ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
![]() - Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն Աստանայում խոսեց մինչեւ հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընթերցեց Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ նշվում է, թե Հայաստանն այդ միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմաններով՝ առանց ԼՂՀ-ի, այսինքն` այն պայմաններով, որով անդամակցել է ԱՀԿ-ին: Ձեր գնահատականը կատարվածին: - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սկսնակ ուսանողն անգամ գիտե, որ ՄԱԿ-ը չի որոշում միջազգային սուբյեկտ պետությունների սահմանները, ոչ էլ հաստատում է դրանք: Սահմանային խնդիրները պարզապես չեն մտնում այդ կազմակերպության գործառույթների մեջ: Հնարավոր է, որ Նազարբաեւը չգիտի քաղաքագիտութան այս տարրական դրույթը: Պատահում է: Բայց հազիվ թե նման կարգի պետական գործիչը հանդես գա միջազգային ֆորումում` առանց փորձագետների հետ խորհրդակցելու: Այստեղից երկու հետեւություն. ա) Նազարբաեւը ճիշտ չի խոսում միայն իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով, որը հայտնի է հոգեբանության մեջ որպես ստախոսություն` մանտալոգիա, բ) իր համախոհ բարեկամին հաճոյանալու համար Ղազախստանի լիդերը դիմում է քաղաքական սադրանքի` քաջ գիտակցելով դրա բացասական նշանակությունը պետությունների միջազգային հարաբերությունների համար: Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք: Նազարբաեւը կամա, թե ակամա տարանջատում է ԼՂՀ-ն Հայաստանից, այն` ինչն, իմ կարծիքով, պետք է հանդիսանա հայկական դիվանագիտության կարեւոր խնդիրներից մեկը: Իսկ եթե ԼՂՀ-ն ցանկանա անդամակցել Եվրասիական կառուցներին, ապա դա պետք է անի ինքը, առանց Երեւանի ձեռքը բռնած, որպես ինքնուրույն կայացած պետություն, իր սահմաններով, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ճիշտ է` դեռեւս չճանաչված: Բայց մենք հավատում ենք դրա ռեալ հեռանկարներին: Այնպես որ` շնորհակալություն ղազախ բարեկամին: - Բայց կարող էին այդ նամակը քննարկել մինչեւ համաժողովը կամ փակ նիստում, որպեսզի հրապարակային կերպով Հայաստանին նման վատ վիճակի մեջ չդնեին. կադրերից էլ է երեւում, որ կատարվածն անակնկալ էր ե՛ւ Ս. Սարգսյանի, ե՛ւ Է. Նալբանդյանի համար: - Կարող էին, բայց չարեցին, որը կրկին փաստում է, որ ԱՊՀ-ի եւ ՀԱԲԿԻ-ի անդամների հարաբերությունները հավասարազոր չեն, ասիմետրիկ են, եւ նրանց հետ մեծ հույսեր կապելը հղի է որոշակի ռիսկերով: - Այսինքն, կարո՞ղ էր Հայաստանը նախապես իմանալ նամակի մասին եւ եթե` այո, Ձեր կարծիքով` ինչո՞ւ չի արել: - Նախապես իմանալու հավանականությունը փոքր է, բայց բացառված չէ: Նման բաներից խուսափելու համար պետք չի սպասել դեպքերի ինքնուրույն զարգացմանը, այլ պետք է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր՝ նման իրավիճակները շրջանցելու համար: Դիվանագիտության արվեստը հենց դա է՝ ամենօրյա նպատակաուղղված աշխատանք: Եթե երկրորդ տարբերակը կա, ապա Հայաստանի դիրքորոշումն ունի հեռուն գնացող որոշակի նկատառումներ: - Համաժողովի ժամանակ այս նամակին Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չարձագանքեց. Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է աներ նա: - Այդ պահին ոչինչ էլ չպետք է աներ: Ինչ որ կարող էր, նա արդեն արել է: - Ստացվում է, անհրաժեշտ քայլերը լավ չի արել, արդյունքում՝ նման իրավիճակի առաջ ենք հայտնվել: - Ստացվում է, որ այդպես է: - Եկեք այս խնդիրը դիտարկենք դիվանագիտական տեսանկյունից. սա արդյո՞ք չի խոսում այն մասին, որ Հայաստանը, մեղմ ասած, հաջող դիվանագիտություն չի վարում: - Խոսում է: Հայաստանի դիվանագիտությունը վերանայման լուրջ կարիք ունի: Այն այսօր իռացիոնալ է: Բոլոր ուղղություններով: Արման Գալոյան
| |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1751 reads | 31.05.2014
| |