ԻՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԻՐԱՆԱՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏ
Diplomat.am-ը հայ-իրանական հարաբերությունների, Իրանի հայկական համայնքի և տարածաշրջանային շահերի մասին հարցազրույց է արել Թեհրանի հայ դատի հանձնախմբի անդամ, Թուրքիայի ու Կովկասի փորձագետ Իսակ Յունանեսյանի հետ:

Թեհրանի Հայ դատի հանձնախումբը աշխարհում գործող հայկական այդպիսի ամենաակտիվ կառույցներից մեկն է, թերևս, ամենաշատ անդամներ ունեցող գրասենյակը: Ինչպե՞ս է այսօր գործում այն:

-Թեհրանի Հայ դատի հանձնախումբը գործում է արդեն 35 տարի: Մենք ունենք կառույցին կից քաղաքական, հանրային կապերի, ներքին և արտաքին քարոզչական հանձնախմբեր: Մենք փորձում ենք տարբեր ուղղություններով ներկայացնել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունն ու ներկան: Այսօր մենք ունենք որոշ դժվարություններ, որոնցից մեկն այն է, որ քանի որ Իրանում մենք ներկայացված չենք որպես քաղաքական կազմակերպություն, հաճախ չենք կարողանում պաշտոնապես զբաղվել այդ գործունեությամբ: Մյուս խնդիրն այն է, որ Իրանում մեծ ազդեցություն ունի Ադրբեջանը՝ հենվելով մոտ 20 մլն թյուրքախոս բնակչության գործոնի վրա: Սակայն մենք դեռևս հաջող ենք իրականացնում մեր առաքելությունը: Տարեկան 2 անգամ համաժողովներ ենք կազմակերպում, որոնց մասնակցում են նաև ազգությամբ պարսիկ մասնագետներ և պաշտոնյաներ: Ցեղասպանության 100-ամյակի արարողություններից հետո Իրանում ևս մեզ համար դյուրացումներ եղան: Պետությունն այլևս այնքան խստությամբ չի վերաբերվում մեր հանրային միջոցառումներին, մենք ջանքեր թափեցինք, որպեսզի Իրանում օգտագործվի Ցեղասպանություն տերմինը, և եթե մի քանի տարի առաջ իրանցիները կիրառում էին կոտորած, եղեռն բառերը, ապա այսօր Ցեղասպանություն բառը դարձել է լայն գործածական:

Դուք նշեցիք Իրանի թյուրքախոս հանրության, հատկապես իրենց ադրբեջանցի համարող բնակիչների մասին: Ի՞նչ խնդիրներ են նրանք ստեղծում Իրանի և հատկապես իրանահայ համայնքի համար:

-Իրանի ադրբեջանական հատվածը ամեն ինչ անում է հայերի դեմ: Նրանք Բաքվից ու Անկարայից ստանում են մեծ աջակցություն և մեծ ծավալով հակահայկական քարոզչություն են իրականացնում: Իրանի թյուրքախոս բնակչության վրա մեծ քարոզչություն է տանում Gunaz TV արբանյակային հեռուստաընկերությունը, որը ամեն օր հակաիրանական և հակահայկական հաղորդումներ է տարածում: Իրանի ադրբեջանական դեսպանությունն էլ տարեկան հրատարակում է տասնյակ գրքեր, որոնք խեղաթյուրում են Հայաստանի և Իրանի պատմությունը, Ադրբեջանը ներկայացնում որպես մարդկության բնօրրաններից մեկը, և այդ գրքերը տրամադրում են հնարավոր բոլոր կազմակերպություններին և անհատներին:

Քարոզչության ոլորտում ի՞նչ է անում հայկական կողմը:

-Հայկական կողմը քարոզչական մակարդակում այդքան աշխատանք չի տանում: Մենք հրատարակում և տարածում ենք 1-2 գիրք, կազմակերպվում են հատուկենտ միջոցառումներ: Իրանի հայկական համայնքի հնարավորությունները սահմանափակ են՝ հաշվի առնելով պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ դրված սահմանափակումները, սակայն Հայաստան պետության հնարավորություններն այդ առումով առավել լայն են: Օրինակ, մենք առաջարկում ենք փոքրիկ գրքույկներ հրատարակել Հայաստանի պատմության, զբոսաշրջության, տնտեսության տված հնարավորությունների մասին, և այդ գրքույկները հենց սահմանին կամ օդանավակայանում տրամադրել Հայաստան ժամանող իրանցիներին: Դա հնարավորություն կտա նոր ներդրումներ բերել Հայաստան: Ցավոք, մեր տեսարժան վայրերի, Արցախի մասին պարսկերեն լեզվով հրատարակություններ քիչ կան կամ չկան, սակայն հենց դրանք են առաջին երաշխիքը, որպեսզի պարսիկները իրենց լեզվով կարդան մեր մասին, տեղեկանան և հետաքրքրվեն:

Ձեր կարծիքով, ի՞նչ կոնկրետ գործողություններ պետք է արվեն պետական կամ հանրային մակարդակում, որպեսզի իրանական հասարակությունը և պետությունն ընդհանրապես առավել տեղեկացված լինի Հայաստանի մասին:

-Իրանի և Հայաստանի փոխադարձ իրար ճանաչելու առաջին կարևոր պայմանը մեդիադաշտի համագործակցությունն է: Երկու երկրների կայքերն ու հեռուստաընկերությունները չեն ճանաչում իրար, մինչդեռ շաբաթ չկա, որ Թեհրանում, օրինակ, որևէ հայկական միջոցառում չլինի: Հայաստանում տեղյակ չեն, թե ապրիլի 24-ին, Շուշիի ազատագրման օրը կամ ազգային այլ նշանավոր օրերին իրանահայերը ինչ են կազմակերպում: Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցները արցախյան խնդրի մասին լուրեր ստանում և հաղորդում են՝ հիմնվելով ադրբեջանական մեդիադաշտի տեղեկատվության վրա, և դրա պատճառն այն է, որ հայաստանյան հեռուստաընկերություններն ու այլ մեդիաները Իրանում չունեն ներկայացուցչություններ, չեն համագործակցում իրանական լրատվամիջոցների հետ: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն իր ԶԼՄ-ների մասնաճյուղեր է բացել, այլև ստեղծել է պարսկալեզու լրատվամիջոցներ և դրանց միջոցով տարածում է հակահայկական տեղեկատվություն: Ամեն դեպքում, դա իր բացասական ազդեցությունն ունենում է: Մենք բազմիցս առաջարկել ենք, որ հայաստանյան լրատվամիջոցները գործունեություն ծավալեն Իրանում: Հայ դատի հանձնախումբը պատրաստ է տարածքով և գործընկերության այլ միջոցներով աջակցել, հնարավորություններ ստեղծել, որպեսզի հայաստանյան ԶԼՄ-ները, փորձագետները կապվեն իրանական համապատասխան դաշտերի հետ: Դա հասարակությունների՝ իրար ճանաչելու, նաև հայամետ տրամադրությունները մեծացնելու ամենագործուն տարբերակն է: Փորձն ու եղած հատուկենտ օրինակներն են դա ապացուցում:

Ամենաթարմը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլիի թեմայով արդյունավետ աշխատեցինք հայաստանյան մեդիա դաշտի և Իրանում ՀՀ դեսպանության հետ, տարածեցինք պարսկալեզու տեղեկատվություն Բյուլբյուլօղլիի կենսագրության և հակաիրանական գործունեության մասին: Դրա շնորհիվ կարճ ժամանակում իրանական լրատվամիջոցները ևս հրապարակումներ արեցին Ադրբեջանի կողմից իրականացվող հակաիրանական գործունեության մասին, ինչը Իրանի իշխանությանը ևս ստիպում է քաղաքական որոշումներ կայացնել: Սրանք օրինակներ են, որոնք արդյունավետ են, երբ մենք համակարգված համագործակցություն ենք իրականացնում:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2781 reads | 05.07.2017
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com