ՅՈՒՐԻ ԼԵՎԻՏԱՆ. ՀԻՏԼԵՐԻ ԹԻՎ ՄԵԿ ԹՇՆԱՄԻՆ
![]() «Ուշադրություն: Խոսում է Մոսկվան: Խորհրդային միության քաղաքացիներ: Այսօր՝ առավոտյան ժամը 4-ին, Գերմանիայի զորքերը, չներկայացնելով որևէ պահանջ, ներխուժել են Խորհրդային Միության տարածք»: Պատերազմի մասին լուրը հաղորդեց ԽՍՀՄ Համամիութենական ռադիոյի դիկտոր Յուրի Լևիտանը: 1941թ. հունիսի 22-ն էր՝ Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը: 1941թ. հունիսի 24-ին կազմավորվեց խորհրդային ինֆորմացիոն բյուրոն, որը կոչված էր լուսաբանելու պատերազմի և երկրում տիրող իրավիճակի մասին տպագիր և ռադիո նորությունները, իսկ ռազմաճակատի առաջին գծում ընթացող մարտերը լուսաբանում էր Յուրի Լևիտանը: ![]() Մինչդեռ, 12 տարեկանից ի վեր Յուրկայի ընկերները դիմում էին նրա ձայնի օգնությանը, երբ հարկավոր էր լինում գետի մի ափից մյուս ափ գոռալ կամ կանչել ինչ-որ մեկին. «Յուր, դու գոռա, որ լսեն», - ասում էին նրանք ու քիչ անց կատակում, թե ձայնիդ տեմբրը հավասար է շոգենավի արձակած ազդանշանին: Այդ իսկ պատճառով Յուրկան ձեռք բերեց «Յուրկա-տրուբա» մականունը: Մոսկվայում Յուրկան ձախողեց կինոտեխնիկումի քննությունները, ու դեպի մեծ կինո տանող ուղիները փակվեցին նրա առջև: Փոխարենը հաղթեց ռադիոդիկտորների համար հայտարարված մրցույթը, իսկ որոշ ժամանակ անց ընդունվեց Ռադիոհանձնաժողովի խումբ՝ որպես ստաժոր-փորձնակ: Այստեղ նա ցերեկային ժամերին վազվզում էր՝ թղթեր, սուրճ ու թեյ բաժանելով հանձնաժողովի անդամներին, մինչդեռ գիշերները բարձրաձայն կարդում էր՝ հղկելու ձայնն ու ձերբազատվելու վլադիմիրյան կոշտ բարբառից: Գիշերային քրտնաջան պարապմունքներն անարդյունավետ չէին, քանի որ ամիսներ անց Յուրկային վստահեցին կարդալու «Պրավդա» թերթի տեսությունը, և բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ այդ նույն օրը ռադիոընդունիչի մոտ էր նաև ընկեր Ստալինը: ![]() Սկսվեց 19-ամյա Լևիտանի աստեղային ժամը. նա դարձավ Խորհրդային Միության գլխավոր դիկտորը: Պատահական չէ, որ հենց Լևիտանին են շնորհել «ԽՍՀՄ առաջնորդի ձայնը» կոչումը: Ստալինը շատ էր հավանում Լևիտանի ձայնը և բազմիցս դիմում էր ռադիոկոմիտեի ներկայացուցիչ Մալցևին` խնդրանքով, որ իր հոդվածները կարդա անձամբ Լևիտանը: Խորհրդային ժողովուրդը հավատում էր Լևիտանի բասին և հետևում էր վերջինիս հաղորդումներին: Թերևս, սա էր պատճառը, որ Լևիտանը գլխավորում էր «Ռայխի թշնամիների սև ցուցակը» և համարվում էր Հիտլերի թիվ մեկ թշնամին՝ երկրորդ տեղում թողնելով Ստալինին: Ասում են նույնիսկ, որ Ֆյուրերը, լսելով Լևիտանի ձայնը, միանգամից հասկացավ, որ նա ավելի վտանգավոր է, քան «կատյուշաները», և հատուկ կարգադրություն իջեցրեց. «Որոնել, գտնել և ոչնչացնել ոսոխին»: Նույնիսկ գլխագին էր սահմանվել Լևիտանի համար՝ 250.000 գերմանական մարկի չափով: Լևիտանից սարսռողների թվում էր նաև Ֆյուրերի աջ թև, հիտլերյան քարոզիչ Գեբբելսը: 1941-ի հուլիսի 22-ին Լևիտանին վնասազերծելու նպատակով ֆաշիստական Գերմանիան դիվերսիոն խումբ ուղարկեց Մոսկվա, որը պետք է ներխուժեր ռադիոտուն և սպաներ Լևիտանին: Դիվերսիոն խումբը զինված էր 100-500 կգ ականներով՝ նախատեսված խորհրդային կարևորագույն օբյեկտները ոչնչացնելու համար. դրանց թվում էին Կրեմլը, Մեծ թատրոնը, էլեկտրոկայաններն ու ռադիոկոմիտեն: ![]() Այստեղ Լևիտանը գտնվում էր քսանչորսժամյա վերահսկողության ներքո. նրան ամենուր հսկում էր անվտանգությունը` ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարիատին կից ներքին գործերի աշխատակիցների գլխավորությամբ: Պակաս ապակողմնորոշող դեր չէին ստանձնել նաև խորհրդային ԶԼՄ-ները: Վերջիններս ապատեղեկատվություն էին տարածում Լևիտանի արտաքին տեսքի վերաբերյալ՝ խեղաթյուրելով ֆաշիստներին հասնող բոլոր տվյալները: 1943-ին անվտանգության նկատառումներից ելնելով` խորհրդային ծառայությունները Լևիտանին գաղտնի տեղափոխեցին Կույբիշև, իսկ արդեն պատերազմի ավարտն ազդարարող լուրը Յուրի Բորիսևիչը կարդաց Մոսկվայից: 1945-ի գարնան վերջին ամիսն էր: Բեռլինն օղակի մեջ էր: Օրեցօր անթիվ արկեր էին թափվում ֆաշիստական գայլաորջի վրա: Կատաղի մարտերի հետևում վերջապես փայլատակեցին բաղձալի հաղթանակի շողերը, և բեռլինյան անհաղթահարելի բանակը մայիսի 2-ին ծնկի եկավ: Իսկ մայիսի 9-ի 21:55-ի եթերում ազդարարվեց. ![]() Հարի Թրումենը Վաշինգտոնից, Ուինստոն Չերչիլը Լոնդոնից, Շառլ դը Գոլը Փարիզից և Յուրի Լևիտանը Կրեմլից եթեր էին դուրս եկել` ի լուր տարբեր ազգերի ավետելով պատերազմի ավարտը: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
4816 reads | 08.05.2015
| |