307-ԱՄՅԱ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Անկախության պայքարի խորհրդանիշ դարձած «Արի սիրտը» ֆիլմով շոտլանդացի ազգայնականները 2001-ից սկսեցին պատրաստվել հանրաքվեին: 13 տարի շարունակ ազգայնական կուսակցությունը շոտլանդացիներին պատմեց անցյալի թագավորության փառքի ու հաղթանակների մասին՝ կոչ անելով վերականգնել անկախությունը: Երկարատև պատերազմներից հետո 1603-ին Շոտլանդիան ու Անգլիան առաջին անգամ միություն կազմեցին, հետո անգլիացիները որոշեցին լինել առաջին ջութակի դերում, ինչը դուր չեկավ շոտլանդացիներին: Բաժանումներից ու նոր պատերազմներից հետո 1707-ին երկու թագավորությունները վերջնականապես միավորվեցին՝ ստեղծելով Մեծ Բրիտանիա կայսրությունը: 2014-ին 307 տարվա կայսրության ղեկավարները երկար խորհրդակցեցին, քննարկեցին բոլոր վտանգները, որոնք կարող են գլուխ բարձրացնել անկախ Շոտլանդիայի պարագայում ու առաջարկեցին այնպիսի պայմաններ, որոնք շոտլանդացիներին կապահովեն փաստացի անկախություն, սոցիալ-քաղաքական լավագույն պայմաններ՝ բայց Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի հետ միասին, մեկ միության մեջ: ![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հանրաքվեից առաջ հայտարարեց. «Ինձ համար թանկ է այն, ինչին մենք միասին հասել ենք անցյալում և ինչի կարող ենք հասնել ապագայում: Հիմա ժամանակն է Միացյալ թագավորությունը համախմբելու և առաջ շարժվելու: Ես խոստացել եմ թագավորության պահպանման դեպքում Շոտլանդիայի իշխանությանը տալ լայն լիազորություններ, որպես լիարժեք անկախ պետություն որոշումներ ընդունելու և դրանք միջազգային հարաբերություններում կիրառելու հնարավորություն: Այդ որոշումը բրիտանական խորհրդարանը կընդունի 2015-ին, իսկ մինչև այդ, կառավարությունը կկատարի հարկերի, բյուջետային ծախսերի և սոցիալական ապահովության ոլորտում Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ փոխանցելու իր պարտավորությունը»: Շոտլանդացիները թագավորությունից պոկեցին առավելագույնը և սեպտեմբերի 18-ին որոշեցին առայժմ հրաժարվել անկախությունից: «Միասին ավելի լավ է». հանրաքվեի 55% ձայնով որոշեց Շոտլանդիան: ![]() Տեր կկանգնե՞ն շոտլանդացի առաջնորդներն իրենց սկզբունքներին, կկատարի՞ իր խոստումները Մեծ Բրիտանիայի կառավարությունը, առայժմ դժվար է ասել, բայց վերլուծաբանները շեշտում են՝ Շոտլանդիան կարողացավ ստիպել, որ իր հետ հաշվի նստի կենտրոնական իշխանությունը, իր տարածքի միջուկային բազաները օգտագործելով՝ խաղ սկսեց գերտերությունների հետ, հետո որոշեց ժամանակավորապես հրաժարվել լիակատար անկախության մտքից: Եվրոպայի սրտում անվտանգության բոլոր երաշխիքներով ու սոցիալական լավագույն պայմաններով ապահովված ժողովրդի համար այսօր դա առաջին անհրաժեշտություն չէր, ի տարբերություն Արցախի, որը 1988-ին ընտրում էր ոչ թե ավելի լավ ապրելու, այլ ընդհանրապես գոյություն ունենալու ուղին: Շոտլանդական հանրաքվեի օրինակով եվրոպացիները ոչ միայն փաստացի, այլև դե-յուրե դուռ բացեցին ազգային ինքնորոշման բոլոր մյուս դեպքերի համար՝ առանց «յուրօրինակ» կամ «չի տարածվում այլ տարածաշրջանների վրա» ձևակերպումների հնարավորության: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2828 reads | 23.09.2014
| |