ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Ճիշտ է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը կարևորագույն դերակատար էին իսլամական ծայրահեղականության ծննդին և զարգացմանը, այսուհանդերձ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար ստեղծված այս գործիքը կարող էր դուրս գալ վերահսկողությունից և խանգարիչ տարրի վերածվել նույն այդ կենտրոնների մշակած ծրագրերի իրականացման այլ ուղղությունների վրա: Բախման կետը այս դեպքում Քոբանին է, որտեղ շահերը հակադրվել են փաստորեն: Մոսուլի հետ զուգահեռը այս դեպքում կարող է օգտակար լինել: Մոսուլի պատահարները իրենց սահմանափակվածությամբ, սահմանագծեր չհատելու կանխորոշումներով և մանավանդ ինքնավար Քուրդիստանի տարածքներ զինվորական թափանցումներ չկատարելու փաստերով ընդունելի էին ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար: Իսլամականներին թույլատրվել էր շատ արագ գործադրել գործողություններ, որոնց դիմաց չարձանագրվեցին որևե հիմնական դիմադրություններ: Այստեղ զոհը եզդիներն էին, որոնց զբաղեցրած տարածքները պետք է մաքրազտվեին և անցնեին իսլամականների վերահսկողության տակ: Մոսուլը, իր ընդհանուր գծերում ոչ միայն չէր խանգարում աշխարհաքաղաքական կենտրոնների մշակած ծրագրերը, այլ կարելի է ասել, որ հանգիստ տեղավորվում էր այդ ընդհանուր պարունակում: Քոբանին այդպես չէր փաստորեն: Իսլամականները, Քոբանիի դռները հասնելուց հետո չէր, որ պատուհաս դարձան ամբողջ աշխարհի համար: Սիրիայի տարածքում նրանց զինումը, սիրիական սահմաններից անարգել թափանցելը, ֆինանսավորվելը, արհեստագիտական հսկայական ծավալներով զինուժով գերհագենալը և աշխարհաքաղաքացիական զինյալ խմբավորումների վերածվելը հիմնական սպառնալիք դարձածի տպավորություն չէին թողում այն կենտրոնների մոտ, որոնք այսօր ուրիշ բնութագրում են տալիս այդ գործիքին: Այդ գործիքը Քոբանիում խախտեց խաղի կանոնները. թվում է, թե այն դուրս է եկել հեռակառավարվելու մեքենականության թելադրանքների դաշտից և շարժվում է ոչ անպայման համահունչ` հեռակառավարող վահանակների հրամաններին: Աշխարհաքաղաքական կենտրոնների ստեղծած այդ գործիքը հատել է այլ սահմաններ և կատարում է ոտնձգություն տարածքների նկատմամբ, որոնք տարածաշրջանային տարբեր ծրագրերում են տեղավորվում: Սա է հիմնական պատճառը, որի հիման վրա Մոսուլի արագակշռույթ գրավման տարբերակը չի աշխատել Քոբանիում։ ![]() Այստեղ կա դիմադրություն, որը միայն քրդական ինքնուրույն դիմադրություն չէ: Հովանավորչությունը քրդական ուժերին բացահայտ է և ուղղակի: Դիմացը, իսլամ ծայրահեղական զինյալներին տրված օժանդակությունը հետզհետե միայն թուրքական է և ի տարբերություն քրդականին տրված օժանդակության, կիսաթաքուն է և անուղղակի: Սրանով էլ բացատրվում է Անկարայի որդեգրած կրկնակի խաղը սահման տրամադրել-չտրամադրելու հայտարարություններով և հակասական քայլերով հատկանշվող: ԱՄՆ-ի՝ քրդերին օժանդակելու երևույթը անհարմար նկատվեց Թուրքիայի նախագահի կողմից: Բայց հարմարը ո՞րն էր: Այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարում էր, որ Քոբանիում ժողովուրդ չկա, այլ կան միայն զինվորներ և առ այդ օժանդակությունը հիմնավորված չէ. թե՞ պաշտոնապես հայտարարված, բայց ցարդ չգործադրված քուրդ զինական օժանդակության համար անցքի տրամադրումը: Անկարան իր ապահովական մղձավանջներից մեկնած այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական օրակարգի իրականացման համար խոչընդոտող դիրքի վրա, բախման կետի կիզակետին: Անկարայի այս դիրքը, թվում է, որ ավելի թանկ է արժենալու, քան Ինջիրլիկի իր ռազմակայանը տրամադրել չտրամադրելու խաղը: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1492 reads | 25.10.2014
| |