Սլովակյան Dennik N հեղինակավոր լրատվամիջոցի լրագրող Վլադիմիր Շնիդլ (Vladimír Šnídl)-ը հետաքննություն է իրականացրել այդ երկրի կողմից Ադրբեջանին մեծ տրամաչափի զենք վաճառելու փաստի առիթով՝ նշելով այն հիմքերը, որոնցով Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս են արտահանումն ստուգել անվտանգության ծառայությունները, հայտնի չէ, նշում է Dennik N-ը: Ներկայացնում ենք հրապարակման հայերեն թարգմանությունը:![]() Սեյրանյանը սլովակյան հաուբիցների և հրթիռային համազարկային համակարգերի արտահանման վերաբերյալ կարծիք է հայտնել, որ դրանք ի վերջո հայտնվել են Ադրբեջանում: Այդ առևտուրը վերջին ամիսներին կատարվել միայն սլովակյան իշխանությունների համաձայնությամբ: Դրանք արտահանվել այնպիսի մի երկիր, որի հանդեպ կիրառվում է նմանատիպ արդյունավետ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոն: Դեսպան Տիգրան Սեյրանյանն այդ զենքն սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգության համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկարամյա լարված հարաբերություններ ունեն: «Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն (խմբ.՝ միջազգայնորեն ճանաչված չէ), այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը», - փաստում է Սեյրանյանը: ![]() Դեսպան Սեյրանյանն այդ տեղեկատվությունը կարևոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ թշնամաբար է վերաբերվում Հայաստանին:
Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում է արգելված երկիր զինտեխնիկայի արտահանման իր պատասխանատվությունը: Նա կրկնում է, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի է ենթարկված: «Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք հարգում ենք մեր միջազգային պարտավորությունները», - ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը: Ադրբեջանն արդեն կրակում է հրետանուց Սեյրանյանի նստավայրը Պրահայում է, բայց որպես դեսպան հավատարմագրված է նաև Սլովակիայում: Նա նշում է, որ նախորդ տարվանից բազմիցս դիմել է Սլովակիայի իշխանություններին և սլովակ դիվանագետներին, արտահայտելու համար իր «խորը մտահոգությունը»:
Չեխական հեռուստատեսության լրագրողներն անցած տարվա սեպտեմբերից ցուցադրել են Ստրնադի ընկերությունների արտահանումներին նվիրված երեք մանրամասն ռեպորտաժներ: Ըստ նրանց տվյալների՝ Սլովակիայից Ադրբեջան կարող էին հասնել մինչև 30 միավոր արդիականացված հաուբիցներ և 38 հրթիռանետեր: Դրա ապացույցները ներկայացնում է Ադրբեջանը: Չեխիայի հեռուստատեսությունը հունիսի կեսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ Ադրբեջանի բանակը մարտական պայմաններում արդեն փորձարկել է Սլովակիայից ստացված հաուբիցները: Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված մարտական վերապատրաստման ծրագրի համաձայն, հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Dana ինքնագնաց համակարգերից: Նրանք մարտական կրակոցներ են իրականացրել իրական մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում», - նշվում է հունիսի 14-ի ռեպորտաժում: Դեսպան. դրան կարող են հավատալ միայն միամիտ մարդիկ ![]() Մինչ այդ, մի քանի ամիս էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան անտեսում էր կասկածները, որ սլովակյան սպառազինությունները հանգրվանել են Ադրբեջանում։ Նա անցավ գործողությունների միայն ապրիլին, երբ չեխական հեռուստատեսությունը նոր ապացույցներ ներկայացրեց: Այն տեսակետը, որ զենքերը մնում են Իսրայելում, պնդում են նաև Սլովակիայի MSM ընկերության ղեկավարները, որոնց միջոցով էլ իրականացվում է Ստրնադի Czechoslovak Group-ի առևտուրը: Հրթիռանետերը և հաուբիցները Սլովակիայից ներմուծում է իսրայելական Elbit ռազմարդյունաբերական ընկերությունն իբր թե Իսրայելի զինված ուժերի համար: «Մենք բազմիցս կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան և խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը Elbit Systems-ն է, վերջնական օգտագործողն՝ Իսրայելի պետությունը», - նշում է MSM-ի մամուլի քարտուղար Լուցիա Օլլեն: Հայաստանի դեսպանը համակարծիք է, որ «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թե Czechoslovak Group-ը չգիտեր, որ հրթիռանետերն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան», - ասում է Սեյրանյանը: Աշխատակցի վկայությունը ![]() «Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապես մեկնում էին Ադրբեջան: Ավելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մոտ: Օրինակ, հոկտեմբերին հինգ մեխանիկներ վերապատրաստվել են Սլովակիայում երեք օրվա ընթացքում, որպեսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել», - ասաց աշխատակիցը լրագրողին: MSM ընկերությունը հերքեց այդ տեղեկությունները՝ դրանք որակելով որպես մրցակիցների քարոզարշավ: Դեսպանը լրացուցիչ ապացույց է համարում ադրբեջանական օդանավերի թռիչքները Սլովակիա: Չեխական հեռուստատեսությունը և Denník N-ը կարողացել են Ստրնադի արդիականացված զենքերը նկարահանել Մ.Ռ.Շտեֆանիկի անվան օդանավակայանում: Բրատիսլավայի օդանավակայան է բազմիցս ժամանել ադրբեջանական Silk Way Airlines ընկերության ինքնաթիռը, որն ապա թռել է Ադրբեջան՝ կանգ առնելով Իսրայելում:
Մահաբեր զենքեր ![]() Թեև զենքը գալիս է սառը պատերազմի դարաշրջանից, արդիականացումից հետո դրանք բավական արդյունավետ են: RM-70-ը կարող է կարճ ժամանակահատվածում հակառակորդի վրա լցնել մինչև 80 հրթիռ: Այդ համակարգը հիմնված է հայտնի ռուսական Град հրթիռանետի վրա, որ վերջերս Դոնբասում տեղի ունեցած հակամարտության ժամանակ դարձել էր ուկրաինացի զինվորներին սպառնալիք: Հավանականությունը, որ Ադրբեջանն էլ այդ զենքը կդնի գործածության մեջ, ոչ միայն հիպոթետիկ է: Թեև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը եղել է 1990-ականների սկզբին, իրավիճակն այնտեղ դեռևս լարված է: Երկու տարի առաջ այդ տարածքում մի քանի օր ծանր մարտեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվեցին երկու հարյուր զինվորներ և տասնյակ քաղաքացիական անձինք: Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, այն 25 տարի առաջ վերագրավվել է Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այդ իրողության հետ: Վերջին տարիներին Ադրբեջանը հարստացել է և մեծ ներդրումներ կատարել բանակում: «Այս երկրի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլև Հայաստանի տարածքի մեծ մասն, այդ թվում` մայրաքաղաք Երևանը, որ աշնանը կնշի իր 2800-ամյակն, Ադրբեջանի պատմական տարածքի մի մաս են»,- ասում է Սեյրանյանը: Ի՞նչ կարծիքի է դեսպանի մտահոգությունների մասին Սլովակիայի արտաքին գերատեսչությունը: «Հայաստանի դեսպանի գնահատականն իր անձնական կարծիքն է և մենք չենք մեկնաբանում այն: Ուշադիր հետևում ենք և գնահատում տարածաշրջանի զարգացումները, ներառյալ անվտանգության իրավիճակը։ Հետևողականորեն ժամանակի ընթացքում աջակցել ենք հրադադարի ռեժիմին և երկու կողմերին էլ կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել լարվածությունը կանխելու համար և հնարավոր դարձնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը», - պատասխանում է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պետեր Սուսկոն: Հակամարտությունը դեռևս ակտիվ է Denník N-ը մեկնաբանություն է խնդրել նաև Globsec-ի (Բրատիսլավայում գործող գիտահետազոտական կենտրոն) վերլուծաբան Յան Ցինգելից, ով տևական ժամանակ է մասնագիտացած է հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ցինգելն ասում է, որ Հայաստանի դեսպանի մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել:
Երկու երկրների միջև տեղի են ունենում համեմատաբար ավելի փոքր ընդհարումներ, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում։ Վերջին օրինակն այն է, որ այս տարվա հունիսին, ըստ Ցինգելի, միջադեպ է տեղի ունեցել, երբ Ադրբեջանը «չեզոք տարածքում» բլուր էր գրավել Նախիջևանի իր անկլավի մոտ: «Դրա շնորհիվ, նա նշանառության տակ է պահում Արենի գյուղը, որ երկրի հարավն ու հյուսիսը, նաև Երևանը հարավի հետ կապող մայրուղու վրա է: Այս մայրուղին շատ կարևոր է Հայաստանի համար՝ դրանով են իրականացվում Լեռնային Ղարաբաղի մատակարարումները », - ավելացրել է նա: Ուրիշներն էլ նույնն են անում Սլովակիան միակ երկիրը չէ, որ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Armádní noviny (Ռազմական լուրեր) սերվերը նախորդ շաբաթ հաղորդել է, որ ադրբեջանական բանակն ունի նաև բրիտանական Land Rover տրանսպորտային միջոցներ, ամերիկյան Cougar զրահապատ մեքենաներ կամ թուրքական T-122 Sakarya և T-300 Kasirgo հրթիռները: Հայաստանը Ռուսաստանից է զենք գնում, որն իր հերթին առևտուր է անում նաև Ադրբեջանի հետ: «Ռուսաստանն այդ եղանակով պահպանում է իր ազդեցությունը երկու երկրներում», - բացատրում է Ցինգելը: Ադրբեջանի սպառազինության շոշափելի մասը գալիս է Իսրայելից: Օրինակ, իսրայելական զինագործական Elbit ընկերությունը, որ սլովակյան հաուբիցներ և հրթիռանետեր է գնել, օգնել է Ադրբեջանին SU-25 մարտական ինքնաթիռների լայնածավալ արդիականացման հարցում: Ցինգելը նույնպես կարծում է, որ իսրայելական ընկերությունը հազիվ թե սլովակյան սպառազինություններ ձեռք բերեր իր բանակի համար: «Իսրայելը չի օգտագործի այն մարտական տեխնիկան, որ մենք ենք արտահանել: Միանգամայն միամիտ է մտածել, որ նա զինվելու է սլովակյան Dana-ներով», - նշում է Ցինգելը: «Իսրայելը շատ լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ Իրանի նկատմամբ իր ռազմավարական դիրքի պատճառով: Օրինակ, եթե Իսրայելը որոշում կայացնի իրանական միջուկային օբյեկտների վրա օդային հարվածներ հասցնելու, ապա կարող է Ադրբեջանն օգտագործել որպես ռազմակայան», - ասում է Ցինգելը: Որքա՞ն ջերմ են հարաբերությունները Մի կողմից, Սլովակիան Հայաստանի հետ ավելի է զարգացնում հարաբերությունները, քան Ադրբեջանի հետ: Արդեն 2004 թվականին, Եվրոպայում առաջիններից մեկը, Սլովակիայի խորհրդարանը բանաձև ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Երկու երկրների քաղաքական գործիչները պարբերաբար այցելում և աջակցում են միմյանց: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայում էր՝ Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես բացելու նպատակով: Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ժամանեց Սլովակիա: Նրան ընդունել են նախագահ Անդրեյ Կիսկան և խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն: «Աշխատանքային շփումները շարունակվելու են, որպեսզի միմյանց հետ ավելի սերտ գործակցենք, չնայած մեր սրտերով արդեն չափազանց մոտ ենք»», - ասել է Դանկոն հանդիպումից հետո: Զավեշտալին այն է, որ նույն պահին Բրատիսլավայի օդանավակայանից արտահանվել են հրթիռանետեր ու հաուբիցներ, որոնցով այսօր այդքան հպարտանում է ադրբեջանական բանակը։ Հայաստանում գարնան ընթացքում հիմնարար կերպով իրավիճակ փոխվեց։ Զանգվածային ցույցերն ստիպեցին կառավարությանը հրաժարական տալ, իսկ վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ցինգելի, նրա կառավարությունն անմիջապես սկսեց հակակոռուպցիոն և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: «Այս ժամանակաշրջանում, երբ երկրում խոշոր սոցիալ-քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, Հայաստանը շատ խոցելի է: Այն աջակցության կարիք ունի Եվրամիությունից, ներառյալ Սլովակիայից», - ասում է Ցինգելը: Պաշտոնական պատասխան չկա
Նա նաև պաշտոնական հայտագիր է ուղարկել Բրատիսլավա, որին դեռ չեն պատասխանել: Վերջապես, նա դիմել է հաջորդ քայլին և բաց խոսել Չեխիայի հեռուստատեսության և այժմ՝ Denník N թերթի համար: Բնական է, որ իր հայտարարությունները նա համաձայնեցրել է Երևանում՝ արտաքին գործերի նախարարության հետ: Սլովակիայի դիվանագիտության պատասխանատուներից մեկը Denník N-ին արձագանքել է, թե Սեյրանյանի հարցումներին «միշտ էլ բարեկամաբար և դրական ենք արձագանքել»: Նա նշել է, թե դեսպանի հետ մեր դիվանագետները բազմիցս քննարկել են այս խնդիրն, ինչն, ըստ խոսնակ Սուսկայի, հաստատում է, որ իրենք անհրաժեշտ ուշադրություն են դարձրել այդ խնդրին: «Դեսպանին միշտ հավաստիացրել ենք, որ Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել այդ զինտեխնիկայի արտահանումն Ադրբեջան և խստորեն հարգել իր միջազգային պարտավորությունները: Նրան տրամադրվել է հասանելի տեղեկատվություն և բացատրվել ու իրազեկվել գործընթացների մասին», - ասում է Սուսկոն: Հայտագրին պաշտոնապես չեն արձագանքել, քանի որ, ըստ Սուսկայի, դա կանեն գործի ամբողջական հետաքննության ավարտից հետո: «Մենք պատրաստ ենք շարունակել դիվանագիտական երկխոսությունը դեսպանի և հայաստանյան այլ ներկայացուցիչների հետ», - ավելացնում է Սուսկոն: «Մենք լուրջ հետաքննում ենք» Սակայն հետաքննությունն ուշացավ: Էկոնոմիկայի նախարար Զիգան որոշեց դա սկսել ապրիլին՝ չեխական ԶԼՄ-ներում արտահայտած առաջին կասկածներից կես տարի անց: «Մենք, որպես վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրա: Մենք պետք է ստուգենք բոլոր փաստերը և հավաքենք դատական առումով ընդունելի բավականաչափ ապացույցներ, որպեսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել », - պնդում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը: Այդ հետաքննությունը չէր կարող վտանգ ներկայացնել Իսրայելի հետ Ստրնադի առևտրին։ Նրա ընկերությունները մինչև 2018թ. հունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունեին և, ամենայն հավանականությամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծավալով: Դեպի Իսրայել հետագա արտահանման լիցենզիա չեն պահանջել: «Եթե MSM ընկերությունը նման լիցենզիա խնդրի, ապա մենք, արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դա չենք տրամադրի՝ մինչև Ադրբեջանին զենքի հնարավոր վերարտահանման մասին տեղեկատվության ստուգման ավարտը», - այժմ նշում է էկոնոմիկայի նախարարությունը: Արտահանման հանգամանքների հետաքննությունն արդեն ավելի քան երկու ամիս է շարունակվում: Պաշտոնյաները, ըստ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Մարոշ Ստանի, MSM ընկերությունից պահանջել են ապացուցել, որ հրթիռանետերը և հաուբիցները իրականում հանձնվել են Իսրայելին: «Նման «վկայության» հավաստիությունը հետագայում կստուգվի դիվանագիտական խողովակներով: Եթե լիցենզավորված ընկերությունը նման փաստաթուղթ չներկայացնի, վարչական վարույթ կհարուցվի վարչական իրավախախտման կասկածանքով»: Ի՞նչ է դա նշանակում գործնականում: Ստրնադի ընկերությունը կարող է տեսականորեն տուգանվել, և, ծայրահեղ դեպքում, նաև կորցնել ռազմական տեխնիկայի առևտրի թույլտվությունը: Դա արդեն իր համար մեծ խնդիր կլինի: «Նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ MSM-ը վնասել է Սլովակիայի արտաքին քաղաքական կամ անվտանգության շահերը», - նշում է Ստանոն: Միջազգային խայտառակությու՞ն Մինչ այժմ, սակայն, քիչ հավանական է, որ ընկերությանը նման ծայրահեղ իրավիճակ սպառնա: MSM-ը Սլովակիայի ամենակարևոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունն է: SMER-ի (սոցիալ-դեմոկրատներ) երկրորդ կառավարության օրոք այն պետությունից վարձակալել է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Պովաժի և Նովակի իր արտադրամասերում աշխատում են հարյուրավոր մարդիկ: Եթե պետությունը խոստովանի, որ զենքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կհաստատի, որ մեր անվտանգության ծառայությունները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դեպքում, երբ ստանա մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Սլովակիայի տեղեկատվական ծառայության կամ Ազգային անվտանգության գրասենյակի համաձայնությունը: Այս հաստատությունները պատասխանատու են ռիսկերը գնահատելու համար, օրինակ, կարո՞ղ է սպառազինությունը հայտնվել արգելված երկրում, թե ոչ: «Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման արտոնագիր է տրամադրում միայն այն դեպքում, եթե դրա հետ համաձայն լինեն արտաքին գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, հետախուզական ծառայությունները, ազգային անվտանգության գրասենյակը և հարկային ծառայության քրեական բաժինը: Դրանք իրավասու են արտաքին քաղաքական, անվտանգության կամ այլ խնդիրներ քննարկելու հարցում», - բացատրում է Ստանոն: Բացի այդ, Սլովակիային կարող են միջազգային մեղադրանքներ ներկայացվել: Հաջորդ տարի Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունն, այն կազմակերպության, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները: Պարադոքսն այն է, որ վերջերս Սլովակիայի դիվանագիտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հատուկ դեսպանի հաստիք է կորզել: «Ինչ կլինի Սլովակիայի արժանահավատությունը, երբ բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, թե որտե՞ղ և ու՞ր ենք մենք արտահանել զենքը: Հակամարտության կողմերի համար դժվար է ընկալել մեզ որպես չեզոք և անկողմնակալ դերակատար», - նշում է Ցինգելը: Սլովակյան դիվանագիտությունը, սակայն, հուսով է, որ այլ պետություններն ըմբռնումով կմոտենան Սլովակիայի հանդեպ: «Եթե հետաքննության ավարտից հետո պարզվի, որ սպառազինությունն արտահանվել է հայտարարված երկրի սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետության իմացության: Այդ դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ», - հավաստիացնում է ԱԳՆ-ն: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1358 reads | 17.07.2018
| |