ՄԻԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
![]() Սոցիալական լրատվամիջոցները լավ ծաղրեցին Էրդողանին այդ նկարի համար, բայց իրականում լուսանկարը բացահայտում է թուրքական քաղաքականության անհանգստացնող ավտորիտար հետագիծը: Թայիփ Էրդողանը Սադամ Հուսեյն և Բաշար Ասադ չի, բայց նա դարձել է արև, որի շուրջը պտտվում են բոլոր թուրք քաղաքական գործիչները: ![]() Նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորները լաց ու կոծ էին դրել, երբ Էրդողանը 12 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո հրաժեշտի ելույթ ունեցավ, ինչը լրիվ հյուսիսկորեական ոճով էր և հիշեցնում էր ժամանակակից Թուրքիայի ավտորիտար հիմնադրին՝ Քեմալ Աթաթուրքին ուղղված բարձր գովասանքը: Վերլուծաբանների և լրագրողների շրջանում Թուրքիային անդրադառնալիս օգտագործվում են «ոչ ժողովրդավար» կամ երկրի «վերածնվող ավտորիտարիզմը» եզրույթները: Բայց դրանք չեն կարող հաղորդել, թե Թուրքիան որքան հեռու է գնացել այդ ենթադրյալ մահմեդական ժողովրդավարության «մոդելից», ինչին շատ թուրքեր, արաբներ և ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորողներ էին հավատում, հատկապես Իրաք ներխուժման ժամանակ և արաբական խռովություններից հետո, երբ Թուրքիան հանդես էր գալիս որպես լիբերալների և նեոպահպանողականների օրինակ: Շատ առումներով, Էրդողանի կառավարման ոճը չի տարբերվում վերջերս պաշտոնանկ արված արաբ բռնապետերից, որը սոցիոլոգները կոչում են տոհմային կառավարում (patrimonialism), ինչը Մաքս Վեբերի գնահատմամբ սուլթանիզմի առավել ծայրահեղ ձևն է: Սա քաղաքական միջավայր է, որտեղ ոչ անհատները, ոչ պետական կազմակերպությունները, ինչպիսին ռազմական կամ դատական համակարգերն են, չեն կարող ստուգել ղեկավարի լիազորությունները: Իսկ իշխող համակարգին աջակցում է շատ նեղ շրջանակ՝ հիմնված ընտանեկան, էթնիկ խմբի կամ տարածաշրջանի աջակցության վրա: Թուրքիայի կառավարման առավել սուլթանացված ձևը զգալի հետևանքներ է ունեցել նաև Թուրքիայի սահմաններից դուրս: Քանի որ ոչ ոք խորհուրդ չի տալիս Էրդողանին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գործում է այնպես, որ քաղաքականապես լավ լինի Էրդողանին: Վերցնենք, օրինակ, նրա անզիջում դիրքորոշումը, որ Ասադը պետք է հեռանա: Մի կողմից այն սկզբունքային է, մյուս կողմից դա իր նախկին ընկերոջ՝ Ասադի հանդեպ զայրույթն է: Էրդողանն այնքան անդրդվելի է Դամասկոսում իշխանափոխության իրականացման հարցում , որ չի կարողանում հրաժարվել այդ դիրքորոշումից, որովհետև թուլություն կցուցաբերի: Անկարան համառորեն պահանջում է, որ իսլամական պետության դեմ պայքարը ներառի Ասադի իշխանությանը վերջ դնելու պարտավորությունը, ինչը միայն բարդացնում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարը և նվազեցնում Թուրքիայի դիրքերը Մերձավոր Արևելքում, որտեղ Համասից բացի նա ունի ևս մի քանի ընկեր: Բացի ծայրահեղականության դեմ պայքարից, Թուրքիան ժամանակին այն երկիրն էր, որը ոգեշնչում էր շատ երիտասարդ արաբների, ովքեր ցանկանում էին ապրել ավելի բաց ու բարեկեցիկ հասարակության մեջ: Այլևս այդպես չէ: Էրդողանի դաժան քաղաքականությունը հիշեցնում է բռնապետերին, ում դեմ դուրս եկան տարածաշրջանի հայտնի հրապարակներում: Ավելորդ է ասել, որ այդ զարգացումները խափանեցին Թուրքիայի հետ կապված Օբամայի վարչակազմի նպատակները: Այն մի ժամանակ ապահովում էր Թուրքիայի աջակցությունը ԱՄՆ-ի ազգային անվտանգության խնդիրներին: Դա էլ օգնում էր Թուրքիային ամրապնդվել Արևմուտքում և երկիրը դարձնել «մոդել» մուսուլմանական մյուս երկրների համար: 2007 -ից, երբ Էրդողանը կարողացավ առաջ տանել իր առավել հայտնի գործընկեր և ԱԶԿ համահիմնադիր, Աբդուլլահ Գյուլին՝ սկսած արտգործնախարարությունից մինչև նախագահություն, որը բնույթով ոչ քաղաքական պաշտոն է, Էրդողանը հարթեց իր ճանապարհը թուրքական քաղաքական ասպարեզում: Նա համոզվեց, որ կուսակցության մեջ նախագահի համախոհները վտանգ չեն ներկայացնում և Գյուլը կամ որևէ այլ հավակնոտ քաղաքական գործիչ չի կարող առանց Էրդողանի կուսակցության ներսում իշխանության բազա հիմնել: Միակ երևացող կերպարը Գյուլի օգնական էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանն էր, որի մասնագիտական ունակությունը կարևոր էր միջազգային ներդրողներին գրավելու համար: ԱԶԿ-ի խորհրդարանական պատվիրակության մեջ չկա մեկը, ով իր դիրքով պարտական չէ Էրդողանին: Նույնը կարելի է ասել նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և նրա կառավարությանը: Էրդողանին ընդդիմանալը շատ բարձր գին ունի: Չնայած չի կարելի նաև չհավատալ, որ միասնական ԱԶԿ ստեղծելու Էրդողանի ջանքերին զուգահեռ, կուսակցության ներսում կան տարակարծություններ և խմբավորումներ: Դժգոհություններ են եղել, օրինակ, կադրերի հարցում: Պատգամավորները բողոքել են Դավութօղլուի թույլ ղեկավար լինելու համար, բացի այդ, զարմանալիորեն շատ թվով պատգամավորներ գաղտնի քվեարկությամբ դեմ արտահայտվեցին մի շարք հեղինակավոր նախկին նախարարների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանք ներկայացնելուն: Այս մի քանի դեպքերից բացի, կուսակցության ներսում ոչ ոք ի վիճակի չէ մարտահրավեր նետել Էրդողանին՝ վախենալով, որ կարող է կորցնել իր պատգամավորական մանդատը, զրկվել անձեռնմխելիությունից: Նրանց սպառնում է նախագահի ու նրա շրջապատի մարդկանց վրեժխնդրությունը: Էրդողանի աջակցության ցանցը դարձել է ավելի բարեպաշտ ևւ կենտրոնացված: Նա նաև առավելություն ունի ոչ կոմպետենտ ընդդիմության նկատմամբ, որը չունի գաղափարներ ու ապագայի խորաթափանցություն: Սակայն նվազել է նաև նախագահի խելացի ու փորձառու խորհրդատուների թիվը, նախագահի կառավարումն ավելի անձնական բնույթ է ստացել, Էրդողանի ընտանիքի անդամներն ավելի ազդեցիկ են դարձել: Օգոստոսին նախագահ դառնալուց հետո Էրդողանը ստանձնել է նաև նախագահի աննախադեպ լիազորություններ, ինչը դարձել է Արևմտյան ԶԼՄ-ների քննադատության թիրախ: Նա ընդունել է այնպիսի պարտավորություններ, ինչպիսիք են օրենսդրությունն ընդունել կամ մերժելը , նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, ընդունել օրենքի ուժ ունեցող հրամաններ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար նշանակելը, երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելը և այլն: Չնայած Էրդողանը հրաժարվել է ԱԶԿ-ից, այն լրիվ իր հսկողության տակ է: Նույնը վերաբերում է կառավարությանը: Նշանակություն չունի, որ կառավարության ղեկավարը վարչապետն է, Էրդողանն է սահմանում առաջնահերթությունները և իրականացնում թուրքական կառավարության քաղաքականությունը: Էրդողանը տեղափոխվել է Ak Saray կամ Սպիտակ պալատ, սակայն նա շարունակում է ղեկավարել նախարարների կաբինետը: Այս քաղաքական փոփոխությունները, հավանաբար, չեն ազդի Էրդողանի Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա: Սակայն Թուրքիայի ավտորիտարիզմը հստակ ցույց է տալիս, թե երկիրը որքան է հեռացել արևմտյան արժեքներից: Անկարան կարող է ինտեգրված մնալ Արևմուտքին տնտեսապես և ՆԱՏՕ-ի միջոցով, սակայն, հասկացությունը, որ Թուրքիայի կառավարությունը հարգում է նույն գաղափարներն ու սկզբունքները, որոնք Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ձևավորում են պետական կառավարման հիմքերը, ֆիկցիա է: Ավելի մտահոգիչ է այն, որ Էրդողանն իր կառավարումը համարում է Թուրքիայի կայունություն: Քաղաքագետները որոշել են, որ տոհմական համակարգերը ավելի ամուր են, քան ռազմական դիկտատուրան, բայց նրանք էլ, որպես օրենք տխուր ավարտ են ունենում, ինչը հաճախ հանգեցնում է զգալի անկայունության և արյունահեղության: Դժվար է նման բան պատկերացնել Թուրքիայում: Չնայած 1970-ականների վերջին մի խռովություն եղավ, որի ժամանակ 4500 մարդ զոհվեց: Եթե Էրդողանի իշխանությունը աղետալի ավարտ ունենա կամ եթե նա մահանա պաշտոնավարելու ժամանակ, Թուրքիայի քաղաքականությունը չի կարող դառնալ այնքան արմատական, որ բռնություններ սկսվեն: Չնայած նրա տոհմական կառավարումը ժողովրդին լավ ապագա չի խոստանում: Թուրքիայի ապագան այժմ կախված է Էրդողանի յուրաքանչյուր քմահաճույքից: Տարիներ շարունակ որոշ դիտորդներ վախեցել են, որ Թուրքիան ԱԶԿ-ի իշխանության ժամանակ կվերածվի մի տեսակ Անատոլիական իսլամիստական կրոնապետության: Այդ մտավախություններն անտեղի էին: Երկիրն ավելի շուտ մեկուսացել է, դարձել փշոտ, ազգայնական մեկ մարդու շոու, որը օտարում է Թուրքիային իր ավանդական դաշնակիցներից՝ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից, ու Մերձավոր Արևելքում այն դարձնում անհեթեթ երկիր: Կամ, ավելի վատ՝ վտանգավոր: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2486 reads | 10.02.2015
| |