական շրջանում ՉԺՀ-ը փորձում էր ձեռնպահ մնալ որևէ գնահատականից` սահմանափակվելով միայն հակամարտող կողմերին հաշտություն կնքելու հորդորներով, և, ի տարբերություն Արևմուտքի, չարտահայտվելով հօգուտ Քադդաֆու հեռացման: Փետրվարի վերջից մինչ մարտի սկիզբը ՉԺՀ-ը կազմակերպեց Լիբիայից ցամաքային, ծովային և օդային ուղիներով ՉԺՀ-ի մոտ 36.000 քաղաքացու տարհանումը: ՉԺՀ-ի պատմության մեջ առաջին անգամ էր Չինաստանի Ժողովրդական Ազատագրման բանակի նավատորմի (PLAN) արագընթաց հածանավը` ֆրեգատը, մուտք գործում Միջերկրականի ջրերը: ՉԺՀ-ի քաղաքացիներին աջակցելու և տարհանելու հետ կապված դժվարությունները Պեկինը կապում էր երկրում ստեղծված քաոսին վերջ դնելու ուղղությամբ Քադդաֆու անկարողության հետ, որի արդյունքում "խախտվում էր” Պեկինի սրբագույն սկզբունքը` կայունությունը: Թերևս այս պատճառով փետրվարի 26-ին ՉԺՀ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամների հետ քվեարկեց հօգուտ 1970-րդ բանաձևի ընդունման, որով քաղաքացիական բնակչության պաշտպանություն, զենքի առաքման էմբարգո, ոչ-թռիչքային գոտի, թռիչքների արգելք և Լիբիայի ակտիվների սառեցում էր սահմանվում: ![]() Իրականում Պեկինը հայտնվել էր պատժամիջոցներին դիմակայելու և Քադդաֆիի կառավարության դեմ ավելի ակտիվ գործողություններ պահանջող Արաբական Պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ իր դիրքորոշումը համաձայնեցնելու դժվարին երկընտրանքի առջև: Չնայած Լիբիայի նկատմամբ օտարերկրյա միջամտության ուղղությամբ Պեկինի զբաղեցրած բացասական դիրքորոշմանը, ՉԺՀ-ը (ինչպես նաև Ռուսաստանը` ՌԴ) մարտին չօգտագործեց իր վետոյի իրավունքը` կանխելու ՄԱԿ-ի ԱԽ-ի 1973-րդ բանաձևի ընդունումը: Ըստ ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներակայցուցիչ և ԱԽ-ի մարտ ամսվա նախագահող Լի Բաոդոնի` Պեկինը թեև մտահոգված էր Լիբիայի իրադրության վատթարացման հարցում, հատկապես ոչ-թռիչքային գոտու էությունը բանաձևի հովանավորների կողմից ոչ բավարար չափով պարզաբանելու առիթով, այնուհանդերձ ՉԺՀ-ը հաշվի էր նստել Աֆրիկյան Երկրների միության (ԱԵՄ) և Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի դիրքորոշման հետ: Սակայն երբ մարտի վերջին ՉԺՀ-ի նախագահ Հու Ձինթաոն բացահայտ քննադատեց Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները, Արևմուտքում տպավորություն ստեղծվեց, որ ՉԺՀ-ն և Արևմուտքը գործնականում համակրում են Լիբիայի հակամարտության հակադիր ճամբարների: ![]() | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1894 reads | 09.10.2013
| |