«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԴՈՒՌԸ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՅԾԵՐԸ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() «2015 թվականի ապրիլին Հայաստանն ու հայկական սփյուռքը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայերը ամբողջ աշխարհում աշխատանքներ են տանում իրենց տառապանքների միջազգային ճանաչման և աղմուկ բարձրացնելու համար: Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում է նվազեցնել դրա ազդեցությունը: Առաջին քայլը ապրիլին հայերին ուղղված Էրդողանի ցավակցությունն էր՝ ասելով, որ մենք կիսում ենք մեծ ցավը»: Սա հատված է թուրքական Թարաֆ թերթի սենսացիոն հրապարակումից: Շատերը ուշադրություն չեն դարձնում, բայց այստեղ առաջին անգամ Հայոց ցեղասպանություն տերմինը գրվում է առանց չակերտների և առանց այսպես կոչված ածականների: Թուրքական պարբերականի երկրորդ բացահայտումը Հայաստանի հետ սահմանի բացման մասին է: Հրապարակման հեղինակ Հուսեյն Օզայը նշում է, որ ունի ապացույցներ սեպտեմբերին երկու երկրների սահմանի բացման վերաբերյալ, առաջին անցակետն էլ իբրև լինելու է Մարգարայի մոտ: «Վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրահանգով արվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները, որպեսզի մինչև սեպտեմբերի 30-ը սահմանը բացվի: Թուրքական կողմից դա կլինի Ալիջանի, իսկ հայկական կողմից Մարգարայի մաքսակետերի միջոցով: Սահմանին մոտ Թուրքիան 7 կմ ճանապարհ է ասֆալտապատել, մաքսակետում տեղադրել համապատասխան սարքավորումներ: Հայաստանն ու Թուրքիան արդեն անցկացրել են դիվանագիտական խորհրդակցություններ»: ![]() «Թարաֆ»-ի այս հրապարակման առաջին արձագանքը, որքան էլ զարմանալի է, եղավ ոչ թե Երևանից կամ Անկարայից, այլ Բաքվից: Իլհամ Ալիևի զայրույթը նույնքան մեծ էր, որքան 2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ. «Եթե Անկարան կատարի այդ քայլը, ապա մեծ վիրավորանք կհասցնի եղբայր Ադրբեջանին: Մենք չենք կարող հանդուրժել, որ ձախողվի հայերի շրջափակումը: Դա կլինի դավաճանություն մեր նկատմամբ»: ![]() Շաբաթվա թիվ մեկ տարածաշրջանային լուրը մեկնաբանեցին ոչ միայն հայ և թուրք, այլև գերտերությունների ներկայացուցիչ փորձագետներ: ![]() Երկրորդ խայծը ներքաղաքական է՝ Ստամբուլի մոտ 100.000 և Արևմտյան Հայաստանի ավելի քան 4 մլն հայերի ձայնը կարող է որոշիչ լինել նախագահի աթոռի պայքարում: Ցեղասպանության փաստն ընդունել ու հայերի համակրանքը շահելու հույս ունի նաև քուրդ թեկնածու Սելլահաթին Դեմիրթաշը: Իսլամական կոնֆերանս կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար, նախագահի երրորդ թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հասկանալի պատճառներով չի կարող հենվել հայերի վրա: Չնայած Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակը հուլիսի 5-ին հերքեց սահման բացելու լուրը, բայց հայերին ուղղված նոր խոստումներ կլինեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իսկ կենացները օր օրի ավելի կքաղցրանան: Ամերիկայի օրինակին հետևելով՝ այստեղ էլ հայերի ձայնի համար թուրք թեկնածուներն են խոստանում ճանաչել ցեղասպանությունն ու բացել Հայաստանի հետ սահմանը: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2677 reads | 06.07.2014
| |