‹‹ԺՆԵՎ-2››. ՈՐՏԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Ի՞նչ արդյունքի հասան պատերազմող կողմերը մեկ շաբաթվա լարված և դժվարին բանավեճից հետո: Ոչ մեկ` զրոյական: Սակայն բոլոր դեպքերում կարևորն այն է, որ նրանք վերջապես նստեցին կլոր սեղանի շուրջ և հույս հայտնեցին, որ հաջորդ ռաունդը տեղի կունենա փետրվարի 10-ին: Բանակցելը կռվելուց լավ է, ասում էր Չերչիլը: ![]() Չլուծվեց ամենակարևոր խնդիրներից մեկը` ռազմական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն կազմակերպելը: Համաձայնության գալու փոխարեն կառավարության ներկայացուցիչները մեղադրում են մեկմեկու այդ կարևոր գործընթացը խափանելու մեջ: Պատերազմից տուժած մարդիկ` երեխաներ, ծերեր և կանայք, բառացիորեն մահանում են սննդի ու դեղորայքի բացակայության հետևանքով: Չի իրագործվում բանակի և ընդդիմության գերիների ու վիրավորների փոխանակումը, հատկապես Հոմսի շրջանում: Առաջընթաց չի գրանցված նաև մյուս, ոչ պակաս կարևոր` ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Կառավարական պատվիրակության առաջարկն այդ միջազգային չարիքի դեմն առնելու վերաբերյալ, մերժվել է ընդդիմադիրների կողմից: ![]() ‹‹Ժնև-2››-ի ճարտարապետներ ԱՄՆ-ը և Ռուսաստանը նույն ոգով շարունակում են իրենց առաքելությունը սիրիական ողբերգությանը վերջ տալու ուղղությամբ, որն իր կործանարար հետևանքները կարող է ունենալ տարածաշրջանում և նրա սահմաններից անդին: Ընդ որում, սիրիական ուղղությամբ Ռուսաստանի դիվանագիտական ակտիվությունը, որն սկիզբ առավ անցյալ տարվա օգոստոսի վերջին, շարունակվում է: ![]() Սիրիական կոնֆլիկտի կարգավորման մասնակիցների ‹‹մեգաֆոնային դիվանագիտությունը›› չի բացառում, որ նրանք գաղտնաբար, առանձին-առանձին առաջ են տանում իրենց շահերը և չեն հրաժարվում փոխադարձ հակամարտությունից: Դիվանագիտության կրկնակի հաշվապահությունը ոչ երեկ է ստեղծվել, ոչ էլ այսօր: Այն պարզապես կորցրել է իր գաղտնիության ծածկագիրը, որի մեղքն ընկնում է տեխնոլոգիական բումի, գլոբալիզացիայի, վիկիլիքսների և սնոուդենների վրա: Վաշինգտոնը, օրինակ, մի կողմից կարծես թե համոզվում է, որ Ասադի հեռանալը Սիրիային չի բերի խաղաղություն և էլ ավելի անկառավարելի կդարձնի իրավիճակը երկրում, մյուս կողմից պնդում է նրա հրաժարականի վրա, հետն էլ զուգահեռաբար զենք մատակարարում ընդդիմությանը: Ռուսաստանն իր հերթին մնում է Սիրիայի կառավարության զենքի հիմնական մատակարարը, իսկ Իրանը Բաշարի կողքին մասնակցում է ռազմական գործողություններին` հանձին ‹‹Հըզբոլլահի›› գրոհային ջոկատների: Իսկ մյուս` միջին և փոքր խաղացողները Մոնտրյոյում հանդես են գալիս ընդամենը ստատիստի դերում, որի յարուսում անգամ մեզ տեղ չգտնվեց: Ինչ էլ որ ասելու լինենք, որ կողմից որ մոտենալու լինենք հարցին` ‹‹Ժնև-2››-ում Հայաստանի բացակայությունը հանրապետության դիվանագիտության պարտություն է, եթե ոչ ամենամեծ պարտություններից մեկը վերջին տարիներին: Սակայն սա այլ թեմա է, կարոտ առանձին վերլուծության և մեկնաբանման, որին մենք դեռ կանդրադառնանք: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1803 reads | 31.01.2014
| |