Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԳԱՂԹԱԾ ԵԶԴԻՆԵՐԸ
![]() Պատերազմի պատճառով Իրաքից Հայաստան ներգաղթած երեք ընտանիք արդեն ստացել են փախստականի կարգավիճակ: Նրանք կարող են օգտվել այն բոլոր իրավունքներից և աջակցության ծրագրերից, որոնք տրամադրվում են Հայաստան ներգաղթած փախստականի կարգավիճակ ունեցող մյուս անձանց: Այժմ Հայաստանը Եվորպայում երրորդ տեղում է փախստականների ընդունման չափով: Հայաստան ներգաղթած փախստականների հիմանական մասը Սիրիայի հայերն են: «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին փաստում է, որ Հայաստան մուտք գործելուց հետո վերոնշյալ ընտանիքների անդամներին արագացված ընթացակարգով տրամադրվեց փախստականի կարգավիճակ: «Հայաստանում նրանց համար չստեղծվեցին բյուրոկրատական քաշքշուկներ: Փախստականի կարգավիճակ նրանք ստացան շատ արագ», - հայտարարեց նա: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին Մեդիա կենտրոնում կազմակերպեց քննարկում՝ «Հայաստանում եզդի փախստականներին ապաստան տրամադրելու հնարավորությունները» թեմայով: Քննարկմանը անդրադարձ կատարվեց մասնավորապես Իրաքից Հայաստան ներգաղթած եզդի փախստականների ինտեգրման խնդիրներին ու հնարավորություններին: ![]() Պարզվում է, որ նեգաղթած երեք ընտանիքների թվով 19 անդամներ գտնվում են Իրաքում: Նրանք չեն կարողացել հատել սահմանը և տեղափոխվել Հայաստան, քանի որ պատերազմի պատճառով կորցրել են իրենց անձնագրերը: «Այժմ անհրաժետշ է, որպեսզի Հայաստանի կառավարությունն աջակցի նրանց տեղափոխման գործին Հայաստան: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է, իսկ Թուրքիայի և Վրաստանի տարածքով Հայաստան տեղաղափոխվելը՝ գրեթե անհնարին: Վրաստանը Իրաքի հետ սահմանել է վիզային ռեժիմ: Միակ փոխադրամիջոցը ինքնաթիռն է: Դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն՝ ինքնաթիռի տոմսեր գնելու և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը այդ մարդկանց տեղափոխությունը կազմակերպելու համար», - ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ Համլետ Սմոյանը: Եզդիների համայնքն արդեն դիմել է Հայաստանի համապատասխան պետական մարմիններին այդ հարցը լուծելու համար, սակայն խնդիրը բարդացել է: «Մեզ ասացին դա երկար գործընթաց է, քանի որ ԱԱԾ-ն այդ մարդկանց պետք է ստուգի առանձին-առանձին», - ասաց Սմոյանը: Քննարկմանը մասնակից Հայաստան ներգաղթած ազգությամբ եզդի Հայդեր Ռաշո Համոն, ով ստացել է փախստականի կարգավիճակ, ևս նշեց, որ իր ընտանիքի 5 անդամները դեռ գտնվում են Իրաքում: Նա ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը իր ընտանիքի անդամներին ՀՀ տեղափոխելու հարցում: Բացի այդ նրա խոսքերով, ներգաղթած եզդիրները բախվում են Հայաստանում հետևյալ խնդիրներին՝ լեզվի չիմացություն, մշակութային տարբերություններ, կրթական և սոցիալական ապահովվածության հարցեր: «Ինքս այժմ բնակվում եմ եզդու բնակարանում և իրականացնում եմ եզդիների սրբավայրում տարածքի բարեկարգման աշխատանքներ: Այս կերպ ես ապահվում եմ իմ ընտանիքի սոցիալական խնդիրները: Մենք ակնկալում ենք Հայաստանի կառավարության աջակցությունն այս խնդիրները լուծելու հարցում: Եթե համայնքը չօգներ ինձ, ես ի՞նչ էի անելու», - հարց ուղղեց Հայդեր Ռաշո Համոն: ՄԱԿ ՓԳՀ ծրագրերի բաժնի ավագ պաշտոնյա Նվեր Սարգսյանը նշեց, որ այդ ընտանիքների ինտեգրացիան ապահովելու համար անհրաժեշտություն կա իրականացնել մշակութային լուսաբանում առաջին հերթին հայ հասարակության համար: «Մադիկ հաճախ շփոթում են, որ եզդիները մահմեդական են: Ինտեգրացիան խնդիր է, ոչ թե եկողների համար, այլև ընդունող կողմի համար: Մյուս խնդիրն է, բանկային հասանելիությունը, որը մենք փորձում ենք լուծել կամ մեղմել առանձին քննարկումների միջոցով: Այժմ խնդիր կա նրանց գումարների փոխանցման համար», - ասաց Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը նաև 100 հազար դոլարի սահմաններում աջակցություն տրամադրեց ՄԱԿ ՓԳՀ-ին, որպեսզի այն ուղարկի Իրաք: Փախաստականներին, նշում է քննարկմանը ներկա «Առաքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, ՄԱԿ-ի և «ՕՔՍՖԱՄ»-ի աջակցությամբ տարամադրվում են հետևյալ աջակցության ծրագրերը՝ բանակարանի վարձ, բժշկական ծախսեր, սնունդ և այլն: «Այս աջակցության ծրագրերից օգտվելու համար անձը պետք է ունենա փախստականի կարգավիճակ: Տվյալ դեպքում Իրաքից ներգաղթածներն արդեն ունեն այդ կարգավիճակը և կարող են օգտվել այս աջակցության ծրագրերից», - ասաց Կիրակոսյանը: Միևնույն ժամանակ բանախոսը նշեց, որ ապագայում պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին, քանի որ միջազգային կազմակերպությունների հատկացրած միջոցները կարող են կրճատվել: «Փախստականների մեծ ներհոսք կա Եվրոպա: Պարզ է, որ ապագայում այդ երկրները չեն կարողանալու մեծ գումարներ տրամադրել միջազգային կազմակերպություններին փախստականների խնդիրների լուծման համար աշխարհի տարբեր կետերում», - եզրափակեց նա: Աղբյուր՝ «Մեդիա կենտրոն» | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1414 reads | 02.10.2015
| |