ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ-Ը ՉԻ ՀԱՂԹՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ
![]() Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ ![]() Տվյալ հոդվածում համեմատականներ կտանեմ Իրաքում, Աֆղանստանում, ԱՄՆ-ի կիրառած ռազմավարության ու Սիրիայի դեպքերի միջև: ![]() Վիետնամի պատերազմում կրած դառը պարտությունից հետո ԱՄՆ-ի ռազմավարները հասկացան, որ սեփական ցամաքային ուժերով օտար երկիր ներխուժելը ծանր մարդկային ու տեխնիկական կորուստների պատճառ է դառնում: Պետք է արդիականացնել ու զարգացնել օդուժն ու հրթիռային համակարգերը: Վիետնամի պատերազմից հետո նրանք ընտրեցին նոր, բայց իրականում հին ու փորձված ռազմավարությունը՝ ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելը: Թե՛ Աֆղանստանում, թե՛ Իրաքում, թե՛ Լիբիայում, թե՛ Սիրայում ԱՄՆ-ը զինեց տեղի հակառակորդ ռեժիմների ընդդիմադիրներին, որոնք էլ կատարեցին սևագործ աշխատանքն ու կրեցին հիմնական մարդկային կորուստները: ԱՄՆ-ը ռազմավարները գտնում են, որ ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հակամարտության սկզբնական շրջանում ներխուժումը հակառակորդ երկիր հնարավորինս պետք է կրճատել, քանի որ տեղի բնակչության մեջ թշնամանք է առաջացնում: Բացառելու համար նման զարգացումն ԱՄՆ-ը տվյալ երկրի ընդդիմությանը բախման է տանում իր համար անցանկալի կառավարության հետ, որից հետո հայտարարում է, որ օգնության է գնում ժողովրդավարության ու բռնապետներին տապալելու համար մարտնչող ուժերին: Թե՛ Աֆղանստանում, թե՛ Իրաքում, թե՛ Լիբիայում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հաջողության հասան՝ օգտագործելով հետևյալ ձևաչափը. ԱՄՆ-ի դաշնակիցներն՝ ընդդիմադիրները կռվում էին ցամաքում, իսկ ԱՄՆ-ը մարտական գործողություններին մասնակցում էր հրթիռների ու օդուժի միջոցով: ԱՄՆ-ի ժամանակակից հրթիռներն ու օդուժը դիմադրելու հնարավորություն չտվեցին թե՛ թալիբներին, թե՛ Սադամին, թե՛ Քադաֆիին: ![]() Եթե համեմատենք Իրաքի քրդերի ու Սադամի բանակի սպառազինությունները, ապա ի տարբերություն Սադամի բանակի՝ քրդերը չունեին մեծ թվով տանկեր, հրանոթներ, զրահամեքենաներ: Քրդերի հիմնական խնդիրն էր մարտի մեջ մտնել Սադամի ուժերի հետ, իսկ հետո հակառակորդի դիրքերի, սպառազինության մասին տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ-ին, որին հաջորդող ամերիկյան ռազմաօդային ուժերի ճշգրիտ հարվածները շարքից հանում էին Իրաքի բանակի մարդկային ուժն ու սպառազինությունը, հաղթանակ պարգևում քրդերին: ![]() Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու նրա հովանավորյալները հաջողության չեն հասնում Սիրիայում, որովհետև Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ շրջանակներում բացառում են այս պատերազմում աշխարհի լավագույն օդուժի՝ ամերիկյանի ներգրավումը, որին կհետևեր ամերիկյան հատուկ նշանակության թիմերի միջոցով ապստամբներին վերջնական հաղթանակին տանելը: Ժամանակակից պատերազմներում հաջողությունը պատկանում է նրան, ով վերահսկում է երկինքը, իսկ սիրիական երկինքը ներկայումս վերահսկվում է ասադական օդուժի կողմից: Պետք է նաև նշել, որ Ասադի կառավարության բարձր մարտական պատրաստվածություն ունեցող օդուժի ու ցամաքային ուժերի դեմ մարտնչում են տարբեր կրոնական ու քաղաքական հակասություններ ունեցող խմբավորումներ, որոնք ունեն տարբեր նպատակներ ու երբեմն բախվում են իրար: Կարծում եմ, որ առանց ԱՄՆ-ի օդուժի ներգրավման ընդդիմադիրներն ի վիճակի չեն Սիրիայում հաջողության հասնել, ինչը հնարավորություն կտա Ասադին վերականգնել սեփական իշխանությունը նաև Սիրիայի հյուսիսում: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2638 reads | 09.03.2014
| |