Հայաստանից արձագանքներ կան Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ Աթեշյանին, որը Էրդողանին ուղղված իր նամակում գրել էր, որ «վշտով» է ընդունել Գերմանիայի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի անկախ պատգամավոր Արագած Ախոյանն ասել է. «Պետության կողմը բռնելով՝ Աթեշյանն ուզում է երկարաձգել իր պաշտոնավարումը», հաղորդում է Diplomat.am-ը:
Արագած Ախոյան
Գերմանիայի Ֆեդերալ պառլամենտում՝ Բունդեսթագում, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող որոշման նախագիծն ընդունվելուց հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում «վիշտը» հայտնած՝ Թուրքիայի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ուղղված արձագանքներ կան Հայաստանում:
Աթեշյանը, Էրդողանին ուղղված նամակում Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում իրականացված դեպքեր», հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումը Թուրքիայի հայ համայնքի կողմից «տխրությամբ է ընդունվել»:
«ՍԻՍԵՏՄԱՏԻԿ ՃՆՇՄԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈւԹՅՈւՆԸ»
Աթեշյանի նամակի վերաբերյալ Հայաստանի մամուլում տեղ գտած մեկնաբանություններում և վերլուծական հոդվածներում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը և Թուրքիայի հայ համայնքը պետության ձեռքում են, և ցեղասպանության ճանաչման ուղղությամբ առաջընթաց քայլեր արձանագրվելու դեպքում միշտ հարկադրված են լինում նմանատիպ մեկնաբանություններ անել, ապա ընդգծվում է, որ այս իրավիճակը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ մշտապես և սիստեմատիկ կերպով գործադրվող ճնշումների ակնհայտ դրսևորումն է:
«ՀԱՐԿԱԴՐԱՆՔ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ»
Մյուս կողմից, Հայոց եկեղեցու հոգևոր կենտրոններ հանդիսացող Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսարանների կողմից Բունդեսթագի նախագահին ուղղված նամակում նշվել է, որ որոշման ընդունումը գոհունակությամբ է ընդունվել: Հայաստանի Էջմիածնի կաթողիկոսության մամլո խոսնակ Վահրամ Մելիքյանը հայտարարել է, որ Աթեշյանի նամակում տեղ գտած արտահայտությունները որևէ կապ չունեն Հայոց եկեղեցու դիրքորոշման հետ, ապա ասել է. «Որևէ մեկին չեմ արդարացնում, բայց, մյուս կողմից, չպետք է անտեսել նաև այն հավանականությունը, որ սա կարող էր լինել հարկադրանք»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՍ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԿԱՆ
Աթեշյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի ժխտողական դիրքորոշմանը զուգահեռ արտահայատությունների կիրառումը բացասական արձագանքների տեղիք է տվել նաև Հայաստանի քաղաքական շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Արագած Ախոյանը, քննադատելով Աթեշյանին՝ որպես պատրիարքի ընտրությունները մշտապես հետաձգող հիմնական դերակատար, նշել է, որ նրա կողմից օգտագործված այս ոճը պատահական չէ:
«Թարաֆ»թերթին տված հարցազրույցում Հայաստանի պատգամավոր Ախոյանն ասաց. «Աթեշյանի արտահայտությունները կարդալիս ամոթից կարմրեցինք: Հոգևորականի կողմից նման հայտարարություններ անելը մեզ պարզապես ապշեցրեց»:
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ»
Պատգամավոր Ախոյանը, ընդգծելով պատրիարքի ընտրությունների անցկացման և նոր պատրիարքի՝ պաշտոնավարման անցնելու կարևորությունը, ասաց հետևյալը. «Պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից նշված նամակի ձևակերպումը, ցավոք, նախադեպ չէ: Նա նախկինում ևս հանդես է եկել հայերի դեմ ուղղված և նմանատիպ բնույթ կրող հայտարարություններով: Օրակարգ մտած վերջին իրադարձությունը անխոհեմությունների շարքի գագաթնակետը դարձավ:
Հայ հասարակությունը բազմիցս փորձել է աչք փակել նրա վրա, Էջմիածինը ևս նրա հանդեպ բազմիցս «սուր անկյունները հարթելու» մոտեցում է ցուցաբերել: Սակայն այս վերջին իրադարձությունից հետո դա այլևս հնարավոր չէ, քանի որ սա վերջակետն էր»:
«ԱԹԵՇՅԱՆԸ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՉԷ»
Բունդեսթագի որոշումը գոհունակությամբ ընդունվեց նույնիսկ Թուրքիայի հասարակական և քաղաքական շրջանակների կողմից: Այս հարցի վերաբրեյալ Աթեշյանի մեկնաբանությունը չպետք է խառնել ո՛չ հայ հասարակության, և ո՛չ էլ Էջմիածնի կաթողիկոսարանի դիրքորոշման հետ: Աթեշյանը նույնիսկ հայոց պատրիարքը չէ, նա երկար ժամանակ հիվանդությամբ մահճին գամված պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի գլխավոր փոխանորդն է: Ըստ ավանդության՝ Թուրքիայի հայոց պատրիարքը պաշտոնավարում է ցմահ, իսկ Աթեշյանը ներկայումս պարզապես օգտվում է այս իրավիճակից: Ակնհայտ է, որ նա ծառայում է ոչ թե Թուրքիայի հայերին, այլ՝ իշխանությանը՝ ջուր լցնելով կառավարող շրջանակների ջրաղացին: Պետականամետ այս գործունեությամբ Աթեշյանն ուզում է երկարաձգել իր իշխանությունը: Նոր պատրիարքի ընտրությունների վերաբերյալ Աթեշյանի դիրքորոշումը խրախուսվում է նաև իշխանության կողմից»:
«ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈւՄ Է ՏԵՂ ԶԲԱՂԵՑՆՈւՄ»
«Թուրքիայի քաղաքացիական հասարակության և քաղաքական շրջանակների հետ մեծ կապեր ունենք, գիտեմ, թե նրանք ինչ են մտածում այս հարցի վերաբերյալ, անձամբ հետևելու հնարավորություն ունեմ: Այսօր, երբ Թուրքիայում կան պատգամավորներ, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հետևանքների հաղթահարմանն ուղղված կոչեր են անում Թուրքիայի կառավարությանը, Աթեշյանը գտնվում է ժխտողական դիրքորոշմամբ հանդես եկող իշխանավորների շարքում:
Թուրքիայի հայերին իսկապես ներկայացնելու և հատկապես հայ ժողովրդին հուզող հիմնական հարցերի տեսանկյունից նայելիս՝ այս իրավիճակը ևս մեկ անգամ առաջ է բերում Աթեշյանին անմիջապես պաշտոնից հեռացնելու, պատրիարքի ընտրությունների իրականացմամբ նոր պատրիարքի՝ պաշտոնին անցնելու հրատապությունը»:
Հրապարակման բնօրինակ` թուրքերեն տարբերակը` այստեղ
|