ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆՈՐ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐԸ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Փորձենք ամփոփ կետերով նշել այն ուղղությունները, որոնք մինչ այժմ երևում են Անկարայի և Բաքվի միացյալ միջպետական շտաբի կողմից հայկական հարցերի գծով ուշադրություն շեղելու քաղաքական ընդհանուր պարունակում: Նկատվածները գուցե ուրվագծեր են, որոնք կարող են նախանշել կիրառվող քաղաքականության բուն շարժառիթները: Պաշտոնական Անկարան հետզհետե թափ է տալու ցավակցական, ընդհանուր ցավեր կիսելու, անատոլիական միևնույն բնօրրանին պատկանելիությունը շեշտելու, «վերադարձեք»-ի քաղաքացիական իրավունքի վերականգնման խոստումների, նույնիսկ կալվածքների յուրահատուկ հատուցման, եկեղեցիների վերանորոգման, բացված անհատական դատերի դիմաց կիսահատուցումների ընդհանուր ներկայացմանը` բառի թատերական իմաստով: ![]() «Հրավեր ընդդեմ հրավեր»-ին կամ հայկական յուրաքանչյուր նախաձեռնության հակազդելու Անկարայի ամենաբարձր մակարդակի վրա ձեռնարկած այս քայլերը նախանշում են, որ 100-ամյակը հայտնվել է Անկարայի համապատասխան գերատեսչությունների տեսադաշտի կենտրոնում: «Թալաաթ փաշա»-ի ժխտողական ջոկատների գործուղումը և փերինչեքների նորանոր հայտարարությունները այս խճանկարի մաս են կազմում և բոլորը ինչ-որ տեղ կարևոր չափով նպաստում են հանդուրժողական երևալ փորձող էրդողանական վարչախմբի ծրագրերի իրականացմանը: Հիմնական այս ուղղություններին առընթեր և անկախ Գալիպոլիի հոբելյանական նշման արարողություններից, արդեն իսկ համոզիչ էր դառնում, որ վերահսկված թույլտվությամբ առիթ է տրվելու ապրիլի 24-ի զոհերին, ընդ որում ցեղասպանություն բառեզրի օգտագործմամբ հիշատակի ձեռնարկներ կազմակերպել Թուրքիայի տարբեր շրջաններում: Այս բոլորը, շղարշային ծածկույթով թե ուղղակի, արդեն տեսանելի են: Վտանգավոր մի այլ ուղղություն թվում է ինքն իրեն զգալի է դարձնում աշխարհագրական տարբեր միջավայրում: 100-ամյակին հակազդելու ռազմավարությունը հայտնաբար թուրք-ադրբեջանական միացյալ շտաբի առաջնային օրակարգերից է: Ինչպես որ Գալիպոլին քարոզչաքաղաքական մակարդակում միջազգային հանրային կարծիքը շեղելու ծառայող քայլ է, այնպես էլ հայկական ներուժն ու ուշադրությունը Արցախ-Ադրբեջան շփման գծի վրա կենտրոնացնելը միացյալ առաջադրանք է թշնամու համար: Եվ պարզ է, որ կիսապատերազմը կամ այն, ինչ կատարվում է այսօր` դիպուկահարներ, հետախույզներ, ուղղաթիռի խփում և ներթափանցման փորձեր միտում է այդ քայլին: Հայկական աշխարհը ներգրավել առաջադրված իրավիճակին, որպեսզի արգելակվի 100-ամյակի միջազգայնացման աշխատանքը: Եթե Անկարան Գալիպոլիի նշումով ուզում է հակաքայլ առնել 100-ամյակին, ապա Բաքուն շփման գծի իրավիճակի լարումով իր մասնակցությունն է բերում համահայկական ուշադրության շեղման հակառակորդների ձեռնարկած միացյալ աշխատանքին: Օրինաչափ և ընկալելի համարվող նշումներից, հոբելյաններից բառեզրերի օգտագործումից և արարողակարգերից ավելի հայկական ամենից վճռական պատասխանը այս բոլորին` հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների անոտընձգելիության, անթափանցելիության և անխորտակելիության պահպանումն է, և մյուս կողմից հայության պատմական բոլոր իրավունքների պահանջի վերաբերյալ հայեցակարգի հռչակագրի և իրավական թղթածրարի ամբողջացումն է: Առայժմ այս հանգրվանին: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1931 reads | 26.01.2015
| |