Արտատպելո վ ‹‹Ժողովուրդ›› օրարթերթում զետեղված ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ‹‹Պատասխանատուն միայն սփյուռքի նախարարությունը չէ›› վերտառությամբ հարցազրույցը, ‹‹DILOMAT.AM››-ը հարկ է համարում նշել:
Այնտեղ նկարագրվող իրադարձությունները՝ XXI-րդ լուսավոր դարում հայ ժողովրդի մի կարևոր հատվածի` սիրիահայության նկատմամբ իսլամական ծայրահեղականների կողմից իրագործվող բռնարարքներն ու վայրագություններն են, որոնք ցավալիորեն հիշեցնում են 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնը, որի 100-րդ տարելիցը ներկայումս նշվում է ողջ աշխարհում, և, ասես, այդ ողբերգության տարատեսակ շարունակությունն են:
Իհարկե, ինչպես նշում է մեծարգո նախարարը, կատարվածի պատասխանատուն միայն սփյուռքի նախարարությունը չէ: Պատասխանատու են Հայաստանի կառավարությունը, ողջ հանրապետությունը, սփյուռքը, մեզանից յուրաքանչյուրը` վերջապես: Պատասխանատու ենք այն բանի համար, որ հենց սկզբից չըմբռնեցինք սպասվելիք արհավիրքի մասշտաբներն ու անուղղելի հետևանքները, կամ էլ չուզեցինք հասկանալ: Թերևս հուսացինք, որ վտանգը կանցնի, և ամեն ինչ լավ կլինի…
Իսկապես որ հույսը վերջինն է մեռնում: Մինչդեռ, Նոստրադամուս պետք չէր լինել հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ: Եվ ոչ միայն հասկանալ, այլև անել հնարավորն ու անհնարը սիրահայերին ամեն գնով և միջոցներով դուրս բերելու կրակի ամենակուլ օղակից: Իսկ երբ սակավաթիվ քաղաքագետները, այդ թվում, տողերիս հեղինակը, դեռևս իրադարձությունների սկզբին փորձեցին տագնապ հնչեցնել, զգուշացնել, որ ազգի այդ հատվածին սպառնում է ‹‹Բարդուղիմեոսյան գիշեր›› ու արեցին մի շարք կոնկրետ դիվանագիտական, հասարակական և համազգային առաջարկներ, ենթարկվեցին օբստրուկցիայի ու քննադատության տարբեր կուսակցությունների և անհատների կողմից, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Նրանց հասցեին հնչեցին ‹‹խուճապ սերմանելու››, ‹‹իզուր տագնապ բարձրացնելու››, ‹‹սիրահայության մարտունակությունն ու դիմադրելու կամքը կասկածի տակ դնելու›› և նման իռացիոնալ այլ մեղադրանքներ:
Ստորև ներկայացնում ենք մի քանիսը այն բազմաթիվ հրապարակումներից, որոնք արվել են Diplomat.am-ում 2012-2015թթ. սիրիահայության ճակատագրի և նրանց անվտանգության անհապաղ ապահովման առումով.
ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՇԽՈՂ ԱԼԱՎԻԶՄԻ ԵՎ ՄԱՐՏՆՉՈՂ ԻՍԼԱՄԻԶՄԻ ՄԻՋԵՎ (14.10.2013)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՊԼԻՆՏՈՒՍԻՑ» ՑԱԾՐ Է (04.09.2013)
«ԻՆ-ՏԵՐ-ՆԱ-ՑԻՈ-ՆԱ-ԼԸ՜ ԱՇ-ԽԱՐ-ՀԸ՜ ԿԸ-ՓՐ-ԿԵ՜» ԿԱՄ ... ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՍԻՐԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ (08.10.2013)
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ (16.09.2013)
Դիվանագետի համար ամենամեծ պարգևը նրա կանխագուշակման իրականացումն է: Հազար ափսոս, որ այդ կանխագուշակումն այս դեպքում ճիշտ է դուրս գալիս:
Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան
|