«ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԻՄՊՈՏԵՆՑԻԱՆ». ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() Արման Նավասարդյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ, չպետք է լիներ հիմա, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրանցում է մի շարք դրական տեղաշարժեր, Հայաստանը արտաքին հարաբերություններում ցուցաբերում է ճկունություն, տեղի են ունենում շատ հետաքրքիր իրադարձություններ. «Հայաստանն այն միակ երկիրն է, որ կարող է և՛ Արևմուտքի հետ լինել, և՛ Արևելքի: Այս ստատուսով մենք կկարողանայինք խաղալ բուֆերի դեր, ոչ միայն կամուրջ հանդիսանալ, այլ օգտակար լինել երկու բևեռների իրար մոտեցմանը: Այս իրադրության մեջ մենք մեզ ցուցաբերում ենք որպես ոստիկանական պետություն. ավելի վատ հարված մեր միջազգային իմիջին` ես դժվարանում եմ պատկերացնել»,-նշեց նա` հավելելով, որ այս ամենի կազմակերպիչները խելացի մարդիկ են և կարողացան հեռու մնալ Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի անունից հանդես գալուց: Զանգվածների հոգեբանության տեսանկյունից, ըստ դիվանագետի, Հայաստանում ստեղծվել է մի երևույթ, որը կարող է մեղմանալ, բայց վերանալ այլևս չի կարող, որովհետև այս ամենն իր հետ կարող է բերել ուրիշ երևույթներ և, հաշվի առնելով առկա խնդիրները, կասկած չկա, որ այն կընդունի քաղաքական ուղղվածություն: «Առաջին հայացքից, կարծես, այս ամենի հետևում ոչ ոք կանգնած չէ և իրոք երևի այդպես է: Ես մտածում եմ, որ կա՛մ չունեն լիդերներ, կա՛մ երիտասարդական անփորձության հարցը կա: Սա նոր գեներացիա է, բարեբախտություն է նրանց երևան գալը: Ասում են, որ սա քաղաքական երևույթ չէ, բայց կոռուպցիայի դեմ պայքարը հենց ներքաղաքական երևույթ է: Այս երկիրը բզկտում է երեք բան` կոռուպցիան, մենաշնորհը և արտագաղթը, եթե այսպես շարունակվի, մեր պետականությունը կարող է ընկնել հարվածի տակ»,-շեշտեց Նավասարդյանը` նշելով, որ Հայաստանի համար սա հազվագյուտ շանս է, որը պետք է օգտագործել, որովհետև պատմությունը նման շանս կարող է այլևս չտալ: Արտակարգ և լիազոր դեսպանը գտնում է, որ եթե ներքին քաղաքականությունը կաղում է` շատ դժվար է դրսում խնդիրներ լուծել. կան տնտեսական խնդիրներ, դեմոկրատիայի հարց և եթե դրանք չկարողանանք կարգավորել` հնարավոր չի լինի լուծել այն խնդիրները, որոնց մասին մենք մտածում ենք: Ամեն պահ շարժումը կարող է ունենալ ավելի մեծ պոռթկում և ստանալ քաղաքական ուղղվածություն: Այս համատեքստում անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե ոստիկանությունը ուժ չի կիրառելու, և քաղաքացիները հեռանալու են Բաղրամյան պողոտայից, դիվանագետը պատասխանեց. «Դե, Վալերի Օսիպյանը շատ լուրջ քաղաքական գործիչ է։ Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերն էլ ցույց տվեցին իրենց իմպոտենցիան»: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1753 reads | 04.07.2015
| |