ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
![]() Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ ![]() 2010թ. փետրվարի 23-ին Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողների բողոքի երթը Ստամբուլի Թաքսիմ հրապարակից առաջին անգամ քայլեց դեպի Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչություն: Այդ օրն առավոտից Ներկայացուցչության շենքի շրջակայքում մի տեսակ անսովոր աշխուժություն էր տիրում: Շենքի ալևի պահակն ու թուրք ոստիկանը, որոնք սովորաբար մշտապես թեյ էին խմում իրենց նկուղային պահակակետում, առավոտից կանգնել էին դռան մոտ և շատ աչալուրջ հսկում էին շուրջբոլորը, առանձնահատուկ հարգանք ցուցաբերելով Ներկայացուցչության փոքրաթիվ աշխատակազմի նկատմամբ: Աչքի էր զարնում ոստիկանի ցցված ատրճանակը: Ալևի պահակը Ներկայացուցչության վարորդին առաջարկեց հայկական դիվանագիտական համարներով ավտոմեքենան տեղափոխել շենքի հետնամասում գտնվող փակ ավտոկայանատեղին՝ շառից, փորձանքից հեռու: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք սովորական աշխատաժամանակով է գործելու Ներկայացուցչությունը և դրական պատասխան ստանալով մի տեսակ տխրեց: Շենքի շրջակայքում հայտնվեցին թուրք ոստիկանների փոքրիկ խմբեր: Այդ ժամանակ Թաքսիմում տեղի էր ունենում Խոջալուի դեպքերին նվիրված հանրահավաք, որին մասնակցում և ելույթ էին ունենում Բաքվից հատուկ այդ նպատակով ժամանած պատգամավորներ: Հայտարարվեց, որ հրապարակից բողոքի երթ է տեղի ունենալու դեպի Հայաստանի Ներկայացուցչություն: Երբ մեր պահակին հայտնեցի այդ մասին, փորձում էր իրեն անվրդով պահել, սակայն աչքի էր զարնում նրա անհանգստությունը և տեղեկացվածությունը այդ օրվա հնարավոր վտանգների մասին: Թուրք ոստիկանների և քաղաքացիական հագուստով ամրակազմ երիտասարդների թիվը Ներկայացուցչության շրջակայքում բազմապատկվեց: Մոտակայքում հայտնվեցին խորոված շագանակ և եգիպտացորեն վաճառողները, որոնք Ստամբուլում ավանդաբար համարվում են գաղտնի ոստիկանության աշխատակիցներ: Թաքսիմի հանրահավաքի ավարտից հետո ես «դիրքավորվեցի» Ներկայացուցչության շենքի դիմաց գտնվող «Մակդոնալդս» սրճարանում, որպեսզի տեսադաշտից բաց չթողնեմ դեպքերի հնարավոր զարգացումները: ![]() Այս ամենը հիշեցնում էին խորհրդային տարիները, երբ ուսանողությանը պարտադրվում էր մասնակցել մայիսմեկյան կամ նոյեմբերյան շքերթներին, և այն ժամանակ էլ բոլորը ձգտում էին խուսափել դրոշ բռնելուց, քանի որ ստիպված մինչև վերջ պետք է մասնակցեին շքերթին, որովհետև դրոշը պետք էր վերադարձնել կուսակցական և կոմերիտական կազմակերպիչներին: Հանկարծ նկատեցի, որ սրճարանում իմ հարևան սեղանի մոտ նստեցին Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մի քանի աշխատակիցներ, որոնք պատրաստվում էին տեսախցիկով նկարահանել իրադարձությունը: Քիչ անց Ներկայացուցչության շենքին մոտեցան մի քանի տասնյակի հասնող ադրբեջանցի երիտասարդները, սև ծաղկեպսակները դրեցին Ներկայացուցչության մուտքի մոտ, մի քանի անգամ վանկարկեցին «Խոջալու» և արագ ցրվեցին: Նրանց նման փոքր քանակությամբ այդ ժամին այդտեղ հայտնվելը անսպասելի էր նույնիսկ հյուպատոսության աշխատակիցների համար, որոնցից հավանաբար ավագը սկսեց բարձրաձայն հայհոյել և հանդիմանել վատ կազմակերպված աշխատանքի համար և հրամայեց դադարեցնել նկարահանումը: Այդ պահին մուտքի մոտ հայտնվեց մեր Ներկայացուցչության շենքի քաջարի պահակը, վերցրեց ծաղկեպսակները և ցուցադրաբար նետեց շենքի նկուղը: Մի քանի րոպե անց ամեն ինչ ավարտված էր: Ադրբեջանցի դիվանագետները հիասթափված և միմյանց հետ վիճելով թողեցին իրենց դիտակետը: Ես էլ շտապեցի կատարվածի մասին լուր տալ Ներկայացուցչին, որը սովորականի նման իր աշխատասենյակում էր: Հաջորդ օրը ադրբեջանական թերթերում հաղորդագրություններ հայտնվեցին Ստամբուլում տեղի ունեցած «բազմահազարանոց» հանրահավաքի և երիտասարդության «հուժկու բողոքի երթի» մասին: Հետագա տարիներին Խոջալուի «դեպքերին» նվիրված միջոցառումներն ավելի զանգվածային և կազմակերպված բնույթ սկսեցին կրել, բայց Հայաստանի ներկայացուցչությունը դուրս մնաց նրանց շրջանակից: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
3656 reads | 12.04.2015
| |