ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քաղաքագետ
Հանրային դիվանագիտության դպրոցի շրջանավարտ, ԵՐԵՎԱՆ
Մերձավոր Արևելքը նման է պանդորայի արկղի, որի բացվելու դեպքում հարակից տարածաշրջանները ևս անմասն չեն մնում տհաճ նվերներից: Հերթական ցուցիչը, որ չարիքի արկղը կբացվի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցն էր Մերձավոր Արևելք: Սկսած Ռեյգանից՝ ԱՄՆ-ի նախագահները առաջին արտասահմանյան ուղևորություն կատարում են սահմանակից երկրներ, սակայն Թրամփը խախտեց ավանդույթը` ցույց տալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Անզեն աչքով նույնիսկ պարզ է, որ Օբամայի խաղաղության տարիներն արդեն ետևում են, և ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունում նոր ու կտրուկ շեշտադրումներ կան:
Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի տեսանկյունից ուշագրավ է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև կնքված 110 միլիարդ դոլար արժողությամբ ժամանակակից սպառազինություներ գնելու գործարքը: Թրամփի բիզնես հմտությունները դրսևորվեցին 350 միլիարդ դոլար արժողությամբ երկկողմ համագործակցային պայմանագրերի կնքմամբ, որում ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն 10 տարվա ընթացքում: Պատմական փորձը վկայում է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված նման մեծամասշտաբ պայմանագրերը չարագույժ են լինում: Օրինակ` 1974թ-ին կնքված 117 միլիարդ արժողությամբ գաղտնի պայմանագիրը հանգեցրեց համաշխարհային նավթային, իսկ հետո նաև տնտեսական ճժգնաժամի:
Այս անգամ գործարքն ուղղված է Իրանի դեմ: Այն պետք է կնքվեր դեռևս Օբամայի օրոք, սակայն վերջինս Իրանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից էր, ուստի խուսափում էր զինել Իրանի երդվյալ թշնամուն: Սաուդյան Արաբիան, որը կանգնած է աշխարհում ծայրահեղական և ահաբեկչական ուժերի հովանավորների շարքերում, կունենա գերժամանակակից զենքեր: Այս ամենը կարող է հանգեցնել Սիրիայում պատերազմի ավելի թեժացման և նոր անկայունության օջախների հրահրման Հորմուզի նեղուցում: Այն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ հենց Հորմուզի նեղուցով է դուրս գալիս համաշխարհային նավթի պաշարների 40 %-ը: Եթե այնտեղ խժդժություններ սկսվեն, և նեղուցը փակվի, նավթի գները կտրուկ կբարձրանան և համաշխարհային տնտեսությունը մեծ վնաս կկրի:
Մյուս կողմից նավթի գների բարձրացումը կհանգեցնի Ռուսաստանի և նավթային այլ մագնատ պետությունների տնտեսական, հետևաբար նաև քաղաքական հզորացմանը: Հավանաբար Թրամփի վարչակարգի հաշվարկներն այդքան հեռու չեն գնացել:
Դիտարկենք սցենարներ, թե ինչպես կարող է Թրամփի Մերձավորարևելյան գործարքն անդրադառնալ Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի վրա:
Սցենար 1
Սաուդյան Արաբիան կիրառում է ԱՄՆ-ից ստացած զենքերը Սիրիայում ընդդեմ Ասադի և աջակցում է Իսլամական պետության և մյուս ծայրահեղական շարժումների մարտիկներին: Այս դեպքում ևս սայրն անուղղակի կերպով ուղղված է լինելու Իրանի դեմ: Սիրիական հակամարտությունը անժամկետ կերկարաձգվի, իսկ ծայրահեղականությունն էլ ավելի խոր արմատներ կձգի տարածաշրջանում: Ծայրահեղական ուժերի ձեռքբերումները նոր վտանգ կդառնան Սիրիայի` առանց այն էլ սակավամարդ հայ համայնքի համար և այն կկանգնեցնեն ոչնչացման շեմին: Միաժամանակ միգրացիայի նոր ալիք կսկսվի: ԱՄՆ-ն իր դռները փակել է ներգաղթյալների համար, իսկ ճգնաժամային վիճակում գտնվող Եվրոպայի համար միգրացիոն անվերահսկելի հոսքերը կարող են կործանարար լինել: Հայաստանի համար հատկապես վտանգավոր է իր սահմաններից մոտ 300կմ հեռավորության վրա արմատականության տարածումը, մանավանդ որ Ադրբեջանը անհեռատեսորեն փորձում է Արցախյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել:
Սցենար 2
Սաուդյան Արաբիան կփորձի ռազմական գործողություներ սկսել հենց Իրանի հետ սահմանին: Այդ պարագայում վտանգն առավել քան մոտ կլինի Հայաստանին: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 30%-ը կատարվում է Իրանի տարածքով, և պատերազմը կարող է խաթարել կամ դժվարացնել Իրանի տարածքով բեռնափոխադրումները: Այդ դեպքում Հայաստանն արտաքին աշխարհի հետ ցամաքային կապ կունենա միայն Վրաստանի տարածքով: Միաժամանակ Իրանում հնարավոր պատերազմը ևս կարող է հանգեցնել հայ համայնքի թուլացմանը և արտահոսքին: Ինչպես նշվեց, Հորմուզի նեղուցում անկայունությունը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացմանը, որից մեծապես կշահի Ադրբեջանը: Այդ նավթադոլարները ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում հնարավոր է ուղղվեն սպառազինության ամրապնդմանը և դիվանագիտական, տեղեկատվական և լոբբիստական գործունեությանն՝ ընդդեմ Հայաստանի:
Տարածաշրջանային նմանատիպ զարգացումները բարենպաստ չեն Հայաստանի համար, սակայն նույնիսկ նման իրավիճակում, գնահատելով ռիսկերը, հնարավոր է քաղել օգուտներ: Ռիսկային է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի` Իրանի հետ հարաբերությունների թշնամության ֆոնին միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես Իրանի բարեկամ, սակայն դա հնարավոր է անել առանց այդ մասին շեփորահարելու: Իրանի և Ծոցի երկրների միջև հարաբերությունների վատթարացման դեպքում Իրանը ֆինանսական հոսքերի բազմազանեցման խնդիր կունենա, որտեղ Հայաստանը կարող է մեծ դերակատարություն ունենալ: Եվ ընդհանրապես, տնտեսական շատ հարցերում հայկական այլընտրանքը կարող է փրկօղակ դառնալ Իրանի համար:
Քաղաքական հարթությունում ևս հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի մերձեցման նախադրյալներ են ստեղծվել: Ադրբեջանը Սաուդյան Արաբիայի հակաիրանական ճամբարում է ակտիվություն ցուցաբերում, որը պետք է բնականորեն մերձեցնի ՀՀ-ին և ԻԻՀ-ին: Իրանա-հայկական քաղաքական մեղրամսի շրջանակներում Հայաստանը հնարավորինս պետք է փորձի առաջ տանել տնտեսական ծրագրերի արագ կենսագործման հարցը:
Մեդալի մյուս կողմում Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է: Այս առումով ՀՀ արտաքին քաղաքական գործունեությունը կամ անգործունեությունը դեռևս արդյունքներ չի տվել: Իրանի հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ անհրաժեշտ է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որում հնարավորինս օգտակար կարող են լինել Մերձավոր Արևելքի հայ համայնքների ազդեցիկ գործիչները:
Թրամփի սուսերով պարով մեկնարկեց մարլեզոնյան բալետի երկրորդ արարը, իսկ Հայաստանն այդ ներկայացման մեջ կունենա դիտորդի՞, թե՞ մասնակցի կարգավիճակ, կախված է հայկական դիվանագիտական կորպուսի որդեգրած քաղաքականությունից:
|